Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը, ապրիլի 6-ին պատասխանելով Սիրիայի մասին հարցին, ԵԱՀԿ մշտական խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանի՝ Քեսապի վերաբերյալ հայտարարությանը, այն որակել է «ամոթալի զրպարտանք» և «անհիմն մեղադրանք»:
«2014թ. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մարտի 27-ի մշտական խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդես եկավ ամոթալի զրպարտանքով և անհիմն մեղադրանքով, թե Թուրքիայում պատրաստված «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության տարրերը հարձակումներ են գործել Սիրիայի Լաթաքիա/Քեսապ շրջանի վրա: Մեր մշտական ներկայացուցիչը, ի պատասխան ցույց տալով այդ մեղադրանքների անհիմն լինելը, ընդգծել է Թուրքիայի կողմից շարունակական աջակցությունը քաղաքացիական բնակչությանը, որը տուժել է Սիրիայում պատերազմից և շեշտել փաստը, որ Թուրքիան Սիրիայում արմատացած ահաբեկչությունից ամենաշատը տուժած երկիրն է»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարության մեջ:
Նույն հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչության խոսնակը նաև նշել է, որ 2013թ. մայիսի 23-ին թուրքական սահմանին գտնվող սիրիական Ռեյհանլի քաղաքում ռմբակոծությունները նման «ահաբեկչության» արդյունք էին, որի համար Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Դամասկոսին:
Մարտի 27-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ Քեսապի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Խորը մտահոգություն հայտնելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը նշել է, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական խմբավորումների կողմից հայաբնակ Քեսապի վրա տեղի է ունեցել հարձակում, որի արդյունքում տարհանվել է քաղաքի բնակչությունը:
Դեսպան Կիրակոսյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծայրահեղական խմբերի կողմից բնակիչների սեփականությանը հասցվել է զգալի կորուստներ, վնասվել են հայկական եկեղեցիները:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











