Համաշխարհային բանկի համար Հայաստանի տնտեսությունը խոցելի է մնում արտաքին ռիսկերի նկատմամբ։
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանին նվիրված հերթական՝ «Հայաստան. ավելի դինամիկ տնտեսության ակնկալիքով» զեկույցը։ Ըստ հրապարակման՝ արտաքին պահանջարկի աճից Հայաստանը կարող է շահել, եթե ընդլայնի եվրոգոտու հետ իր առևտրատնտեսական կապերը։ Ընդ որում, 2014թ. հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականությունը խթանելու է ներքին պահանջարկի աճը, ինչի հաշվին մասնավոր հատվածն իր հերթին կխթանի տնտեսական աճը։
Ըստ ՀԲ մասնագետների՝ Հայաստանը շարունակում է կրել ռիսկեր, որոնք պայմանավորված են եվրոգոտում և Ռուսաստանում տնտեսական թույլ իրավիճակով, տնտեսության անկանոն կարգավորումներով, գլոբալ տոկոսադրույքների բարձրացումով, ինչպես նաև մետաղների գների հնարավոր կտրուկ նվազումով։
Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղումը Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկն է, քանի որ երկիրը չափազանց կախված է դեպի այս երկրի արտահանումից, ինչպես նաև Ռուսաստանից կատարվող մասնավոր փոխանցումներից ու ռուսական օտարերկրյա ներդրումներից, նշում են զեկույցի հեղինակները։
Հայաստանի տնտեսական աճի դանդաղման մյուս ռիսկը եվրոգոտում ձգձգվող ռեցեսիան է. երկրի արտահանման 1/3-ը բաժին է ընկնում ԵՄ երկրներին։ Թեև 2014թ. համար բանկը Հայաստանում կանխատեսել է 5% տնտեսական աճ, այնուհանդերձ, առկա է զգուշավորություն՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսությունում խնդիրների խորացումով։ «Ուկրաինայի ճգնաժամը, ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասական հետևանքներ թողնել Հայաստանի տնտեսության վրա՝ արտահանման կրճատման, մասնավոր փոխանցումների նվազման, Ռուսաստանից հայ աշխատանքային միգրանտների հայրենիք վերադարձի տեսքով»,- նշված է զեկույցում։
Միջնաժամկետ հեռանկարում՝ համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնումը պետք է նպաստի Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճին։ Ըստ կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսական աճը 2014-2017 թթ. կգտնվի 5-5,5% միջակայքում։
«Կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը», որն այս ժամանակահատվածի համար տարեկան 6-7% տնտեսական աճ է նախատեսում, իսկ մինչև 2025թ.՝ ՀՆԱ-ի կրկնապատկում, բավական լավատեսական է, քանի որ հետճգնաժամային վերականգնումը դանդաղ է ընթանում, իսկ տնտեսությունը զգայուն է շոկերի նկատմամբ»,- նշված է զեկույցում։
Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչը պետք է լինեն ժամանակակից ծառայությունների ոլորտները, որոնք մրցունակ են համաշխարհային շուկայում։ Արդյունաբերությունում արտադրական ոլորտը նոր աշխատատեղերի և արտադրողականության բարձրացման ամենահավանական հավակնորդն է։
Ըստ ՀԲ գնահատումների՝ միջնաժամկետ կտրվածքում տնտեսական աճը խթանելու են ծառայությունների և արդյունաբերության ոլորտները. դրանց մասնակցությունը տնտեսական աճում կարող է կազմել 50-60%։ Շինարարությունը շարունակելու է ռիսկային մնալ։
ՀԲ-ի մասնագետները կարծում են, որ ընթացիկ հաշվի բացասական հաշվեկշիռը կբարելավվի՝ մասնավոր փոխանցումների ծավալի աճի և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։
Civilnet











