Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը տարվա կտրվածքով արդյունաբերության 7% աճ է ակնկալում։
Արդյունաբերության ոլորտի մարտյան ցուցանիշները նույնպես հուսադրող չեն լինի, մարտի 27-ի կառավարության նիստին հաջորդած ասուլիսում նշեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով, իր համար սպասելի էր արդյունաբերության ոլորտում այս տարվա հունվար-փետրվարին արձանագրված անկումը (Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 4,1%), ինչը պայմանավորված էր հանքարդյունաբերության և սննդի արդյունաբերության ոլորտներում արձանագրված նվազումով։ Նախարարի համար այս երկու ճյուղերում նվազումը նույնպես սպասելի է եղել, հաշվի առնելով որոշակի տատանողականության առկայությունը, մասնավորապես՝ որոշ ձեռնարկությունների աշխատանքի պլանային դադարեցումը։ Նախարարը ուշադրություն հրավիրեց նաև 2013թ. բազայի գործոնի վրա (2013թ. հունվար-փետրվարին արդյունաբերության ոլորտում արձանագրվել էր 16% աճ)։
Ըստ Ավանեսյանի, թեև տարեսկզբին արդյունաբերությունում արձանագրվել է անկում, տարվա կտրվածքով ոլորտի աճը կկազմի 7%, սննդի արդյունաբերության ճյուղում՝ 5%։
Դիտարկմանը, թե Համաշխարհային բանկը կտրուկ վերանայել է Ռուսաստանի տնտեսական աճի ցուցանիշը, չբացառելով անգամ մինչև 1,8% անկումը, և Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում արդյոք ճշգրտել տնեսական աճի իր կանխատեսումը (2014թ. բյուջեի հիմքում դրված է 5,2% ցուցանիշը), Ավանեսյանը նշեց, որ վերջին շրջանում ինքը բազմիցս խոսել է Ռուսաստանի տնտեսությունում բացասական զարգացումների հնարավոր ռիսկերի մասին։ «Եթե Ռուսաստանում տնտեսական վիճակը վատթարանա, ապա դա իր արտացոլումը կգտնի նաև Հայաստանում»,- ասաց Ավանեսյանը։
Civilnet










