Գլխավոր Լրահոս

Տարեսկզբին հարկային մուտքերը նվազել են

Տարեսկզբին հարկային մուտքերը նվազել են

Այս տարվա հունվար-փետրվարին Պետեկամուտների կոմիտեն բյուջեի հարկային հավաքագրումները թերակատարել է 9 մլրդ դրամով։

Այս տարվա հունվար-փետրվարին կրճատվել են հարկային մուտքերը, Պետական եկամուտների կոմիտեն մոտ 9 մլրդ դրամով թերակատարել է ծրագրային ցուցանիշները. միտումը վտանգում է պետբյուջեի եկամտային մասի ապահովումը։

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ այս տարվա հունվար-փետրվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջեի հարկային մուտքերը կրճատվել են 0,1%-ով կամ 94 մլն-ով՝ կազմելով 147,48 մլրդ դրամ։ Առաջին հայացքից հարկային մուտքերի կրճատումն աննշան է, սակայն պետք է հաշվի առնել, որ 2014թ. Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ոչ միայն պետք է ապահովի 2013թ. ցուցանիշը, այլև հավաքագրի լրացուցիչ 100,2 մլրդ դրամի հարկեր։

Ըստ պետբյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային ծրագրի, այս տարվա առաջին եռամսյակում ՊԵԿ-ը պետք է ապահովի 12,8 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր (առաջին եռամսյակում նախատեսված է հավաքագրել մոտ 223 մլրդ)։ Պարզ ասած՝ ամսական կտրվածքով լրացուցիչ պետք է հավաքագրվի 4,3 մլրդ դրամ, հունվար-փետրվարի կտրվածքով՝ 8,5 մլրդ։ Ստացվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԵԿ-ը պետբյուջեի հարկային հավաքագրումները թերակատարել է 9 մլրդ դրամով։

Ըստ ՊԵԿ-ի հարկային մուտքերի վիճակագրության՝ թերակատարման հիմնական պատճառը տնտեսական վիճակի վատթարացումն է, ինչպես նաև անցած տարվա բյուջեի ցուցանիշներն ապահոված կանխավճարներն ու գերավճարները։

Այսպես, հունվար-փետրվարին ներմուծման 6,7% կրճատման պայմաններում մաքսատուրքի գծով պետբյուջեի մուտքերը նվազել են 14,6%-ով՝ կազմելով 6,4 մլրդ դրամ։ Առևտրաշրջանառության 4,4% աճի պայմաններում ԱԱՀ-ի գծով պետբյուջեի մուտքերն ավելացել են ընդամենը 1,6%-ով՝ մինչև 67 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ 2013թ. հունվար-փետրվարին ԱԱՀ-ի գծով մուտքերն աճել էին 48,6%-ով։

Մտահոգիչ է շահութահարկի գծով մուտքերի 15%-ով նվազումը (հունվար-փետրվարին՝ 10,6 մլրդ դրամ), ինչն անցած տարվա զարգացումների հետևանք է։ Շահութահարկը տնտեսվարողները վճարում են կանխավճարի սկզբունքով. դրանք կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի 18,75%-ի չափով։ Չի բացառվում, իհարկե, որ շահութահարկի գծով մուտքերը աճեն՝ 2013թ. շահութահարկի վերահաշվարկի վերջնաժամկետը ապրիլի 15-ն է։

Հունվար-փետրվարի այս ցուցանիշներն արդեն խոսում են բյուջեի կատարման լուրջ ռիսկերի մասին։ 2013թ. սեպտեմբերին, երբ քննարկվում էր 2014թ. բյուջեի նախագիծը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը չէր բացառում բացասական զարգացումների հնարավորությունը։ Նա պնդում էր, որ եթե չապահովվի ՀՆԱ-ի ցուցանիշը, կստեղծվեն բյուջեի եկամուտների ապահովման ռիսկեր։

Հունվար-փետրվարին արձանագրված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վատթարացումն ավելացնելու է բյուջեի եկամտային մասի ապահովման ռիսկերը և նոր կառավարությունը ստիպված է լինելու վերանայել բյուջեի ծախսային մասը կամ էլ լուրջ քայլեր ձեռնարկել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում