Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են ցանկացած զարգացման՝ կապված Սիրիայում թուրքական տարածքի հետ, որտեղ գտնվում է երկրի համար խորհրդանշական կարևորություն ունեցող՝ Սուլեյման Շահի դամբարանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 26-ին տեղի ունեցած հեռուստահարցազրույցում:
Նրա խոսքով՝ թուրքական զորքերը պատրաստ են տարածքում ցանկացած՝ անգամ բացասական զարգացման, եթե նույնիսկ դա տեղի ունենա ընտրությունների օրը [մարտի 30-ին Թուրքիայում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները - ՍիվիլՆեթ]:
«Մենք՝ որպես կառավարություն, պատասխանատու ենք մեր երկրի ազատության համար»,- Anadolu գործակալության հաղորդմամբ՝ ասել է Դավութօղլուն:
Հալեպի Մանբիջ շրջանում՝ թուրքական սահմանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սուլեյման Շահի դամբարանը [Օսմանյան բեյլիքի (1299) հիմնադիր Օսման բեյի պապը - ՍիվիլՆեթ] և դրան հարող տարածքը Թուրքիայի միակ էքսկլավն է, որը պաշտպանվում է թուրքական զորքերի կողմից, գրել է Today’s Zaman-ը:
«Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամական արմատական խմբավորումը, որը դամբարանի մերձակայքում մարտնչում է հակակառավարական «Սիրիայի ազատ բանակի» դեմ, ավելի վաղ պահանջել էր, որ թուրքական զորքերը դուրս բերվեն տարածքից:
Սուլեյման Շահի դամբարանի թեմային անդրադարձել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Որոշ երկրներ իրենց մայր հայրենիքից դուրս հողեր ունեն: Դրանք իրենց սեփական տիրույթներն են: Դա էլ մեր մայր հայրենիքից դուրս գտնվող եզակի հողակտորն է: Այդ պատճառով էլ այնտեղ ծածանվում է Թուրքիայի դրոշը: Մենք կպաշտպանենք ինչպես մեր մայր հայրենիքը, այնպես էլ այդ հողակտորը: Ցանկանում եմ, որ բոլորը դա իմանան»,- Zaman-ի հաղորդմամբ՝ ասել է Գյուլը:
Իր հերթին Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասել է, որ դամբարանի դեմ ցանկացած բռնի գործողության դեպքում «Թուրքիան, անշուշտ, կանի անհրաժեշտ ամեն բան»:
«Միջազգային համաձայնագրերի համաձայն՝ դա մեր տարածքն է: Ցանկացած հարձակում այդ տարածքի վրա կնշանակի հարձակում Թուրքիայի վրա»,- հայտարարել է Էրդողանը:
Հեռուստահարցազրույցի ժամանակ Ահմեդ Դավութօղլուն խոսել է նաև մարտի 23-ին սիրիական ռազմական ինքնաթիռի ոչնչացման մասին և նշել, որ սիրիական օդանավը ռմբակոծել էր Լաթաքիայի՝ թուրքմեններով բնակեցված Բայիր-Բուջաք շրջանը:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Սիրիան ներկայում բաժանված է տարբեր խմբավորումների միջև, որոնք վերահսկում են երկրի տարբեր շրջաններ: Ապստամբներն ի վիճակի չեն եղել գրավել կամ գրաված պահել երկրի հյուսիսային շրջանները, ինչպես նաև Միջերկրականի ալևիաբնակ ծովեզերքը:
Թուրքական սահմանի կողմից Սիրիայի հյուսիսի վրա այս հարձակումը հնարավոր է՝ փորձ է դիրքավորվելու հյուսիսում՝ Քեսապի շրջանում, հետագայում ծովեզրյա շրջանի վրա հարձակման անցնելու համար։ Թուրքիան փաստացի ցուցադրում է, որ թույլ չի տալիս սիրիական օդանավերին սավառնել երկու երկրների ընդհանուր սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ: Թուրքիայի կողմից սիրիական օդանավի տապալումը այդ քաղաքականության վկայությունն է: Սիրիան Թուրքիայի գործողությունները որակել է ռազմական ագրեսիա։
Մարտի 26-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքել է Սիրիայի հայկական Քեսապ ավանի և շրջակա գյուղերի վրա իրականացված հարձակման ժամանակ Թուրքիայի տարածքն օգտագործելու և Թուրքիայի կողմից զինյալներին օժանդակություն ցուցաբերելու մասին պնդումները՝ դրանք որակելով «անհիմն և սխալ»:
Civilnet










