Ասիական զարգացման բանկը հրապարակել է «Ասիական զարգացման հեռանկարներ 2014» զեկույցը, ըստ որի` տարածաշրջանի զարգացող երկրներում միջին տնտեսական աճը 2014թ. կարող է կազմել 6,2%, իսկ 2015թ.՝ 6,4%։ Անցած տարի տարածաշրջանում (ընդգրկում է 45 երկիր) տնտեսական աճը կազմել էր 6,1%։ Ասիական զարգացման բանկի մասնագետները կանխատեսում են, որ Հայաստանի տնտեսական աճը 2014թ. կարագանա և կարող է կազմել 4,6%, իսկ 2015թ. ՝ 5%՝ 2013թ. արձանագրված 3,5%-ի դիմաց։
Համաշխարհային բանկը 2014թ. Հայաստանի համար կանխատեսել է մինչև 5%, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 4,3% աճ: Հայաստանի կառավարությունը բյուջեի հիմքում դրել է 5,2% աճի կանխատեսումը:
Ասիական զարգացման բանկի մասնագետների կանխատեսմամբ՝ Հայաստանում տնտեսական աճի տեմպը կախված է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերջնական համաձայնագրից, որը նախատեսված է 2014թ.։ «Հայաստանը երկարաժամկետ կտրվածքում կարող է օգուտներ քաղել՝ ընդարձակ շուկայում առևտրի ծավալների ավելացումից, առևտրային խոչընդոտների վերացումից, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ հոսքից, հնարավոր են օտարերկրյա մեծ ներդրումներ»,- նշում են զեկույցի հեղինակները: Նրանք նաև ընդգծում են, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում ինչ փոփոխություններ կլինեն երրորդ երկրների հետ առևտրի ոլորտում։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճին կարող են նպաստել նաև ներքին գործոնները, մասնավորապես՝ հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումները, գործարար միջավայրի բարելավումը, ինչպես նաև օդային փոխադրումների շուկայի ազատականացումը, որը տեղի ունեցավ 2013թ. երկրորդ կեսին։
Գյուղատնտեսության ոլորտում ակնկալվող աճը, ըստ Ասիական բանկի մասնագետների, կլինի գյուղացիական տնտեսությունների պետական աջակցության ծրագրերի արդյունքում, իսկ արդյունաբերության ոլորտում աճին կնպաստեն արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերը: Ծառայությունների ոլորտում աճին կնպաստի հուլիսի 1-ից պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը:
Հայաստանում տնտեսական աճի սահմանափակումների թվում Ասիական բանկի մասնագետները նշում են պահպանվող գործազրկությունը, որի ցուցանիշը թեև իջել է վերջին չորս տարիներին մինչև 16.8%, բայց դեռևս բարձր է և խոչընդոտում է աղքատության կրճատմանը:
Աշխատուժի կրճատումը՝ պայմանավորված աշխատանքային միգրացիայով, հնացած մասնագիտական ներուժով, շուկայական աղավաղումներով և ստվերային տնտեսությամբ, շարունակում են խոչընդոտել հնարավոր տնտեսական աճը Հայաստանում։ Այդ խնդիրների լուծումը հնարավորություն կտա կրճատել գործազրկությունը և աղքատությունը և կնպաստի եկամուտների անհավասարության կրճատմանը։
Ասիական բանկի կանխատեսումներով՝ Վրաստանի տնտեսությունն այս տարի կարող է աճել 5,5%-ով, իսկ 2015թ.՝ 6%-ով։ Ադրբեջանում 2014թ. կանխատեսվում է 5%, իսկ 2015թ.՝ 4,8% աճ։
Civilnet











