Կառավարությունը քննարկում է Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի տնտեսությունում բացասական զարգացումների, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների անդրադարձի տարբեր սցենարներ, և դրանցում կան տարբեր վարկածներ, որոնք կարող են անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա կամ չանդրադառնալ, ՍիվիլՆեթին ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը։
Հարցին, թե կառավարության համար սպասելի էր այս տարվա երկու ամիսներին արդյունաբերության ոլորտում արձանագրված 4,1% անկումը, Գաբրիելյանը նշեց, որ չի կարծում, թե արդյունաբերության ոլորտի անկումը էական միտում է, որի հիման վրա այս պահին կարելի է դատողություններ անել։
«Ինչ վերաբերում է կառավարության կողմից կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշներին, ապա շուտով կառավարությունը կհաստատի հեռանկարային զարգացման ծրագիրը, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական հատվածը, որտեղ և կներկայացվեն վերջնական գնահատականները»,- նշեց Գաբրիելյանը։
Մեկնաբանելով ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հայտարարությունը, թե հիմնադրամը երեք տարուց կարող է դադարեցնել Հայաստանում ֆինանսական ծրագրերը, Գաբրիելյանը նշեց, որ գործադիրն անկախ այս հանգամանքից շարունակելու է բարեփոխումները, իսկ ԱՄՀ ներկայացուցչի հայտարարությունը պետք է դիտարկել որպես դրական երևույթ, քանի որ Հայաստանը հիմնադրամի ծրագրերի ավարտից հետո այլևս կարիք չունենա նման ծրագրերի։
«Կարելի է համարել, որ Հայաստանը ունի ֆինանսական և ինստիտուցիոնալ պաշարներ, որոնց միջոցով կարելի է այլ ճանապարհով և այլ ֆինանսական աղբյուրների միջոցով լուծել խնդիրները»,- ասաց նախարարը՝ հավելելով, թե Հայաստանը լինելով ԱՄՀ անդամ, կարող է անհրաժեշտության դեպքում օգտվել հիմնադրամի ծրագրերից։
Civilnet










