Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 24-ին հաստատել է 21,2 մլն դոլարի վարկ` Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման 2-րդ ծրագրի համար (ՍՊԱԾ):
ՀԲ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` ծրագիրն օժանդակելու է Հայաստանի կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների հզորացմանը:
«Համալիր սոցիալական ծառայությունների մոդելի և անհատական գործերի կառավարման նոր գործելակերպի որդեգրման շնորհիվ Հայաստանը արմատապես բարելավել է սոցիալական պաշտպանության ծառայությունների գործառույթը,- ասել է Հայաստանում ՀԲ գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին: -Ծրագրի առաջնային շահառուները կլինեն սոցիալապես անբարենպաստ վիճակում հայտնված երեխաները, կանայք և տղամարդիկ, նաև տարեց մարդիկ, որոնք առնչվում են խրթին կենցաղային խնդիրների հետ և որպես կանոն մեկուսացված են աշխատաշուկայից»:
Ծրագրի շահառուների թվում են նաև գրանցված գործազուրկները և գործատուները: Ծրագրի ներքո կֆինանսավորվի մոտ 70 ծրագրերի սոցիալական նպաստների և ծառայությունների մշտադիտարկման և գնահատման ինտեգրացված համակարգը:
«Խոցելի ընտանիքները հաճախ զրկված են իրենց համար հասանելիք ծառայությունների մասին բավարար տեղեկություններից, ուստի նրանց կարիքներին համապատասխանող և կյանքի պայմանները հնարավորինս բարելավող ծառայությունների ընտրությունը առավել բարդ խնդիր է»,- ասել է ՀԲ ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Իվան Դրաբեկը:
Միևնույն ժամանակ ծրագիրը կօժանդակի Սոցիալական ապահովության պետական ծառայությանը՝ բարելավելով և կատարելագործելով վերջինիս առանցքային աշխատանքային գործընթացները:
Կստեղծվի և կշահագործվի ռիսկային չափանիշների հիման վրա գործող խարդախության և սխալների կանխարգելման էլեկտրոնային համակարգը, կբարելավվեն մարդկային ռեսուրսների կառավարման գծով կարողությունները:
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 25,5 մլն դոլար, որից 4,3 մլն-ը համաֆինանսավորման կարգով կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Համաշխարհային բանկի 21,2 մլն դոլարի վարկը կհատկացվի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) ստանդարտ պայմաններով՝ տարեկան 1,25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարվա մարման և 5 տարվա արտոնյալ ժամկետով:
Civilnet











