Գլխավոր Լրահոս

Աբորտը և կեղծ քվեն

Աբորտի մասին իմ զգացումները հակասական են: 5 համարի ավտոբուսում հղի աղջիկ է կանգնած, կողքին` 4-5 տարեկան մի երեխա։ Նրանց դիմացը նստած է 20-23 տարեկան երկու հմայիչ աղջիկ։ Մեկը նայում է հղի կնոջ որովայնին։ Եվ մնում է նստած։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այդ աղջկա գլխում։

Մի քանի օր առաջ ծննդատանն էի։ Բազմաթիվ աղջիկներ կային այնտեղ։ Ազգը հայոց կարծես թե շատանում է։ Ոմանք այցելել էին պրոֆիլակտիկ նպատակներով։ Մյուսներին հետաքրքրում է երեխայի սեռը։ Հետաքրքրասերները եկել էին իրենց կամ ամուսինների մայրերի հետ։ Մայրերից մեկը փնթփնթում է՝ աղջի, ի՞նչ աղջիկ։ Այսինքն, երեխան իրավունք չունի աղջիկ լինել։ Եվ մայրը դա ասում է աղջկան։

Ես լսել եմ, որ հիվանդանոցներում խուսափում են ապագա մայրերին ասել երեխայի սեռը։ Ասում են՝ այդպիսի հանձնարարական կա։ Որովհետև հենց մայրերն իմանում են, որ երեխան աղջիկ է լինելու, աբորտ են անում։ Դե պարզ է` ոչ բոլոր մայրերը։ Բայց աբորտը կա, որովհետև մայրերը երեխա չեն ունենում, այլ՝ ժառանգներ։ Մայրերը փաստում են, որ իրենք իրենց ծնողների ձախողումն են։ Ու ոչնչացնում են աղջիկ երեխային։ Այդպիսի մեկին ճանաչում էի, ամբողջ հղիության ընթացքում մարդամեջ էր դուրս գալիս խաչը վզին։ Աբորտից հետո խաչը չհանեց։

Ի՞նչ է աբորտը։ Հայտնի է, որ սկզբից այն տեղի է ունենում մարդու գլխում։ Կենդանական աշխարհում «աբորտ» հասկացություն չկա։ Որովհետև կենդանիներն ընտրությամբ օժտված չեն։ Նշանակում է՝ աբորտը նույնն է, ինչ կատարված, ավելի ճիշտ՝ կեղծված քվեն։ Մայրը կեղծում է երեխային։ Մայրը կեղծում է մայրությունը։ Հանցագործությո՞ւն է աբորտը։ Յուրաքանչյուրի որոշելիքն է։ Որովհետև մայրը ծնվում է երեխայից հետո։ Ցանկացածը մայր է դառնում երեխային սպառնացող վտանգին հանդիման։ Խաղաղության մեջ մայրեր չեն լինում, թեպետ ցանկացածն ապրում է խաղաղության համար։ Ահա ինչու Հայրենիքը մայր է դառնում սովորաբար պատերազմների ժամանակ։

Հիմա պատկերացրեք, որ մարդու հայրենիքը աբորտ անես։ Սա անիրական, իռացիոնալ կամ մետաֆիզիկական բան չէ։ Երեկ կրթության ոլորտի ծանոթս ասում է՝ վերջին 10 տարում դպրոցներում աշակերտների թիվը պակասել է 300 հազարով։ Պատկերացրեցի՞ք։ Այս երեխաներն ինքնուրույն չեն գնացել երկրից։ Նրանց միջից «մաքրվել» է երկիրը։ Նրանք չեն ընտրել իրենց հայրենիքը, բայց աբորտը վիժելուց տարբերվում է նրանով, որ վիժումն ինքնաբերաբար տեղի ունեցող փաստ է, ոչ ոք չի ընտրում վիժումը (արհեստական վիժումը աբորտի տարատեսակ է անկախ պրոֆիլակտիկ նպատակներից), աբորտը միշտ կատարված ընտրություն է՝ ընտրություն մեկ ուրիշի գոյության իրավունքի դեմ։

Երկար տարիներ փորձել եմ հասկանալ՝ ո՞րն է մանկատան իմաստը։ Ինչո՞ւ են երեխաները հայտնվում մանկատներում։ Որովհետև մայրերն ընտրություն են կատարել չծնելու և լքելու միջև։ Ո՞րն է ավելի գերադասելի։ Հայտնի են դեպքեր, երբ մայրերը երեխային սպանում են ծննդաբերելուց հետո։ Որովհետև նրանք չեն կարողանում մայր դառնալ նախապաշարմունքներից ու սոցիալական իրավիճակից անկախ, նրանք չեն կարողանում սկսվել այդ երեխայով։ Ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան ընկած է իրենց ու երեխայի միջև։ Ոմանք ընտրում են մանկատունը, ոմանք ընտրում են սպանությունը։ Հղիությունը հերոսություն չէ, հերոսություն է տղա կամ առողջ երեխա ունենալը։ Հայաստանն իր էությամբ երեխա ունենալը դարձրել է հերոսություն։ Որովհետև Հայաստանը աբորտի մենթալիտետի արտահայտությունն է։ Այս երկրում մայր դառնալով կանայք պայքարում են հենց աբորտի մենթալիտետի դեմ։

Ոչ մի իշխանություն գլխի չընկավ, որ անձամբ և հետևողականորեն է այս երկիրը դրել աբորտի «զոհասեղանին»։ Չծննդաբերել և փախչել, նույն բանն է։ Իշխանություն վստահել Տիգրան Սարգսյանին և մի քանի ամսական պտուղին դնել դանակի տակ, նույն բանն է, երկու դեպքում էլ դատապարտվածությունը՝ факт на лицо։ Թույլ տալ, որ Սերժ Սարգսյանը հպարտանա գազի գներով և հրաժարվել աղջիկ երեխայից, նույն բանն է։ Երկու դեպքում էլ անպատասխանատվությունը՝ факт на лицо։ Տարբերությունը երևութական է՝ եթե հիվանդանոցներում թաքցնում են սեռը, որպեսզի երեխան աբորտի չենթարկվի, դրանով համենայնդեպս մատնում են, որ աղջիկ է։ Մայրերը գտնում են զարտուղի ճանապարհներ։ Կեղծ քվեով իշխանությունը մի բան հեռացրել է մեր մեջից, որ հայտնվել է այնտեղ, որտեղ հիմա է։ Հայաստանը նմանվել է դանակի տակ հայտնված աղջիկ երեխայի, ով ոնց հասնում է, նրան հեռացնում է մեր սրտից։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում