Վստահությունը տնտեսության զարգացման կարևորագույն գործոններից է: Վստահության պակասը խոչընդոտում է բարեփոխումների իրականացմանը և տնտեսության մեջ մեծացնում է ծախքերը:
Օբյեկտիվ պատճառներով, Հայաստանում վստահության մակարդակը իրականացվող բարեփոխումների նկատմամբ շատ ցածր է: Կարելի է պնդել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման խոչընդոտների իրական պատճառը ոչ թե համակարգի գաղափարախոսության թերի լինելն է, այլ բարեփոխումն իրականացնողների նկատմամբ առկա անվստահությունը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ապրիլի 3-ի հրաժարականի իրական պատճառներից մեկը ևս համատարած անվստահությամբ առաջացած խնդիրներն են։ Նրա կառավարությունը 2013թ. համար կանխատեսել էր 6,2% տնտեսական աճ, նախագահը հանձնարարել էր 7%, տարին փակվեց 3,5% աճով: Ո՞ւմ վստահի ՀՀ քաղաքացին:
Տնտեսական աճի հիմնական շարժիչը սպառողներն են, և տնտեսության զարգացումը էապես կախված է նաև նրանց վարքագծից։ Կենտրոնական բանկը 2005-ից եռամսյակը մեկ հրապարակում է սպառողների վստահության ինդեքսը, որն արտացոլում է սպառողների՝ ներկայի և ապագայի մակրոտնտեսական վիճակի գնահատականները։ Թեև այս ինդեքսի հաշվարկման և հրապարակման հեղինակը Տիգրան Սարգսյանն է, նրա կառավարությունը կարծես այդքան էլ մեծ ուշադրությամբ չէր ուսումնասիրել այդ ինդեքսները։
Օրինակ, անցած տարի սպառողների վստահության ինդեքսը եռամսյակների կտրվածքով նվազման միտում է ունեցել և չորրորդ եռամսյակում իջել է 40,9-ի։ Չորրորդ եռամսյակում ընթացիկ վիճակի ցուցանիշը կազմել է 34,5, ինչը եղել է ավելի ցածր, քան ճգնաժամային 2009թ.: Պարզ ասած, սպառողներն անցած տարվա չորորդ եռամսյակում եղել են հոռետես, ինչը բնականաբար չէր կարող չազդել նրանց վարքագծի վրա։ Հոռետեսության մասին թերևս վկայում է այն, որ դեկտեմբերին 2012թ. նույն ամսվա համեմատ առևտրի ծավալները կրճատվել էին 0,2%-ով։
Սպառողների վարքագիծն իր հերթին ազդել է բիզնեսի վրա: Դրա մասին էլ վկայում են ԿԲ-ի հարցումները. արդեն երկրորդ տարին անընդմեջ որպես ընդլայնմանը խոչընդոտող առաջին գործոն տնտեսվարողները նշում են ներքին պահանջարկի կրճատումը: Հասկանալի է, որ սպառման կրճատման պայմաններում նվազում է նաև ներդրումների ծավալը։
Տնտեսական աճի ապահովման, տնտեսության զարգացման և երկարաժամկետ ծրագրերի համար կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի սպառողների, քաղաքացիների, և ընդհանուր հանրության վստահության մակարդակի բարձրացումը։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցում ևս անհրաժեշտ էր վստահության բարձրացում։ Քաղաքացին այսօր չի վստահում կառավարությանը, ինչպե՞ս կարող է վստահել 30-40 տարվա կտրվածքով:
Քանի դեռ չկա վստահությունը, ավելորդ է խոսել երկարաժամկետ ծրագրերի և զարգացման մասին:
Իսկ թե ինչպես է գալիս վստահությունը, բոլորովին այլ քննարկման թեմա է:
Civilnet











