Գլխավոր Լրահոս

Հակասահմանադրական, բայց ուժի մեջ

Հակասահմանադրական, բայց ուժի մեջ

Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հակասահմանադրական ճանաչելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթները, միաժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տալով Ազգային ժողովին և կառավարությանը օրենքը սահմանադրությանը համապատասխանեցնելու համար, տարօրինակ իրավիճակ ստեղծեց: Մի կողմից օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական են, մյուս կողմից դրանք ուժի մեջ են մինչև սեպտեմբերի 30-ը:

«Կառավարությունն առաջ է տանելու  ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում»,- Սահմանադրական դատարանի որոշմանն արձագանքել է կառավարությունը: Փաստացի գործադիրը խոստովանում է, որ մինչ այս «արամտական բարեփոխումը» առաջ է տարել հակասահմանադրական ձևակերպումների շրջանակներում:

Հարցն այն է՝ իմանալո՞վ են առաջ տարել, թե՞ չիմացության հետևանքով: Եթե իմանալով են արել, ուրեմն կառավարությունը պետք է անհապաղ հրաժարական տա: Իսկ եթե չիմացության հետևանք է եղել, ուրեմն անհապաղ հրաժարականի դիմում պետք է ներկայացնի կառավարության իրավաբանների կազմը՝ արդարադատության նախարարի գլխավորությամբ, այնուհետև՝ նաև Տիգրան Սարգսյանը՝ որպես կենսաթոշակային «բարեփոխման» դրոշակակիր:

Ի՞նչ գնահատական կարելի է տալ մի կառավարության, որի երկարատև աշխատանքից հետո նախաձեռնած ամենամասշտաբային և հանրության լայն խավերի շահերը շոշափող «բարեփոխումը» մի քանի կետով ճանաչվում է հակասահմանադրական:

Մյուս կողմից, Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հստակ քաղաքական ենթատեքստ ուներ և թելադրված էր քաղաքական իրավիճակով: Ապրիլի 28-ին ոչ իշխանական ուժերը խորհրդարանում բարձրացնելու են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ինչը զուգորդվելու է Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Այս իրավիճակում իշխանությունը որոշեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ դուրս եկած քաղաքացիական հատվածին հանդարտեցնել և թույլ չտալ դժգոհության կուտակում:

Եթե քաղաքական ուժերը տապալեն Տիգրան Սարգսյանին տապալելու գործը, նրանք էականորեն կթուլանան: Թուլացած կլինի նաև քաղաքացիական հատվածը՝ զրկվելով քաղաքական աջակցությունից: Այդ ընթացում Սահմանադրական դատարանի որոշումից ոգևորված դժգոհության ալիքի թուլացում կնկատվի նաև նրանց շարքերում: Եթե հաջողվի փրկել Տիգրան Սարգսյանի կառավարությունը, ապա դրանից հետո մինչև սեպտեմբեր նրանք առանց որևէ դիմադրության խորհրդարանում աննշան փոփոխություններով կանցկացնեն կենսաթոշակային օրենքը:

Հետևաբար, քաղաքացիական հատվածն այս ընթացքում պետք է լիակատար աջակցություն ցուցաբերի ոչ իշխանական չորս խմբակցություններին գործող կառավարությանն անվստահություն հայտնելու գործում և ներգրավվի քաղաքական գործընթացի մեջ: Հաղթել ճակատամարտում, դեռ չի նշանակում հաղթել պատերազմը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում