Գլխավոր Լրահոս

Ատոմակայանը կթանկացնի էլեկտրաէներգիան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հաշվել են, թե վերջնական սպառողի համար ինչ կարժենա Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը։

Վարկային միջոցների հաշվին Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը կարող է հանգեցնել վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ի սակագնի բարձրացման՝ տարեկան 2,7 դրամով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) հաշվել են, թե վերջնական սպառողի համար ինչ կարժենա վարկային միջոցների հաշվին ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը։ Համաձայն հաշվարկների, եթե Մեծամորի ատոմակայանի շահագործումը 2016թ. հետո երկարաձգվի 15 տարով, իսկ աշխատանքների իրականացման համար $310 մլն վարկային միջոցները ներգրավվեն 15 տարի մարման ժամկետով և Libor+4% տոկոսադրույքով, ապա արտադրած էլեկտրաէներգիայի միադրույք հաշվարկային սակագինը մարման ժամկետի յուրաքանչյուր տարվա համար կավելանա 6,08 դրամ/կՎտժ-ով: Ներկայում ՀԱԷԿ-ի կողմից արտադրված 1 կՎտ/ժ-ի սակագինը 6 դրամ է, հզորության ամսական վճարը՝ 4,4 հազ. դրամ/կՎտ։ Այս փոփոխությունը վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա կազդի 2,7 դրամ/կՎտժ-ով: Այժմ բնակչության համար 1 կՎտ/ժ-ի սակագինը 38 դրամ է։

Վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի աճը կարող է շատ ավելին լինել, քանի որ ՀԾԿՀ-ն հաշվարկներում չի ներառել սակագնում մյուս գործոնների փոփոխության հնարավորությունը։ Պարզ ասած, ընդունվել է, որ շահագործման հավելյալ ժամկետում միջուկային վառելիքի գների կամ աշխատավարձերի փոփոխություն տեղի չի ունենա, ինչը, գոնե աշխատավարձերի մասով, քիչ հավանական է։

Ուշագրավ է, որ ՀԾԿՀ-ն հաշվարկներում նշել է ներգրավվող վարկային միջոցների հստակ տոկոսադրույք։ Արդեն իսկ հայտնի է, որ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները պետք է իրականացվեն Ռուսաստանից ներգրավվելիք վարկային միջոցներով, թեև այս մասին հրապարակային հայտարարություններ դեռ չեն հնչում։

Այդուհանդերձ, ՍիվիլՆեթին ֆինանսների նախարարությունից ասացին, որ Ռուսաստանից ներգրավվող վարկային միջոցների պայմանները հստակեցված չեն, հայտնի է միայն, որ տոկոսադրույքը չի լինելու լողացող և փոխկապակցված չի լինելու Libor-ի հետ (12-ամսյա Libor տոկոսադրույքը մարտի 25-ի դրությամբ 0,56% է)։ Պարզ չէ, թե ինչու է ՀԾԿՀ-ն հաշվարկներում հիմնվել Libor+4% տոկոսադրույքի վրա, առավել ևս, որ Հայաստանը նման պայմաններով միջոցներ երբևիցե չի ներգրավել։

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման (դիտարկվելու է երկու տարբերակ՝ 10 և 15 տարով) հարցում մտահոգիչ է նաև ոչ միայն այն, որ աշխատանքներն իրականացվելու են պետության կողմից ներգրավվող թանկ փողերով, այլև հանգամանքը, որ 2016-ից ատոմակայանի շահագործումը հանձնվելու է ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիային։

Արդյունքում ռուսական վարկը մի կողմից ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ճանապարհով վերադառնալու է Ռուսաստան (կապալառուն լինելու է «Ռոսատոմի» դուստր «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը), մյուս կողմից՝ շահագործումից ստացվող եկամուտների մի մասը տնօրինելու է «Ռոսատոմը», իսկ վարկի մարումը դրվելու է վերջնական սպառողների ուսերին։

Եթե վարկային միջոցները ներգրավվելու են պետական մակարդակով և դրանց վերադարձը ևս երաշխավորվելու է կառավարության կողմից, ապա անհասկանալի է ՀԱԷԿ-ը «Ռուսատոմին» կառավարման հանձնելու մղումը, եթե հաշվի առնենք, որ հայկական կողմը ատոմակայանի կառավարման երկարամյա փորձ ունի։ Հայկական ԱԷԿ-ի կառավարումը 2003թ. գործադիրը 10 տարով փոխանցել էր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, սակայն 2011թ. հայկական կողմը վաղաժամ դադարեցրեց պայմանագիրը, և ներկայում ատոմակայանը կառավարում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում