ԱՊՊԱ վնասաբերությունը 2014թ. փետրվարին կազմել է 69,4%՝ հունվարի համեմատ նվազելով 9,7 տոկոսային կետով, անցած տարվա փետրվարի համեմատ՝ 21,6 տոկոսային կետով։
Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի՝ Բոնուս-Մալուս համակարգը փոխել է վարորդների վարքագիծը, ինչը չի հաստատում ԱՊՊԱ հատուցում ստանալու դիմումների քանակը։ Այս տարվա հունվար-փետրվարին նման դիմումները 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 0,7%-ով՝ կազմելով 9,446 հազ.։
Համաձայն Ավտոապահովագրողների բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում ձևավորված առանձին տվյալների վերաբերյալ» վիճակագրական հրապարակման՝ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը 2014թ. փետրվարին կազմել է 69,4%՝ հունվարի համեմատ նվազելով 9,7 տոկոսային կետով։ Անցած տարվա փետրվարի համեմատ վնասաբերությունը նվազել է 21,6 տոկոսային կետով։
«Ինչպես և սպասվում էր, Բոնուս-Մալուս (զեղչերի և հավելավճարների) համակարգի ներդրումից հետո վարորդների վարքագիծը փոխվել է։ Տվյալ գաղափարի մասին է վկայում ԱՊՊԱ համակարգի ներկայում առկա վնասաբերության ցուցանիշը»,- նշել են Բյուրոյի մասնագետները։
Թեև միջազգային փորձը ցույց է տալիս, որ Բոնուս-Մալուս համակարգի ներդրումից հետո վարորդների վարքագծի փոփոխությունը գրեթե անխուսափելի է, երկու ամիս ժամանակահատվածը փոքր է նման եզրահանգումների համար։ Մյուս կողմից՝ վիճակագրական տվյալները այլ բանի մասին են վկայում։ Այսպես, այս տարվա հունվար-փետրվարին հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 9,446 հազ., ինչը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 0,7%-ով։ Պարզ ասած՝ վթարների քանակի ավելացումը վկայում է վարորդների վարքագծի անփոփոխ մնալու մասին։
Իհարկե, հատուցում ստանալու դիմումների մասնաբաժինը գործող ընդհանուր պայմանագրերում նվազել է 0,3 տոկոսային կետով (կազմելով 2,2%), սակայն պետք է հաշվի առնել, որ հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագրեր ունենալու փաստը ստուգվում է էլեկտրոնային տարբերակով։ Պարզ ասած՝ ապահովադիրները ներկայում ստիպված են կնքել պայմանագրեր նաև հաշվառված, բայց չշահագործվող ավտոմեքենաների համար, քանի որ պայմանագիր չունենալու յուրաքանչյուր տասն օրվա համար նշանակվում է 5 հազ. դրամ տուգանք։
ԱՊՊԱ ոլորտում վնասաբերության նվազումը մի կողմից ապահովել են չշահագործվող ավտոմեքենաները, մյուս կողմից՝ ապահովագրական ընկերությունների կողմից հատուցման չափերի վերանայումը։ Այսպես, եթե անցած տարվա հունվար-փետրվարին հատուցման միջին չափը կազմում էր մոտ 200 հազ. դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն նվազել է 7%-ով կամ մոտ 15 հազ. դրամով, և կազմել 185 հազ. դրամ։
Միայն հատուցման կրճատման հաշվին ապահովագրական ընկերությունները տնտեսել են 146 մլն դրամ։
Civilnet










