Կառավարությունը նախատեսում է մինչև 2017թ. ստեղծել շուրջ 60 հազ. բարձր արտադրողական և բարձր վարձատրվող աշխատատեղ։
Կառավարությունը ծրագրում է, որ մինչև 2025թ. Հայաստանում աղքատության մակարդակը կնվազի 2,5 անգամ՝ մինչև 13%, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կավելանա մոտ 3 անգամ՝ կազմելով $9,42 հազ.։
Մարտի 27-ի նիստում կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ.-ի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը»։ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նիստին հաջորդած ասուլիսում նշեց, որ ծրագրի պատրաստումը մեկնարկել է 2011թ., այն քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ։
Նախարարի խոսքով՝ զարգացման ռազմավարության գերխնդիրը բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության շարունակական ավելացումն է։ «Երկրի զարգացման ներկա փուլի առանձնահատկություններից ելնելով՝ որակյալ և բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով զբաղվածության ընդլայնումը հռչակված է որպես ծրագրի հիմնական նպատակ»,- ասաց Ավանեսյանը։ Ըստ նախարարի՝ 2025թ. Հայաստանում աղքատության մակարդակը կկազմի 13% (2012թ.աղքատության մակարդակը 32,4% էր): Նախատեսվում է, որ մինչև 2017թ. կստեղծվի շուրջ 60 հազ. բարձր արտադրողական և բարձր վարձատրվող աշխատատեղ։
Նախարարը նշեց, որ ծրագրում ամրագրված մակրոտնտեսական ցուցանիշները ոչ թե կանխատեսումներ են, այլ նպատակային ցուցանիշներ, որոնք պետք է ձգտել ապահովել։ Այս փաստաթուղթը, ըստ էության, զարգացման բազային սցենար է, որի հիման վրա կազմվելու են ոլորտային ու միջնաժամկետ ծախսային ծրագրեր, պլանավորվելու է բյուջեն։ «Ծրագիրն առանձին ոլորտներին առնչվող մանրամասներ չի ներառում, սակայն բավարար ուղենիշեր է ապահովում ոլորտային ծրագրերի մշակման ժամանակ ընդհանուր տրամաբանությամբ առաջնորդվելու համար: Փաստաթղթի բաժիններում և ենթաբաժիններում ոլորտային քաղաքականությունները համաչափ մանրամասնությամբ և ընդգրկունությամբ չեն ներկայացված, ինչը հիմնականում պայմանավորված է առանձին ոլորտների յուրահատկություններով»,- ասաց նախարարը։
Հարցին, թե ծրագրում հաշվի առնվել է արդյոք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները, Ավանեսյանը նշեց, որ հաշվի չի առնվել։ «Հնարավոր չէ ամեն ինչ կանխատեսել, ծրագիրը կազմվել է հաշվի առնելով բոլոր ռիսկերը»,- նշեց նախարարը։ Ըստ նրա՝ որոշ ցուցանիշներ դեռ ճշգրտվելու են։
Հիշեցնենք, որ 2008թ. կառավարությունը հաստատել էր «Կայուն զարգացման ծրագիրը»՝ մինչև 2021թ., որն այդպես էլ կյանքի չկոչվեց՝ 2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով։ Այլ կերպ ասած, նախանշվող նպատակային ցուցանիշների ապահովումը դարձավ անիրատեսական։
Համաձայն նոր ծրագրի, առաջիկա տասներկու տարիներին տնտեսությունը կշարունակի զարգանալ կայուն տեմպերով՝ տարեկան ապահովելով 5,5-6,5% տնտեսական աճ, ներդրումների մասնաբաժինը աճի միտում կունենա՝ կայունանալով 28-29%-ի մակարդակում։ Բացի այդ, ապրանքների և ծառայությունների հաշվեկշռի բացասական մնացորդը ՀՆԱ-ի նկատմամբ աստիճանաբար կնվազի՝ 2012թ. արձանագրված 23,8%-ի փոխարեն 2025-ին կազմելով շուրջ 4,4%։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2025թ. կարող է կազմել $9,42 հազ., 2012թ. $3,3 հազ-ի փոխարեն։
Civilnet











