Սերժ Սարգսյանն այսօր իշխանություն չունի
Մեր կառավարությունը երևի աշխարհի ամենահին կառավարություններից է: Միայն Հրանուշ Հակոբյանի ներկայությունը բավարար է պատմությունը մեր թվարկությունից առաջ սկսելու համար: Հասմիկ Պողոսյանն արդեն մոտ է մեր թվարկությանը, նա նույնիսկ Ավարայրը վերապրած կլինի: Արմեն Աշոտյանն արդեն 19-րդ դարի հռչակավոր ֆիզիոլոգ Իվան Պավլովի ժամանակակիցն է: Միայն Յուրի Վարդանյանն է ավելի նոր, քան Սերժ Սարգսյանը: Նա էլ պիտի հրաժարական տված լիներ հենց այն օրը, երբ որդուն ձերբակալեցին թմրանյութեր ներկրողի մեղադրանքով:
Մեր կառավարությունը բացառիկ հավաստումն է այն բանի, որ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Այստեղ պաշտոնավարած գրեթե յուրաքանչյուրը մի անհամ պատմության մեջ է ընկել: Հրայր Թովմասյանը հայտնի է իր հռչակավոր «ղալաթով», Հրանուշ Հակոբյանը` հայ «տիեզերագնացի» հետ հանդիումով, Արմեն Մովսիսյանը` գազի հանցավոր համաձայնագրի առթիվ արած «կռուտիտներով», Արամ Հարությունյանը` «ականջներդ կպոկեմ, լակոտ» ձևակերպումով, Սերգո Կարապետյանը` ցանքատարածություններն աղոթքի տակ դնելով և գյուղացիներին ուղղված բազմաթիվ մուննաթներով, Էդվարդ Նալբանդյանը` այտը գերտերությունների տրամադրության տակ դնելով, Գագիկ Բեգլարյանը մարդ ծեծելով և ըստ այդմ պաշտոնեական առաջխաղացումով, Դավիթ Սարգսյանը` արդեն նախկին վարչապետի սանիկը լինելով: Բնականաբար, ինչպիսի՞ն պիտի լիներ այս մարդկանց «խնամած» տնտեսությունը: Բայց ամբողջ ողբերգությունը այս մարդկանց մեջ փնտրելը ճիշտ չէ, նրանց ղեկավարը` Սերժ Սարգսյանը պետական կառավարման համակարգի ամենահին մարդն է 1993-ից պաշտոնավարում է ՀՀ-ում և հայտնի չէ երկիրն առաջ տանող մի գաղափար, մի նախաձեռնություն, որի հեղինակն ինքն է:
Հիմա ի՞նչպիսին պիտի լինի այս մարդու առաջնորդած տնտեսությունը: Խնդիրը պաշտոնյայի ֆիզիկական մաշվածությունը չէ, Հրանտ Բագրատյանը Սերժ Սարգսյանից հին է, բայց երբ հոդաբաշխ բան ես ուզում լսել, դիմում ես Հրանտ Բագրատյանին: Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանից հին է, բայց Հայաստանի քաղաքական փիլիսոփայությունը «նստած» է Լևոն Տեր-Պետրոսյան կոչվող ասեղի վրա, նրա մտքերն են դառնում քննության առարկա, նրա կերպարն է գեներացվում: Նրա օրոք ստեղծվեց Մինսկի խումբը, որը բացառեց, որ Ղարաբաղի հարցը խաղաքարտ դառնա գերտերություններից որևէ մեկի ձեռքում: Նրա օրոք Հայաստանը դարձավ համաշխարհային քաղաքական անցուդարձի թեկուզ փոքր, բայց արժանապատիվ մասնակից, նրա օրոք ոչ մեկի մտքով չանցավ Հայաստանին հռչակել ագրեսոր: Այսօր ու՞մ է հետաքրքիր, թե երբ և ինչ է ասում Սերժ Սարգսյանը, ի՞նչ է նա մտածում քաղաքագիտական իմաստով: Ո՞րն է ընդհանրապես նրա փիլիսոփայությունը: Բոլորը շունչները պահած սպասում են, թե ինչ նոր փորձանք է մոգոնում այդ մարդը: Ինչու՞: Որովհետև այդ մարդը կեղծել է նախագահի բազմաթիվ ընտրություններ, երկու նախագահի ընտրություն կեղծել է հատկապես իր անձի համար և բացարձակապես շահագրգռված չէ միտք աշխատեցնել: Որովհետև պարտավորված չէ նրանց առջև, ովքեր իրեն չեն ընտրել:
Աննախադեպ արտագաղթը հենց դրա արդյունք է, երկրից փախչում են բոլոր նրանք, ովքեր արհամարհված են, ովքեր այստեղ կորցրել են մուննաթի իրավունքը: Եվ հիմա այս մարդը ստիպված է նահանջել, առաջին անգամ ոչ լեգիտիմությունը տալիս է առարկայական պտուղներ, առաջին անգամ իշխող կուսակցությունը չի կարող ողորմածաբար պորտֆելներ բաժանել մյուս կուսակցություններին, հիմա նա դա անելու է ստիպված, որովհետև իշխանության իրական կրողները նրա ազդեցությունից դուրս են: Այդ օրը վաղ թե ուշ պիտի գար, և այդ օրը չէր գա, եթե պարզապես կեղծվեին ընտրությունները, պետք է ասպարեզ գային ուժեր, որոնք կգեներացնեին հասարակության քաղաքական և քաղաքացիական անհնազադությունը:
Սերժ Սարգսյանը գիտի, որ այլևս իշխանության որևէ լծակի չի տիրապետում: Նա ոչ միայն օրինաչափորեն հեռացող նախագահ է, այլև օրինաչափորեն հեռացող է իշխանություն ձևավորելու նրա մենթալիտետը: Մնում է, որ այդ հեռացումը ոչ իշխանական չորս ուժերը գեներացնեն մեկ անգամ ընդմիշտ, անվերադարձ և ոչ ցավոտ: Մենք արդեն բազմիցս տեսել ենք, թե ինչպես է իշխանությունը համախմբվում և ոչնչացնում իշխանափոխության շարժումը:
Մհեր Արշակյան










