«Հայաստան» համահայկական հիմնադրամը քեսապահայերին աջակցելու նպատակով հատուկ հաշվեհամար է բացել, ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Հիմնադրամի հրապարակած կոչում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, վերջին օրերին մենք վկա ենք Քեսապի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ:
Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ և սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին բարոյական և մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը: Բացվել է հատուկ հաշվեհամար այդ նպատակով: Մենք կոչ ենք անում ձեր նվիրատվություններն ուղղել այդ հաշվեհամարին: Մեր պարտքն է գոնե փոքր չափով մեղմել մեր հայրենակիցների ցավն ու կորուստները:
Ողբերգությունը, որը դեռ շարունակվում է, միայն Քեսապի հայերինը չէ: Հարվածն ուղղված է ողջ հայությանը: Սա բոլորիս հարցն է և բոլորիս մարտահրավերը»:
Հիմնադրամը տեղեկացնում է, որ նվիրատվությունները կարող են ուղղվել «Արդշինինվեստբանկում» բացված հետևյալ հաշվեհամարներին`
247010003090 (ՀՀ դրամ)
247010003090/0001 (ԱՄՆ դոլար)
SWIFT: ASHBAM22
Civilnet











