Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն՝ Մաքսային միության օգուտների ու ռիսկերի մասին

ԱՄՀ-ն՝ Մաքսային միության օգուտների ու ռիսկերի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 107-էջանոց զեկույց է հրապարակել իր «Երկարաձգվող ֆինանսավորման» (Extended Fund Facility) ծրագրով Հայաստանի կատարողականի մասին: Մարտի 7-ին ԱՄՀ տնօրենների խորհուրդը հաստատել էր Հայաստանին 127,6 մլն դոլար նոր վարկի տրամադրումը: ԱՄՀ մասնագետների կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցելու ռիսկերն ավելի են ընդգծում Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը: ՍիվիլՆեթը զեկույցից առանձնացրել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում հնարավոր ազդեցությունները:

ԱՄՀ զեկույցում նշվում է, որ 2010-2013 թթ. Հայաստանի կատարողականը, որին նպաստել են ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» (Extended Credit Facility) ծրագրերը, եղել է առողջ. վերականգնվել է աճը, ֆիսկալ և արտաքին առևտրի անհավասարությունները մեղմվել են, պահուստային միջոցներ են կուտակվել: «Սակայն մարտահրավերները մնում են, հատկապես միջնաժամկետ տնտեսական աճի դինամիկան ուժեղացնելու և խոցելիությունները նվազեցնելու հարցերում: 2013թ. տնտեսական աճն ու գնաճը եղել են անկայուն. աճը էապես դանդաղել է, իսկ գնաճը դուրս է եկել Կենտրոնական բանկի սահմանած թիրախային միջակայքից»,- նշում են ԱՄՀ մասնագետները՝ հավելելով, որ արտաքին հաշվեկշռի պակասուրդը և դոլարիզացիան շարունակում են բարձր մակարդակի վրա մնալ, ինչը տնտեսությունը խոցելի է դարձնում արտաքին շոկերի նկատմամբ:

Զեկույցն ընդգծում է, որ աղքատությունն ու գործազրկությունը նույնպես բարձր մակարդակի վրա են, և ճգնաժամից առաջ եղած շինարարության վրա հենվող տնտեսությունից անցումը այլընտրանքային տնտեսական մոդելի՝ ավելի բաց, ավելի մրցակցային և գլոբալ ու տարածաշրջանային ինտեգրված տնտեսության, դանդաղ է եղել:

Զեկույցը հատուկ անդրադարձ է կատարում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և նշում, թե ինչ հնարավոր օգուտներ և վնասներ Հայաստանը կարող է ունենալ այդ միությունից:

Թեև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ճշգրիտ պայմանները (ժամկետը, մաքսատուրքերը, եկամուտները) հստակ չեն, սակայն Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կարևոր ազդեցություն կունենա Հայաստանի հետագա առևտրային քաղաքականության և զարգացման վրա:

Ազդեցությունը առևտրի վրա

Մաքսային միության ավելի բարձր մաքսատուրքերի (միջինը՝ 9.2%) ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանում մաքսատուրքերի (3.1%) էական բարձրացման: Մաքսատուրքերի բարձրացումը կարող է փոխել առևտրի ուղղությունները Մաքսային միության ոչ անդամ երկրներից դեպի Մաքսային միության երկրներ և նպաստել Հայաստանի ներքին արտադրության և արտահանման ծախքերի մեծացմանը: Բացասական ազդեցությունները մեղմելու համար անհրաժեշտ կլինի իրականացնել ծախքերի նվազեցմանն ուղղված բարեփոխումներ:

Մաքսային եկամուտներ

Ըստ Մաքսային միության անդամ երկրների միջև համաձայնեցված բանաձևի՝ մաքսատուրքերից ստացվող եկամուտները հավաքվում են ընդհանուր գանձարանում: Մաքսատուրքերից Հայաստանի եկամուտները, ըստ ամենայնի, կլինեն ավելի բարձր, քան ներկայում են, թեև հստակ արդյունքը դժվար է գնահատել: Եկամուտները կիսելու և Հայաստանի համար բարձր մաքսատուրքերի մասով հնարավոր բացառությունների շուրջ բանակցությունները շարունակվում են:

Ոչ մաքսային խոչընդոտներ

Մաքսային միության անդամ երկրները շահել են մաքսային արգելքները թուլացնելուց, անդրսահմանային ենթակառուցվածքների բարելավումից և առևտրի համար նվազած վճարումներից: Այս օգուտները քիչ հավանական են Հայաստանի համար՝ հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայությունը, ինչի արդյունքում ապրանքները պետք է տեղափոխվեն  Վրաստանի տարածքով և Հայաստանում անցնեն մաքսային ստուգման ընթացակարգով: Հաղորդումներ կան, որ Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների մաքսազերծումը դժվարացել է:

Օգուտներ մեծ շուկայից

Ավելի մեծ շուկայից օգուտները կարող են կարևոր լինել, քանի որ Մաքսային միության երկրների սպառողներն արդեն իսկ քաջածանոթ են Հայաստանում արտադրված մթերային ապրանքներին և խմիչքներին: Սակայն դեպի Մաքսային միության երկրներ արտահանումը միայն առևտրային խոչընոդտներով չէ, որ սահմանափակված է եղել, այլ նաև Մաքսային միության երկրների գործարար միջավայրի խնդիրներով: Բացի այդ, Հայաստանի արտահանման գրեթե կեսը հանքահումքն ու մետաղներն են, և քիչ հավանական է, որ Մաքսային միությանն անդամակցելը որևէ կերպ ազդի դրա վրա: Ազատ առևտրի ընթացակարգերով ընդհանուր օգուտներից է նաև մատակարարման շղթաների արագ զարգացումը: Ընդհանուր սահմանի բացակայությունը և տեղափոխման մեծ ծախքերը Հայաստանի համար կարող են սահմանափակել այս օգուտները:

Արդիականացման և կառուցվածքային բարեփոխումների ուղին

Ազատ առևտրի ընթացակարգերի այլ օգուտների թվում է փորձի և արդի տեխնոլոգիաների ավելի արագ փոխանցումը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների արագացումը: Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիրը և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը կարևոր անկյունաքարեր էին, որոնք նախատեսում էին կառուցվածքային փոփոխություններ և Եվրոպական Միության հետ ներդաշնակեցում (օրինակ՝ ներքին մրցակցության, կարգավորման, ինստիտուտների մասով): Սրանք ավելի թույլ կարող են լինել Մաքսային միության անդամության պայմաններում: 

Այլ օգուտներ և ծախքեր

Գազի գին. Զեղչված գնով գազի մատակարարումը մինչև 2018թ. պայմանավորվեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ, ինչը նշանակում է, որ Հայաստանը տարեկան շահում է ՀՆԱ-ի 1.5 տոկոսի չափով:

Ֆինանսական և տեխնիկական աջակցություն. Վերջին տարիներին Եվրոպական Միության ֆինանսական և տեխնիկական աջակցությունը կարևոր է եղել: Հայաստանի իշխանություններն աշխատում են Եվրոպական Միության հետ, որպեսզի շարունակեն ստանալ այդ աջակցությունը որքանով հնարավոր է: Ռուսաստանի և Մաքսային միության այլ երկրների կողմից ֆինանսական նոր աջակցությունը կարող է լինել, օրինակ՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման կամ նոր ատոմակայանի կառուցման գործում: Այդ աջակցությունը կարող է ներգրավել ռուսական պետական ընկերություններին՝ «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի», «Ռոսնեֆտ», «Գազպրոմ» ընկերություններին):

Օտարերկրյա ուղղակի ներդրումներ. Անդամակցությունը Մաքսային միությանը Հայաստանի համար կարող է հարթակ լինել, որպեսզի Ռուսաստանում գործող Մաքսային միության ոչ անդամ երկրների ընկերությունները գործունեություն ծավալեն այստեղ՝ այն ընկալումից ելնելով, որ Հայաստանի գործարար միջավայրն ավելի լավն է: Սակայն Հայաստանի կտրվածությունը Ռուսաստանից կարող է խոչընդոտող գործոն լինել:

Եզրափակում

Կարճաժամկետ առումով Մաքսային միության անդամակցությունից Հայաստանը կշահի ավելի էժան գնով գազի ներկրումից: Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանին հնարավորություն կտա ավելի էժան հումք ձեռք բերել և մեծացնել հնարավորությունները տարածաշրջանային շուկայում, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի ոչ հանքագործական արտադրանքի արտահանման, հատկապես՝ վերամշակված գյուղատնտեսական և թեթև արդյունաբերական արտադրանքի արտահանման համար:  Սակայն, ընդհանուր առմամբ, օգուտները կախված կլինեն Հայաստանի իշխանությունների՝ անդամակցության գործընթացի նպաստավոր ժամանակացույցի և մի շարք ապրանքատեսակների գծով Մաքսային միությունում գործող մաքսատուրքերից ցածր մաքսավճարների բացառություններ ստանալու հանգամանքից:

Այս ռիսկերը ավելի են ընդգծում կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում, որի նպատակն է խթանել տնտեսական աճը, հստակ ազդանշաններ հաղորդել ներդրողներին և մեղմացնել հնարավոր բարձր մաքսատուրքերի հետևանքները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում