Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային համաժողովին, Երևան, 25-ը մարտ։
Հանքարդյունաբերությունն ապահովում է Հայաստանի հարկային եկամուտների մոտ 5%-ը (43 մլրդ դրամ)։ Եթե արտերկրում ոլորտի ընկերությունների հարկերը կազմում են թողարկման ծավալի 12%-ը, ապա Հայաստանում ցուցանիշը 18% է։ Այս մասին մարտի 25-ին մեկնարկած երկօրյա «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային համաժողովին ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանում զբաղված է 10 հազ. մարդ, ևս 10-15 հազ-ը ներգրավված են հարակից ոլորտներում։ «Արևային էներգետիկան ևս բնապահպանական խնդիրներն ունի, և այնպես չէ, որ նման խնդիրներ առաջանում են միայն ընդերքի շահագործման արդյունքում»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում օտարերկրյա ներդրումներին՝ Ավանեսյանը նշեց, որ հանքարդյունաբերությունը մեծ ռեսուրսների ոլորտ է, նման ներդրումները գնահատվում են ոչ ցանկալի, սակայն սա դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվել այս ներդրումներից և ընդերքի շահագործումից։ «Մեզ համար կարևոր է, որ ցանկացած ներդրում լինի ընդունելի, բայց պետք է հասկանալ, որ չեն կարող լինել այնպիսի ներդրումներ, որ բոլորին բավարարեն»,- ասաց նախարարը։
Ըստ նախարարի, թեև նշվում է, թե հանքարդյունաբերական ընկերությունները լուրջ շահույթներ են ստանում, բայց պետք է հաշվի առնել այն, որ ոլորտը ռիսկային է և կախված միջազգային գներից։ Այսօր խնդիրների են առերեսվել անգամ միջազգային կորպորացիաները։
Նախարարի խոսքով՝ պատասխանատու հանքարդյունաբերության հարցում չափազանց կարևոր է ոլորտային ընկերություններում կորպորատիվ կառավարման մեխանիզմների ներդրումը։ Ընկերությունների բացվելը կբերի հրապարակայնության, թափանցիկության և որպես արդյունք՝ պատասխանատվության ավելացման։
Civilnet










