Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2013թ. տարեկան զեկույցի` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) գործունեության ոլորտում մարդու իրավունքների վիճակի մասին հատվածը: Ըստ օմբուդսմենի` ՏՄՊՊՀ-ից կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, «ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձևավորմանը»:
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետևանքով միևնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի հիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքում՝ Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձևավորմանը:
• Առկա են եղել դեպքեր, երբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել խոշոր գերիշխող դիրք ունեցող գործարարների նկատմամբ, սակայն որևէ խախտում չի հայտնաբերել: Օրինակ՝ 2013 թվականի միայն առաջին եռամսյակում իրացված շաքարավազի 99,8%-ը բաժին է հասել «Ալեքս Գրիգ» ընկերությանը, սակայն, ըստ Հանձնաժողովի, դա գերիշխող դիրքի չարաշահում չի հանդիսացել:
• Չնայած հնչել են բազմաթիվ հրապարակային բողոքներ ձկնաբուծության և ձկան կերի շուկայում որոշ գործարարների գերիշխող դիրքի վերաբերյալ, այդուհանդերձ, Հանձնաժողովն այդ շուկայում ընդհանրապես ուսումնասիրություններ չի կատարել:
• Իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայության մթնոլորտում, Հանձնաժողովի կողմից հայտնաբերվել է ընդամենը մեկ դեպք, երբ խոչընդոտվել է նոր գործարարների շուկա մուտք գործելը:
• Հանձնաժողովը, ունենալով օրենքով նախատեսված հնարավորություն, որևէ քայլ չի նախաձեռնել մանրածախ առևտրի ոլորտում ընկերությունների ոչ անհրաժեշտ միացման դեպքերը զսպելու ուղղությամբ:
• Շարունակում է ցածր մնալ Հանձնաժողովի նկատմամբ հասարակության վստահությունը, ինչի մասին են վկայում Հանձնաժողովին ներկայացրած ընդամենը 68 բողոքները:
Արձանագրված դրական զարգացումները
• Բարելավվել են տեղական մրցակցության ուժգնության և հակամենաշնորհային քաղաքականության ցուցանիշները:
• 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մրցակցային օրենսդրության ենթադրյալ խախտումների կապակցությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել է 165 վարչական վարույթ և վարչական վարույթների արդյունքում ընդունվել է շուրջ 200 վարչական ակտ:
• Հանձնաժողովը մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր:
Առաջարկություններ
• Միևնույն կամ համանման խախտման տուգանքի չափը որոշելիս՝ բացառել տարբերակված մոտեցումները և հստակեցնել Հանձնաժողովի չափազանց լայն հայեցողությունը:
• Խոշոր գերիշխող դիրք ունեցող գործարարների նկատմամբ վարույթ հարուցելու դեպքերում իրականացնել բազմակողմանի և լրիվ վարչարարություն:
Միաժամանակ որևէ խախտում չհայտնաբերելու դեպքերում, հանրությանը ներկայացնել նման որոշումների հիմնավորումները:
• Մանրամասն ուսումնասիրել ձկնաբուծության և ձկան կերի ոլորտում մրցակցության օրենսդրության պահանջների խախտման և մենաշնորհային դիրքի չարաշահման ահազանգերը և հնարավոր դեպքերը:
• Հետևողականություն ցուցաբերել նոր գործարարների շուկա մուտք գործելու խոչընդոտման դեպքերի վերհանման և կանխման ուղղությամբ:
• Հաշվի առնելով Հանձնաժողովի օրենքով սահմանված լիազորությունը՝ ընդունել համապատասխան կարգեր մանրածախ առևտրի ոլորտում համակենտրոնացման զսպման ուղղությամբ:
• Քայլեր ձեռնարկել հասարակության կողմից Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկացվածության և վստահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
• Ապահովել գերիշխող դիրքի չարաշահման բոլոր դեպքերի լուսաբանումը:
Հրապարակվել են նաև օմբուդսմենի զեկույցի` կրթության և գիտության, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության նախարարություններին, Պետական եկամուտների կոմիտեին վերաբերող հատվածները:
Civilnet











