Գլխավոր Լրահոս

Պետգնումները տրվել են միջնորդներին

Պետգնումները տրվել են միջնորդներին

Վերահսկիչ պալատի 2013թ. զեկույցը պետական գնումներում միջնորդ կազմակերպությունների հետ կնքվող մի շարք գործարքներ է հայտնաբերել (լուսանկարում՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան)։

Վերահսկիչ պալատը պետական գնումներում միջնորդ կազմակերպությունների հետ կնքվող մի շարք գործարքներ է հայտնաբերել։ Ընդ որում, միջնորդներն այնքան են «մասնագիտացել», որ մասնակցում և հաղթում են տարբեր ոլորտներում կազմակերպվող մրցույթներում։

Համաձայն Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվության՝ պետական գնումների ոլորտում որոշ ապրանքների ձեռքբերման պայմանագրերը չեն կնքվում տվյալ ապրանքն արտադրող կամ ներմուծող կազմակերպության հետ: Արդյունքում առաջանում է միջնորդավորված գնում։ «Եղել են դեպքեր, երբ տվյալ ապրանք ներմուծողը կամ արտադրողը մասնակցել է համապատասխան մրցույթին և իբրև ավելի բարձր գնային առաջարկ ներկայացնող, հաղթող չի ճանաչվել: Արդյունքում, որևէ միջնորդ կազմակերպություն հաղթող է ճանաչվում, և այդ ապրանքը նախապես ձեռք է բերում այդ նույն ներմուծողից կամ արտադրողից և հետագայում մատակարարում համապատասխան գերատեսչությանը»,- արձանագրել է Վերահսկիչ պալատը։

Այսպիսի գործելաոճ բնորոշ է մի քանի գերատեսչությունների։ Այսպես, անցած տարի կրթության և գիտության նախարարության «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով ֆինանսավորվող ՊՈԱԿ-ների սննդամթերքի գնման պայմանագրերով նախատեսված որոշ ապրանքատեսակներ մատակարարվել են տարբեր գներով։ «Դանինի» ընկերությունը բրինձը մատակարարել է 400 և 430 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 328 դրամ։ Հնդկաձավարը մատակարարվել է 600 և 650 դրամով, շուկայական՝ 420 դրամի դիմաց։

Ուշագրավ է, որ այս ընկերության հետ պաշտպանության նախարարությունը կնքել է 395 մլն դրամի շաքարավազի ձեռքբերման պայմանագիր՝ 370 դրամ/կգ գնով: «Դանինի» ընկերությունը շաքարավազ արտադրող կամ ներմուծող չէ, և ապրանքն իր հերթին ձեռք է բերել ներմուծող «Ալեքս Գրիգ»-ից, մեկ կգ-ի դիմաց վճարելով 360 դրամ գնով։ Շաքարավազը ներմուծողից գնելու և միջնորդ այս ընկերության ծառայություններից հրաժարվելու դեպքում կտնտեսվեր 9,8 մլն դրամ։

Պաշտպանության նախարարությունը նույն ընկերությունից գնել է 30,3 մլն դրամի կերակրի աղ՝ 120 դրամով: «Դանինի» ընկերությունը կերակրի աղը, իր հերթին, ձեռք է բերել արտադրող՝ «Ավանի աղի կոմբինատ»-ից՝ 114 դրամով: Արտադրողից գնում կատարելու դեպքում գնային տարբերության հաշվին կտնտեսվեր 1,5 մլն դրամ։

Պարզվում է, «Դանինի» ընկերությունը մասնագիտացել է ոչ միայն պաշտպանության նախարարությանը մատակարարումներում։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը այս ընկերության հետ կնքել է 140,5 մլն դրամի 88 տոննա մսի պահածոյի մատակարարման պայմանագիր (1 կգ-ը՝ 1596 դրամ): Գնման ընթացակարգին մասնակցել է նաև «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ն, որը մսի պահածո արտադրող է: Վերջինս մեկ կիլոգրամ մսի պահածոն առաջարկել է 1650 դրամով՝ 54 դրամով ավելի, քան գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված «Դանինին»: Մրցույթում հաղթած «Դանինին» մսի պահածոն հետագայում գնել է «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ից՝ մեկ կիլոգրամը 1420 դրամով: Մատակարարի կողմից ձեռքբերման և մատակարարման գների տարբերությունը ամբողջ քանակի համար կազմել է 15,5 մլն դրամ։

Ի դեպ, պետական գնումների ոլորտում մասնագիտացված «Դանինի» ընկերությունը, ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հիմնադրվել է 2012թ. հունիսին, հիմնադիրը ոմն Շավարշ Դանիելյանն է։ Հասկանալի է, որ մեկ տարվա պատմություն ունեցող ընկերությունը առանց «բարձր հովանու» չէր կարող նման կարճ ժամականահատվածում «մասնագիտանալ» պետական գնումների ոլորտում և պետբյուջեի հաշվին զգալի միջոցներ աշխատել։

Փողերն անհետանում են օֆշորով

Պետգնումների ոլորտում կիրառվել է միջոցների փոշիացման ևս մեկ մեխանիզմ՝ գնումներ ոչ ռեզիդենտ կազմակերպություններից։ Պարզվում է, ոչ ռեզիդենտների մասնակցությունը մրցույթներում շատ դեպքերում զուտ ձևական բնույթ է կրում, և գումարները փոխանցվում են հանրապետությունից դուրս, նվազում է վերահսկելիությունը:

Այսպես, գյուղատնտեսության նախարարությունը տոհմային երինջներ մատակարարելու համար պայմանագիր էր կնքել «Դախխան» ընկերության և «Սամվել Ամիրխանյան» Ա/Ձ կոնսորցիումի հետ: Կոնսորցիումը երինջները ձեռք է բերել Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերությունից, որը ստեղծվել է 2012թ. փետրվարին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագիրը կնքելուց և գումարը փոխանցվելուց հետո միայն: Չեխական ընկերությունը հիմնադրել է Էդիկ Ամիրխանյանը, որը կոնսորցիումի մասնակիցներից «Դախխան»-ի տնօրեն Ռադիկ Ամիրխանյանի և Չեխիայում գրանցված Ա/Ձ Սամվել Ամիրխանյանի եղբայրն է։

Մեկ այլ օրինակ. «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի» շրջանակում ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնը» հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի և ձեռնարկի ամբողջական փորձարկման ու հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքների $704 հազ-ի պայմանագիրը կնքել է օֆշորային Four Assist Development Consulting Limited (Կիպրոս) կազմակերպության հետ։ Պայմանագրի ողջ գումարը փոխանցվել է Կիպրոս։ Կիպրոսյան ընկերությունն պայմանագրի կնքման նույն օրը, պայմանագրով նախատեսված խորհրդատվական ծառայության մատուցման համար 288 հազ-ի ենթամատակարարի պայմանագիր է կնքել հայկական «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ»-ի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում