Անգամ ճգնաժամային 2009թ. օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանում ավելի մեծ է եղել, քան 2013-ին։
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ 2013թ. տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումները կրճատվել են 20,5%-ով՝ կազմելով $597,4 մլն, որից ուղղակի ներդրումները՝ $271,2 մլն՝ նվազելով 52,2%-ով։ Համեմատության համար՝ օտարերկրյա ներդրումները կրճատվել էին 2012թ. ևս՝ 7,9%-ով, ուղղակի ներդրումների ծավալը նվազել էր 10,1%-ով: Ընդ որում, ճգնաժամային 2009թ. օտարերկրյա ներդրումների ծավալն ավելի մեծ էր, քան 2013-ին։ Ճգնաժամային տարում տնտեսության իրական հատված ուղղվել է $935,5 մլն-ի օտարերկրյա ներդրում, որից ուղղակի ներդրումները կազմել են $732,1 մլն։
Օտարերկրյա ներդրումների ծավալի կրճատումը կարող էր էլ ավելի մեծ լիներ, եթե չլինեին օֆշորային միջոցները։ Այսպես, անցած տարի Վիրջինյան կղզիներից ներդրումներն ավելացել են միանգամից 71,2 անգամ՝ կազմելով մոտ $30 մլն, կիպրոսյան ներդրումներն աճել են 11,5 անգամ՝ մինչև $76,5 մլն։ Ուշագրավ է Ֆինլանդիայից ներդրումների 3,5 անգամով աճը (մոտ $20 մլն)։
Վիրջինյան ներդրումների գրեթե ողջ ծավալն ուղղվել է շենքերի շինարարության ոլորտ։ Կիպրոսյան ներդրումները հոսել են մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ։ Ֆինլանդիայից ներդրումների ողջ ծավալն ուղղվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման բնագավառ։
Հայաստանի տնտեսությունում «ավանդական» ներդրող երկրներից 2013թ. ներդրումներն ավելացրել է միայն Արգենտինան. ներդրվել է $118 մլն (աճը 2,2 անգամ)։ Արգենտինյան ներդրումների $108 մլն-ը ուղղվել է օդային տրանսպորտի, իսկ $8,4 մլն-ը՝ գյուղատնտեսության ոլորտ։ Ներդրումների ուղղությունները հուշում են, որ դրանք կատարել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։
Անցած տարի Ռուսաստանից ներդրումների ծավալը կրճատվել է 29,7%-ով՝ կազմելով $86 մլն, Ֆրանսիայից ներդրումները կրճատվել են 57%-ով՝ մինչև $99 մլն, Կանադայից՝ 49,8%-ով՝ կազմելով $53,6 մլն, Գերմանիայից՝ 54%-ով՝ մինչև $22 մլն։
Ռուսական ներդրումների ծավալը կարող էր աճել, եթե «Գազպրոմը» և Հայաստանի կառավարությունը անցած տարի ավարտեին «ՀայՌուսգազարդի» 20% բաժնետոմսերի առքուվաճառքի $150 մլն-ի գործարքը։ Թեև Ազգային ժողովը «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին համաձայնագիրը վավերացրեց դեկտեմբերի 23-ին, առուվաճառքի պայմանագիրը Մոսկվայում ստորագրվեց 2014թ. հունվարի 16-ին։
Լուսանկարը` Gov.am-ից
Civilnet











