2016թ. հետո Մեծամորի ատոմակայանի շահագործումը փոխանցվելու է «Ռոսատոմին»։
Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու աշխատանքները գործադիրը պատրաստվում է ֆինանսավորել Ռուսաստանից ներգրավելիք վարկի միջոցով։ ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է։ Շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը գնահատվել է $300 մլն։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կառավարության մարտի 27-ի նիստի հաստատմանը ներկայացրել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին հավանություն տալու» որոշման նախագիծը։ Այն ֆինանսների նախարարությունը մինչև 2014թ. մայիսի 1-ը առաջարկում է միջոցներ ձեռնարկել ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:
Որոշման նախագիծը ենթադրում է, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն կլինի «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը։ Ընդ որում, 2016թ. հետո, շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում, ատոմակայանը շահագործման է հանձնվելու է «Ռոսատոմին»։
Համաձայն ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի, այս նպատակով անհրաժեշտ է լինելու ներգրավել $300 մլն-ի վարկային միջոցներ, որից $40 մլն՝ հետազոտությունների և հաշվարկային հիմնավորման աշխատանքների համար, պատվիրվելու և մատակարարվելու են $180 մլն-ի սարքավորումներ, $80 մլն ուղղվելու է աշխատանքների իրականացմանը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չի բացառել, որ ընդհանուր գնահատման ժամանակ աշխատանքների ծավալը կարող է աճել մինչև 20%-ով, գները տարեկան կտրվածքով կարող են ավելանալ 10%-ով։
Կառավարության կողմից որոշման անհրաժեշտությունը էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հիմնավորել է նրանով, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են, միևնույն ժամանակ ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը: «Երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը»,- նշել է նախարարությունը։
Ի դեպ, մինչ այս նշվում էր, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների համար կարող է պահանջվել $100-150 մլն։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ռուսական միջուկային ռեակտորով կառուցված ատոմակայանների շահագործման ժամկետը հնարավոր է երկարացնել մինչև 10 տարի, քանի որ առկա է չօգտագործված ռեսուրս: Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման որոշումը կառավարությունն ընդունել է 2012թ. ապրիլին, երբ արդեն ակնհայտ էր, որ մինչև 2016թ. վերջ միջուկային նոր էներգաբլոկ կառուցել հնարավոր չի լինի։
1060 ՄՎտ դրվածքային հզորությամբ միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար ներդրումների ծավալը գնահատվում է $5,2-7,2 մլրդ, բուն շինաշխատանքները կարող են տևել 5-7 տարի։ Կառուցման ժամկետն առաջին հերթին կապված է ֆինանսավորման աղբյուրներից։ Մինչ այժմ միայն Ռուսաստանն է պատրաստակամություն հայտնել ներդրում կատարել Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրում՝ $1 մլրդ-ի չափով ու ռեակտորի տեսքով։
Civilnet










