Գլխավոր Լրահոս

Ապրիլի 1-ից կգործարկվի MNP-ն

Ապրիլի 1-ից բջջային բաժանորդները կկարողանան ազատորեն փոխել օպերատորին՝ պահպանելով հեռախոսամարը։

Ապրիլի 1-ից բջջային բաժանորդները կկարողանան ազատորեն փոխել օպերատորին՝ պահպանելով հեռախոսամարը։ Օպերատորներն էլ պարտավոր կլինեն ապակոդավորել հեռախոսներն ու պլանշետները՝ ապահովելով դրանց աշխատանքը մյուս ցանցերում։

Ապրիլի 1-ից բջջային բաժանորդներին հասանելի կլինի շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը (MNP), որը հնարավորություն է տալիս փոխել օպերատորին՝ պահպանելով գործող հեռախոսահամարը։ Մարտի 31-ին կայացած ասուլիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը նշեց, որ հեռախոսահամարների տեղափոխման գործընթացն իրականացվելու է առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ներդրված տեխնոլոգիան այնպիսին է, որ դեպքերի 95%-ում օպերատորին հնարավոր կլինի փոխել մեկ օրվա ընթացքում։

Բջջային օպերատորին հնարավոր կլինի փոխել դիմում ներկայացնելով միայն նախընտրելի օպերատորին, բաժանորդի համար տեղափոխելիությունն անվճար է։ Բաժանորդները կկարողանան են օգտվել այս ծառայությունից տարեկան առավելագույնը երկու անգամ։ Տեխափոխելիության նման սահմանափակումը Արաբաջյանը պայմանավորեց տեխնիկական խնդիրներով՝ ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, առկա են բաժանորդներ, որոնք անընդհատ մեկ օպերատորից մյուսն են տեղափոխվում, ինչը ծանրաբեռնում է հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազան։

Թե որքան գումար են ծախսել բջջային օպերատորները MNP ծառայության ներդրման համար, ըստ Արաբաջյանի, կոմերցիոն գաղտնիք է։ Հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազայի մատակարար կազմակերպության մրցույթը կազմակերպել է երեք օպերատորների կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը և ճիշտ կլինի, որ վերջինս էլ ներկայացնի այդ տվյալները։

Հարցին, թե կան արդյոք նախնական գնահատումներ, թե որքան մարդ կօգտվի այս ծառայությունից, Արաբաջյանը, մեջբերելով վերջերս MNP ներդրած երկրների փորձը, նշեց, որ բաժանորդների հոսունությունը չի գերազանցում ընդհանուր բազայի 1,5%-ը։

Ըստ Արաբաջյանի՝ Հանձնաժողովը հետևելու է, որ բջջային օպերատորները դեմպինգի կամ ոչ մրցակցային քայլերի չդիմեն։ «Այլ երկրների փորձից երևում է, որ որոշ երկրներում օպերատորները չհիմնավորված գովազդային ծախսեր են կատարել, սակագնային դեմպինգ են իրականացրել, արդյունքում տեղի է ունեցել շուկայի սեղմում, օպերատորների եկամուտների կրճատում։ Նման գործողություններից չի շահել ոչ մեկը»,- ասաց Արաբաջյանը։

Հանձնաժողովի կողմից կանոնակարգվել է նաև հանրային շարժական կապի հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ծառայությունը: Այսուհետ օպերատորները պարտավոր են լինելու ապակոդավորել բաժանորդներին վաճառված սարքավորումները։ Եթե բաժանորդին վաճառվել է որոշակի ժամկետով և պայմաններով կոդավորված սարք, ապա ապակոդավորումն օպերատորն իրականացնելու է բաժանորդի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում, առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այն սարքավորումները, որոնց ապակոդավորումը արտադրողի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր չէ իրականացնել, օպերատորի կողմից պետք է ապահովվի առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Օպերատորները պետք է ապակոդավորեն նաև իրենց մոտ վաճառվող սարքավորումները։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012թ. դեկտեմբերի 14-ի և 2013թ. հուլիսի 17-ի որոշումների համաձայն՝ MNP համակարգը պետք է գործարկվեր 2014թ. հունվարի 1-ից, սակայն օրենսդրական և տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ ներդրումը հետաձգվեց երեք ամսով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում