Արդյունաբերության ոլորտում 2014թ. հունվար-փետրվարին արձանագրվել է 4,1% անկում։ Մտահոգիչ է, որ կրճատում է տեղի ունեցել ոչ միայն գումարային, այլև ծավալային արտահայտությամբ։ Անկման հիմնական պատճառները երկու հիմնական ճյուղերում՝ հանքագործությունում և մշակող արդյունաբերությունում արձանագրված կրճատումն է՝ համապատասխանաբար 4,4%-ով և 6,9%-ով։ Այս երկու ճյուղերի մասնաբաժինը ընդհանուր արդյունաբերության ոլորտում կազմում է 73%։
Հանքաարդյունաբերության ճյուղում ծավալների կրճատումը կարելի է բացատրել համաշխարհային շուկայում մետաղների գների անկայունությամբ։ Այսպես, եթե անցած տարվա առաջին երկու ամիսներին ցինկի 1 տոննայի գինը գտնվել է 2100 դոլարի սահմաններում, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն գտնվել է 2000 դոլարի շրջանակում։ Գների նվազումը, ինչպես նաև դրանց վերականգնման սպասումներն ամենայն հավանականությամբ հանգեցրել են նրան, որ 2014թ. հունվար-փետրվարին ցինկի խտանյութի արտադրությունը ծավալային արտահայտությամբ կրճատվել է 14,6%-ով՝ կազմելով 1,7 հազ տոննա։
Ամենայն հավանականությամբ, միջազգային շուկայում գների անկայունությունն է պատճառը նաև, որ Հայաստանում կոնվերտորային պղնձի արտադրությունը կրճատվել է 16,3%-ով (արտադրվել է 1,7 հազ տոննա), ֆեռոմալիբդենինը՝ 5,7%-ով (արտադրվել է 1000 տոննա), մոլիբդենի խտանյութինը՝ 4,9%-ով (արտադրվել է 1,8 հազ տոննա)։
Մյուս կողմից, հանքաարդյունաբերության ոլորտում ավելացել է պղնձի խտանյութի արտադրությունը՝ 12,1%-ով (արտադրվել է 29,5 հազ տոննա)։
Ուշագրավ են սննդի արդյունաբերության ճյուղում ծավալային փոփոխությունները։ Այսպես, հունվար-փետրվարին հացի արտադրությունը կրճատվել է 1,3%-ով, թթվասերի արտադրությունը՝ 19,9%-ով, մածունինը՝ 1,9%-ով։
Հացի արտադրության, ինչպես նաև կաթնամթերքի արտադրության կրճատումը կարելի է բացատրել սպառողների թվի կրճատումով (2013թ. Հայաստան ժամանողների և մեկնողների բացասական հաշվեկշիռը կազմել է 31,2 հազ.), ինչպես նաև այն հանգամանքով, որ հացի թանկացման արդյունքում բազմաթիվ ընտանիքներ սկսել են հաց թխել տան պայմաններում:
Այս տարվա երկու ամիսներին զգալիորեն ավելացել է հանքային ջրերի արտադրությունը՝ 2,6 անգամ, գարեջրի արտադրությունը՝ 2 անգամ, շշալցված աղբյուրի ջրի արտադրությունը՝ 74%-ով, ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը՝ 35,6%-ով։
Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության աճը ոչ թե սպառման կտրուկ ավելացման արդյունք է, այլ ստվերի կրճատման։ Խնդիրն այն է, որ 2013թ. հուլիսի 1-ից զովացուցիչ ըմպելիքները ենթակա են պարտադիր դրոշմապիտակավորման, ինչի արդյունքում փաստացի տեղի է ունեցել ստվերային շրջանառության էական կրճատում։
Արմենակ Չատինյան
Civilnet











