Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյան։
Հայաստանյան բջջային օպերատորների բաժանորդներն այսուհետ անգամ ծածկույթի բացակայության պայմաններում կարող են զանգահարել արտակարգ պատահարների արագ արձագանքման 911 և 112 ծառայության հեռախոսահամարներին: Այս մասին մարտի 31-ին կայացած ասուլիսին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը։
Ըստ Արաբաջյանի՝ այս ծառայության համար հեռախոսներում հատուկ կարգավորումների կարիք չի լինի, պարզապես պետք է հավաքել նիշերը և սեղմել զանգի կոճակը։ «Հանրային շարժական կապի ծածկույթի ընդլայնման, տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև, արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության արդյունավետության բարձրացմանն աջակցելու աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»,- նշեց Արաբաջյանը։
Անդրադառնալով շարժական հեռախոսակապի ծառայությունների ծածկույթին, Արաբաջյանը նշեց, որ այսօր հանրապետության բոլոր բնակավայրերում առկա է բջջային ծածկույթ։ Բնակավայրերի 68,5%-ում հասանելի են բոլոր երեք օպերատորների ծառայությունները, 23%-ում՝ երկու օպերատորներինը և միայն բնակավայրերի 8,5%-ում է ներկայացված մեկ օպերատոր։ Միջպետական ավտոճանապարհների մոտ 97%-ն ապահովված են առնվազն մեկ օպերատորի ծածկույթով։
Ըստ Արաբաջյանի, բջջային օպերատորները պաշտոնական կայքերում և սպասարկման կենտրոններում պետք են հրապարակեն այն բնակավայրերի ցանկը, որոնցում հասանելի են իրենց ծառայություններն ու ծառայության մատուցման տեխնոլոգիան, ինչպես նաև այն բնակավայրերի ցանկերը, որոնցում իրենց ծառայությունները հասանելի չեն։
Civilnet










