ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և Հայաստանում հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեզա Դաբան Սանչեսը, Երևան, մարտի 24։
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից մարտի 7-ին հաստատված «Երկարաձգվող ֆինանսավորում» (EFF) 38-ամսյա ծրագիրը, որի շրջանակում Հայաստանին հատկացվել է $127,6 մլն-ի վարկ (82,21 մլն SDR), կարող է վերջինը լինի, եթե իհարկե չլինեն խոշոր ցնցումներ։
Նման հայտարարություն մարտի 24-ին հնչեցրեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, Հայաստանում հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեզա Դաբան Սանչեսի հետ համատեղ ասուլիսին։ Հորթոնի խոսքով՝ խոշոր ցնցումները, օրինակ՝ Հայաստանի հիմնական առևտրա-տնտեսական գործընկեր երկրում կամ համաշխարհային տնտեսությունում կտրուկ անկումն է, ինչպիսին 2009-ին էր, կամ համաշխարհային շուկայում նավթի, մետաղների գների կտրուկ նվազումը, որոնք կարող են բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության և արտաքին հաշվեկշիռի վրա։
Ըստ Հորթոնի՝ «Երկարաձգվող ֆինանսավորում» ծրագիրն ուղղված է ինստիտուցիոնալ բարեփոխումներին ու հարկաբյուջետային ճշգրտմանը օժանդակելուն, միջնաժամկետ հեռանկարում նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը։
Հարցին, թե արդյոք ԱՄՀ-ում կարծում են, որ առաջիկա 38 ամիսներին Հայաստանի իշխանություններին կհաջողվի իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որ ԱՄՀ ֆինանսական օժանդակության կարիքն այլևս չի զգացվի, Հորթոնը նշեց, որ այս ծրագիրն ավելի շատ ուղղված է արտաքին բացասական հաշվեկշռի կրճատմանը, որը տարեցտարի նվազում է։ «Այս ծրագիրը նախորդ ծրագրի ֆինանսավորումից ավելի փոքր է, ինչը բացասական հաշվեկշռի կրճատման արդյունք է»,- ասաց Հորթոնը՝ հավելելով, թե ֆինանսական օժանդակության դադարեցումը դեռ չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող դիմել ԱՄՀ և բարեփոխումների իրականացման համար տեխնիկական օժանդակություն խնդրել։
Հարցին, թե ինչն է այս անգամ Հայաստանի իշխանություններին ստիպելու բարեփոխումներ իրականացնել, այն դեպքում, երբ բարեփոխումների իրականացումը մինչ այս էլ ԱՄՀ-ի ֆինասնավորման անբաժանելի մաս է կազմել, Հորթոնը ասաց, որ Հայաստանը անցած տարվա սեպտեմբերին դուրս է եկել միջազգային ֆինանսական շուկա ՝ թողարկելով 700 մլն դոլարի եվրաբոնդեր, իսկ միջազգային ֆինանսական շուկաներից միջոցներ ներգրավվելու համար բարեփոխումները պարզապես անհրաժեշտ են. պետք է ապահովվի մակրոտնտեսական կայունություն, այլապես ներդրողները միջոցներ չեն հատկացնի։
Civilnet











