Փետրվարին Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են 2%-ով կամ $2,1 մլն-ով՝ կազմելով $103 մլն։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու տնտեսության դանդաղումը Ռուսաստանում իր արտացոլումն է գտնում Հայաստանում։ Փետրվարին բանկային համակարգով կատարված մասնավոր փոխանցումների ծավալը 2013թ. նույն ամսվա համեմատ նվազել է 2%-ով՝ կազմելով $147,7 մլն։ Սա ամբողջովին պայմանավորված է ռուսաստանյան տրանսֆերտների կրճատմամբ՝ 2%-ով կամ $2,1 մլն-ով (փոխանցվել է $103 մլն)։
Մտահոգիչ են ոչ առևտրային նպատակներով կատարված մասնավոր փոխանցումների (մասնաբաժինը ընդհանուր փոխանցումներում՝ 76%) ցուցանիշները։ Չնայած հունվար-փետրվարին ոչ առևտրային նպատակով տրանսֆերտները 2013թ. նույն ամիսների համեմատ ավելացել են 10%-ով և կազմել է $205 մլն, փետրվարյան ծավալները, այդուհանդերձ, մտածելու տեղիք են տալիս։ Այս տարվա փետրվարին ոչ առևտրային նպատակով մասնավոր փոխանցումները կազմել են $105,5 մլն (աճը՝ 2%), այն դեպքում, երբ հունվարին դրանք ավելացել էին մոտ 20%-ով։ Թեև աննշան աճին, Ռուսաստանից ոչ առևտրային տրանսֆերտների ծավալը (մասնաբաժինը փոխանցումներում՝ 79%) 2013թ. փետրվարի համեմատ նվազել է 2%-ով՝ կազմելով $83,3 մլն։
Չի բացառվում, որ Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով գալիք ամիսներին փոխանցումների ծավալի կրճատումը շարունակվի։ Սա իր հերթին ճնշելու է ազգային արժույթի փոխարժեքը և դանդաղեցնելու տնտեսական աճը, քանի որ մասնավոր տրասնֆերտների զգալի մասն ուղղվում է սպառողական ծախսերին։
Այսպես, փետրվարին ազգային արժույթը ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 3,51 կետով կամ 0,8%-ով՝ ամսվա վերջին կազմելով 411,54 դրամ/$1։ Ընդ որում, նման արժեզրկումը տեղի է ունեցել Կենտրոնական բանկի կողմից դոլարային ինտերվենցիաների պայմաններում։ Փետրվարին ԿԲ-ն շուկա է ներարկել $61,5 մլն։ Տարեսկզբից մինչ այժմ բորսայում դրամի փոխարժեքի կայունացման նպատակով վաճառած միջոցների 52%-ը բաժին է ընկել հենց փետրվարին։
Հասկանալի է, որ մասնավոր փոխանցումների նվազման պայմաններում Կենտրոնական բանկին դժվար է լինելու զսպել դրամի արժեզրկումը, և գլխավոր դրամատունը ստիպված է լինելու թույլատրել ազգային արժույթի բնականոն արժեզրկում։ Սա իր հերթին հանգեցնելու է գնաճի, քանի որ սպառողական ապրանքների հիմնական մասը ներկրվում է։
Civilnet











