2014թ. մարտին 12-ամսյա գնաճի կտրուկ նվազում է տեղի ունեցել. մարտին գնաճը կազմել է 3,8%՝ գտնվելով թիրախային ցուցանիշի (բյուջեի հիմքում դրվել է 4±1,5% տարեկան գնաճ) թույլատրելի միջակայքում։ Փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել էր 4,6%, իսկ հունվարին՝ 5,5%։ Մարտին գնաճի նահանջը հիմնականում պայմանավորված է անցած տարվա բազայով։ Եթե 2013թ. մարտին ամսական կտրվածքով արձանագրվել էր 0,4% գնաճ, ապա այս տարվա մարտին ամսական կտրվածքով արձանագրվել է 0,4% գնանկում։
Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2014թ. հունվար-մարտին» հրապարակման համաձայն՝ մարտին տարեկան կտրվածքով պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները աճել են 1,7%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 2,4%-ով, իսկ ծառայությունների սակագները` 8,6%-ով։
Մարտին ամսական կտրվածքով սպառողական շուկայում արձանագրվել է 0,4% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,8%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0,3% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մարտին գնաճի նահանջին հիմնականում նպաստել են ամսական կտրվածքով գյուղատնտեսական ապրանքների գների նվազումը։ Այսպես, 2014թ. մարտին բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում կենդանական և բուսական յուղերի, ձկնամթերքի ապրանքախմբում ամսական կտրվածքով գների նվազումը կազմել է 6,2-1%:
Վիճակագիրներն արձանագրել են, որ մարտին տարեկան կտրվածքով կենդանական և բուսական յուղերի գները նվազել են 3,7%-ով, մսամթերքն էժանացել է 1,4%-ով: Կաթնամթերքի գներն աճել են 10%-ով, ձվի միջին գինը մարտին տարեկան կտրվածքով աճել է 8,5%-ով, իսկ ձկնամթերքինը՝ 7,1%-ով։
Civilnet











