Գլխավոր Լրահոս

Հարկային պաշտոնյաների հարազատները զբաղվում են ձեռնարկատիրությամբ. օմբուդսմեն

Հարկային պաշտոնյաների հարազատները զբաղվում են ձեռնարկատիրությամբ. օմբուդսմեն

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2013թ. տարեկան զեկույցի` Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գործունեության ոլորտում մարդու իրավունքների վիճակի մասին հատվածը:

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Ստվերային գործունեության վերաբերյալ ՊԵԿ-ն ուսումնասիրել է 225 դեպք, որոնցից միայն 25-ով են հարուցվել քրեական գործեր, քանի որ եղած գործերի 89% քննել է մակերեսորեն: Արդյունքում ստվերային տնտեսության ցուցանիշը տարիներ շարունակ չի փոփոխվել՝ կազմելով շուրջ 35-40%:

• Հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները՝ ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը, եղբայրները,  միաժամանակ զբաղվել են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյունքում, այդ անձինք անօրինական առավելություններ են ստացել միևնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ:

• ՊԵԿ-ը գործարարների նկատմամբ կայացրել է չափազանց մեծ քանակի՝ 5712 հարկային արգելանքի որոշումներ՝ առանց սպառելու սահմանափակման այլ միջոցները, ինչպես օրինակ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր: Ընդ որում, գործարարների գույքի և ամբողջ դրամական միջոցների վրա դրված արգելանքը զգալիորեն գերազանցել է հարկային պարտքի չափը: Արդյունքում գործարարները տևական ժամանակով զրկվել են թե իրենց բանկային հաշիվները, թե գույքը տնօրինելու հնարավորությունից:

• Օրենսդրական բացի հետևանքով ՊԵԿ-ին տրվել է հայեցողություն՝ տուգանքը կիրառել ոչ միայն խախտումը կատարելու, այլև այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Արդյունքում, ՊԵԿ-ը, ոչ բարեխղճորեն օգտագործելով իրեն տրված հայեցողությունը, մի դեպքում մարդկանց ենթարկել է պատասխանատվության, մյուս դեպքում՝ ոչ:

• Մի շարք դեպքերում ՊԵԿ-ը նույն արարքի համար գործարարներին ենթարկել է և վարչական, և հարկային պատասխանատվության՝ խախտելով նույն արարքի համար կրկին չպատժվելու Սահմանադրության սկզբունքը:

• «Շրջանառության հարկի մասին» օրենքում կիրառվող «անձ» հասկացության ոչ  հստակ մեկնաբանության արդյունքում գործարարները ստիպված են եղել վճարել թե´ ԱԱՀ-ի գումարները և թե´ շրջանառության հարկը՝ տույժերով ու տուգանքներով: Նշվածի հետևանքով գործարարները կրել են լուրջ ֆինանսական վնասներ, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ:

• Նոր հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդնումը իրականացվել է մի շարք թերություններով՝ ՀԴՄ-ների գները չեն եղել մատչելի, նրանց տեխնիկական սպասարկումը եղել է թերի, գործարարների և այլ շահագրգիռ անձանց հետ նոր ՀԴՄ-ների վերաբերյալ պատշաճ քննարկումներ չեն կազմակերպվել:

• ՊԵԿ-ը չի ներկայացրել որևէ մատչելի փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինեն ապրաքների և մեքենաների մաքսային արժեքները և դրանց որոշման կանոնները: Արդյունքում մարդիկ հնարավորություն չեն ունեցել կանխատեսելու իրենց գնած ապրանքների կամ մեքենաների մաքսազերծման գումարի չափը և դրա որոշման կարգը: 

Արձանագրված դրական զարգացումները

 • «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված «անձ» եզրույթի օրենսդրական հստակեցման նպատակով մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության է ներկայացվել մի շարք նախագծերի փաթեթ:

• ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվել են հարկային և մաքսային ծառայողների բոլոր հիմնական մասնագիտական խմբերի (հարկ վճարողներին սպասարկող անձնակազմ, ստուգումներ, իրավաբաններ, օպերատիվ հետախուզական անձնակազմ, ՏՏ մասնագետներ և այլն) գծով նախապատրաստական և վերապատրաստման դասընթացներ, որի շրջանակներում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 4073 ունկնդիր:

• Միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ողջ տարածքում բացօթյա վայրերում խաղային ավտոմատների միջոցով ծխախոտի խաղարկություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերման և նրանց նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցների կիրառման ուղղությամբ: 

Առաջարկություններ

• Արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու ստվերային տնտեսության ցուցանիշները, ինչպես օրինակ՝ լիբերալիզացնել հարկային քաղաքականությունը, վերանայել օրենսդրական ոչ հստակ կարգավորումները և բացերը:

• Հետևողական լինել՝ կանխելու հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը: Միաժամանակ, մշակել հարկային ծառայության և մաքսային ծառայության մասին ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու նախագծեր, որոնց նպատակը կլինի սահմանել հարկային և մաքսային ծառայողների համար «շահերի բախում» եզրույթը:

• Հետևողական լինել՝ պահպանելու Սահմանադրական դատարանի որոշումները, մասնավորապես՝ հարկային արգելանք կիրառել միայն այն դեպքերում, երբ սպառվել են հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցները, օրինակ` տույժեր, կրկնապատկվող տույժեր:

• Օրենսդրորեն հստակեցնել վարչական խախտումները որպես շարունակվող և/կամ տևող որակելու չափանիշները՝ այդ կերպ կանխատեսելի դարձնելով համապատասխան կարգավորումները և կանխելով հնարավոր տարբերակված մոտեցումները և ոչ միասնական պրակտիկան:

• Օրենսդրորեն նախատեսել հստակ կարգավորումներ, որոնց արդյունքում գործարարները նույն արարքի համար (օրինակ՝ սահմանված ժամկետներում հարկերը չվճարելը) չեն ենթարկվի միաժամանակ և վարչական, և հարկային պատասխանատվության:

• Արդյունավետ մեթոդներ կիրառել՝ կանխարգելելու մաքսային և հարկային հանցագործությունների դեպքերը:

• Հետևողական գտնվել, որպեսզի օրենսդրորեն հստակեցվի «Շրջանառության հարկի մասին» օրենքում կիրառվող «անձ» հասկացությունը:

• Միջոցներ ձեռնարկել՝ կարգավորելու նոր հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման արդյունքում արձանագրված թերությունները:

• Բավարար միջոցներ ձեռնարկել կանխատեսելի և թափանցիկ դարձնելու ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի որոշման կանոնների կիրառումը, ինչի արդյունքում անձինք հնարավորություն կունենան իմանալ, թե իրենց գնած ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսազերծման գումարի չափը ինչպես է որոշվելու և որքան է կազմելու:

• Միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշման կրկնօրինակի տրամադրումը տնտեսվարող սուբյեկտին՝ ապահովելու համար վերջինիս կողմից այդ ակտի բողոքարկման սահմանադրական իրավունքը: Միաժամանակ, այն դեպքերում, երբ համապատասխան որոշումը չի տրամադրվի, պատասխանատվության միջոցներ կիրառել այդ պաշտոնյաների նկատմամբ: 

Հրապարակվել են նաև օմբուդսմենի զեկույցի` կրթության և գիտության, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության նախարարություններին վերաբերող հատվածները: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում