2013թ. բանկերի արտաքին պարտքն ավելացել է $478,6 մլն-ով՝ կազմելով $2,4 մլրդ, մասնավոր այլ հատվածինը՝ $465 մլն-ով՝ մինչև $1,34 մլրդ։
Հայաստանի արտաքին պարտքը 2013թ. աճել է $1 մլրդ-ով կամ 14%-ով՝ կազմելով $8,7 մլրդ. սա ՀՆԱ-ի 83,4%-ն է։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշն ավելացել է 6,8%-ով։ Այլ երկրների համեմատ Հայաստանի արտաքին պարտքը բավական համեստ է (Մեծ Բրիտանիայում, օրինակ, այն կազմում է ՀՆԱ-ի մոտ 400%-ը, Շվեյցարիայում՝ 420%-ը, Ֆրանսիայում՝ 250%-ը), բայց պետք է հաշվի առնել տնտեսության կառուցվածքը, արտաքին վճարային հաշվեկշիռը։
Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների՝ 2013թ. Հայաստանի արտաքին պարտքի 46,5%-ը կամ $4 մլրդ-ը բաժին է ընկել պետական պարտքին (կառավարություն և Կենտրոնական բանկ), մնացած մասը՝ մասնավոր հատվածին։
Անցած տարի Հայաստանի արտաքին պարտքին ավելացումը հիմնականում պայմանավորված է եղել մասնավոր հատվածի՝ բանկերի և այլ տնտեսվարողների կողմից ներգրավված միջոցներով։ 2013թ. կառավարության արտաքին պարտքն ավելացել է մոտ $250 մլն-ով, բանկերինը՝ $478,6 մլն-ով՝ կազմելով $2,4 մլրդ, մասնավոր այլ հատվածինը՝ $465 մլն-ով՝ մինչև $1,34 մլրդ։
Արտաքին պարտքի կառուցվածքից երևում է, որ բանկերի ներգրաված միջոցները եղել են կարճաժամկետ և երկարաժամկետ կանխիկ դրամական միջոցների և ավանդների տեսքով։ Բանկային համակարգում արտաքին աղբյուրներից նման միջոցների ներգրավումը որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ դրանք կարող են ցանկացած պահի դուրս բերվել։ Քաղաքացիական օրենսգրքով ամրագրված է, որ ավանդատուն կարող է պահանջել անհապաղ վերադարձնել ավանդի գումարը։
Ի տարբերություն բանկային համակարգի, տնտեսության այլ հատվածի կազմակերպությունները ներգրավել են երկարաժամկետ վարկեր՝ $509 մլն-ի չափով։ Տնտեսվարողների կողմից արտաքին ֆինանսական աղբյուրներից վարկային միջոցների ներգրավումը պայմանավորված է մի կողմից Հայաստանի բանկային համակարգի կողմից մեծ վարկերի տրամադրման սահմանափակ կարողություններով, մյուս կողմից՝ արտաքին աղբյուրներից միջոցները շատ ավելի էժան են։
Civilnet











