Գլխավոր Լրահոս

Սիրիա. Քեսապի պայքարն ու հայերի պատմությունը. Վիգեն Չեթերյան

Սիրիա. Քեսապի պայքարն ու հայերի պատմությունը. Վիգեն Չեթերյան

Opendemocracy.net կայքում լույս է տեսել քաղաքական վերլուծաբան և լրագրող Վիգեն Չեթերյանի «Սիրիա. Քեսապի պայքարն ու հայերի պատմությունը» վերնագրով հոդվածը, որը որոշ կրճատումներով և թարգմանաբար ներկայացված է ստորև:

2014թ. մարտի 21-ին սիրիական ընդդիմության կոալիցիայի մարտիկները մտան Քեսապ քաղաք, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում և հյուսիսից սահմանակից է Թուրքիային, իսկ արևմուտքից՝ Միջերկրականին: Այս գործողությունը հետևեց Քալամուն քաղաքում սիրիական վարչակարգի հաղթանակին և սիրիա-լիբանանյան սահմանին վերահսկողություն հաստատելու նրա փորձին:

Այս երկու ռազմական գործողությունները մեկ անգամ ևս բացահայտում են, որ սիրիական ներքին իրականությունում և միջազգային մակարդակով որոշակի հավասարակշռություն է հաստատվել, որի պայմաններում մեկ կողմի՝ մյուսի հանդեպ հաղթանակը բացառվում է և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ հեռանկարում: Ժնև-2 համաժողովը և նախապատրաստությունը 99%-ով նոր նախագահական ընտրությունների նույնպես կանխում են բանակցային ճանապարհով լուծում գտնելու տարբերակը, և միակ այլընտրանքը ավերիչ պատերազմի շարունակումն է:

Քեսապի ռազմական գործողությունը նաև քարոզչական պատերազմ հրահրեց վարչակարգի և ընդդիմության միջև՝ դրա մեջ ներմուծելով հայկական տարրը: Իրավիճակը տեղում մնում է անորոշ՝ չնայած հայտնի է, որ 620 քեսապցի ընտանիք տարհանվել է մերձակայքի Լաթաքիա նավահանգստային քաղաքը, մի քանի տասնյակ մարդ էլ (հիմնականում տարեցներ) մնացել է քաղաքում: Սիրիայի կառավարամետ մամուլը խոսում է այն մասին, որ ջիհադականները հարձակումներ են գործում քրիստոնյաների վրա, ոչնչացնում եկեղեցիները և թալանում մասնավոր սեփականությունը: Հրապարակումները հաճախ ուղեկցվում են ահասարսուռ նկարներով և տեսանյութերով, որոնք միանգամայն այլ ծագում ունեն: Այդ պարբերականները նաև մեղադրում են Թուրքիային հարձակումը կազմակերպելու մեջ և այն ներկայացնում որպես հակահայկական ևս մեկ ագրեսիա, ինչպես նաև վերահաստատում Թուրքիայի թշնամական վերաբերմունքն առհասարակ Սիրիայի նկատմամբ:

Տեղեկատվական արտահոսքը բուն Թուրքիայում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները կարծես քննարկում են Թուրքիայի ռազմական միջամտությունը սադրիչ գործողությամբ քողարկելու տարբերակը, արժանահավատ են դարձնում Սիրիայի պաշտոնական պնդումները:

Ռազմական տեսանկյունից ընդդիմադիր մարտիկները վերջին մեկ տարում ցանկացած պահի կարող էին գրաված լինել Քեսապը այն բանից հետո, երբ վերահսկողություն էին հաստատել քաղաքից արևելք գտնվող լեռներում: Նրանք չէին մտել քաղաք, քանի որ դա Թուրքիայի կառավարությանը միջազգային դժվար դրության մեջ կդներ: Հասկանալու համար՝ ինչու փոխվեց Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, ես դիմեցի Ռոբեր Քոփթաշին՝ Ստամբուլում լույս ստեսնող «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագրին: Նրա բացատրությունը հիմնված էր Թուրքիայի ներքին քաղաքականության վրա: Այսպես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին կառավարող ԱԶԿ-ին [«Արդարություն և զարգացում» կուսակցություն - ՍիվիլՆեթ] անհրաժեշտ էր իր ընտրողներին ցույց տալ «հաղթանակ» Սիրիայում՝ մի բան, որ հրատապ դարձավ երկրի կենտրոնում ընդդիմության վերջին կորուստներից հետո:

«Ակօսում» լույս տեսած իր հոդվածում Քոփթաշը գրել է, որ Սիրիայում և Թուրքիայում բազմաթիվ հայկական կազմակերպություններ կարծում են, որ հարձակումը կարող էր տեղի ունենալ միայն Թուրքիայի համաձայնությամբ և նրա նյութական աջակցությամբ: Թուրքիայի ռազմական միջամտությունն ընդգծվում է սիրիական օդանավի ոչնչացման փաստով՝ մի բան, որ Թուրքիայի բանակը չէր արել 2012-ին, երբ սիրիական կողմը ոչնչացրել էր թուրքական F-4 Phantom ինքնաթիռը և սպանել երկու օդաչուի:

Անցյալը ներկա է

Շատ ժամանակ է անցել, ինչ արաբական հանրային կարծիքը ծանոթացել է հայերին և նրանց պատմությանը կամ առնվազն «մոռացել է» այն: 1970-ականներին իմ մանկության օրրան Բեյրութում գերիշխող գաղափարը հիմնվում էր արաբական ազգային պայքարի վրա, որի կենտրոնում Պաղեստինն էր: Այս բանավեճում հայերը համարվում էին արաբների վշտակից, որոնք պայքարում են իրենց ազգային իրավունքների համար, իսկ Թուրքիան թշնամու՝ ՆԱՏՕ-ի և Իսրայելի կողմից էր: Վերջին տարիներին իրողությունը փոխվել է, և աստիճանաբար՝ այն պահերին, երբ հայկական կազմակերպությունների և Թուրքիայի միջև Ցեղասպանության հարցի շուրջ քաղաքական պայքար էր ընթանում, համացանցում առերեսվում էի հակահայկական ագրեսիվ քննարկումների: Արաբ հանրության արձագանքը շատ դեպքերում թշնամական էր հայերի նկատմամբ:

Այս շրջադարձն անշուշտ պայմանավորված էր Մերձավոր Արևելքում քաղաքական տեկտոնիկ փոփոխություներով: 2002թ. Թուրքիայում ԱԶԿ-ի՝ իշխանության գալը ոգեշնչեց արաբական հանրության լայն հատվածներին, հատկապես Մավի Մարմարայի գործողությունից հետո, որի նպատակն էր ճեղքել Գազայի շրջափակումը: Սա վկայում է այն մասին, թե որքան լքված էր զգում իրեն արաբական հանրային կարծիքը, որն արտաքին փրկչի կարիք ուներ: Հայերը դուրս մնացին նոր ձևավորվող այս բանավեճից:

Բայց նաև կարծում եմ, որ մերձավորարևելյան հայ մտավորականները մեծ պատասխանատվություն են կրում այս հարցում: 1915թ. տեղի ունեցածը պարզապես հայերի տառապանքը և միայն մեր ցավը չէ: Հայերի փորձությունը համընդհանուր նշանակություն ունի, և մարդկությունը դեռ չի քաղել անհրաժեշտ դասերը, որ պիտի քաղեր, նույնիսկ հիմա՝ 99 տարի անց: Վստահ եմ, որ հայերի փորձությունը մեծապես առնչվում է Սիրիայում ներկայիս պայքարին:

Ընդդիմության կողմից Քեսապի նվաճման երկու արձագանքներ հաստատում են իմ տեսակետը:

Առաջինը՝ Քեսապի դեպքերից մեկ շաբաթ անց՝ մարտի 28-ին, սոցիալական ցանցերում մեկնարկեց «Փրկիր Քեսապը» արշավը, որն արագորեն մեծ աջակցության և ուշադրության արժանացավ: ԱՄՆ-ի հայկական շահերի խմբերը Քեսապի դեպքերը կապեցին 1915-ի Հայոց ցեղասպանության հետ: Որոշ հրապարակումներում խոսվում էր ընդդիմադիրների կողմից «80 սպանված հայերի մասին»: Միանգամայն այլ վայրերում տեղի ունեցած սպանությունների տեսանյութեր հրապարակվեցին: Արշավը քաղաքական ենթատեքստ ստացավ մարտի 24-ին, երբ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմեց Բարաք Օբամայի վարչակազմին՝ կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա «այդ երկրից Քեսապ զինված ծայրահեղականների հոսքը» կանխելու համար: Ավելին՝ Երևանից շատ արագ խորհրդարանական պատվիրակություն ուղարկվեց, որի առաքելությունն էր ծանոթանալ Լաթաքիա տարհանված քեսապցիների դրությանը: Պատվիրակության անդամները նաև հանդիպեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և հանդես եկան հայտարարությամբ, որում աջակցություն հայտնեցին «ահաբեկչության դեմ» նրա գործողություններին: 2011թ. սիրիական հակամարտության սկզբից ի վեր հայ հանրությունն ընկալվեց որպես «բաշարամետ»:

Սիրիական ընդդիմության դիրքորոշումը պաշտպանող պարբերականում լույս տեսավ կարճ հոդված՝ «ԱՄՆ-ի հայերը աղավաղում են սիրիացի հեղափոխականների կերպարը՝ Թուրքիայի հետ հին հաշիվները մաքրելու համար» վերնագրով:

«Հայերը,- ասված էր հոդվածում, - մեղադրում են Թուրքիային Սիրիայի «ահաբեկչական խմբերին աջակցելու» և այնտեղի եկեղեցիները ոչնչացնելու մեջ: Նրանք այս արշավն ընկալում են որպես վրեժ և արդյունք խոր արմատներ ունեցող ազգամիջյան թշնամանքի, որը սկիզբ է առել անցյալ դարի երկրորդ տասնամյակում հայերի դեմ օսմանյան ջարդերից»:

Երկրորդ՝ սիրիական ընդդիմության գործիչ Ֆաուազ Թալլոն այսպես է մեկնաբանել Քեսապի դեպքերը. «Քեսապը սիրիական քաղաք է, ոչ հայկական: Հայերը հյուր են, որոնց ընդունել ենք մեր սիրիական հողի վրա հարյուր տարի առաջ, և այսօր ազատագրում ենք մեր հողը»: Նույն հարցազրույցում Թալլոն քննադատել է դաշնության գաղափարը՝ այն համարելով երկրի մասնատում տարբեր նեղ ուղղությունների:

Հայերն ու Սիրիան

Քեսապի հայերը հարյուր տարի առաջ Սիրիա եկած «հյուր» չեն: Քեսապի հայերը, ինչպես նաև դեպի հյուսիս գտնվող Մուսա լեռան հայկական գյուղերի բնակիչները, իրենց հողերում են բնակվում ավելի քան հազար տարի: Նրանք մաս էին կազմում Կիլիկյան հայկական թագավորության (1198-1375թթ.), չնայած կան այլ վկայություններ, որ Մուսա լեռան հայերն այնտեղ բնակվել են դրանից նույնիսկ մի քանի դար առաջ: Նրանց հատուկ բարբառն ընդգծում է այդ փաստը:

Քեսապի և Մուսա լեռան պատմությունն անչափ հետաքրքիր է, ինչպես վկայում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը (1933), թեև դա այլ պատմություն է: Միայն երկու գյուղեր են վերապրել մինչև այսօր, որոնք խոսում են Մուսա լեռան բարբառով: Մեկը Լիբանանի Անջարն է, որտեղ ապրում են նրանց սերունդները, ովքեր նախընտրել են հեռանալ իրենց հողից, երբ 1939թ. Ֆրանսիան որոշել էր փոխանցել Ալեքսանդրետի սանջաքը քեմալական Թուրքիային: Մյուսը Թուրքիայում գտնվող Վաքըֆլը գյուղն է՝ 135 բնակչով, որը որոշել է մնալ: Վաքըֆլըն Թուրքիայում հազարավոր գյուղերից, քաղաքներից մնացած միակ հայկական գյուղն է, որը գոյություն է ունեցել հայկական պատմական հողում մինչև 1915թ.:

Եթե սիրիացի քաղաքական գործիչները հետաքրքրված լինեին հայերի պատմությամբ, նրանք կիմանային, որ մեծ տերությունները երբեք չեն ուղարկում իրենց զինված ուժերը ինչ-որ ժողովրդի սպանդից փրկելու համար: Համիդյան ջարդերի ժամանակ՝ 1894-96թթ., երբ սպանվեց օսմանյան կայսրության շուրջ 300 հազ. հայ (սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք), եվրոպական տերությունները, որոնք Օսմանյան կայսրության ազգային փոքրամասնություններին պաշտպանելու իրավական պարտավորություններ ունեին, դատապարտեցին ոճրագործությունները, բայց ոչ ավելին: Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ երիտթուրքերը «մահվան քարավաններով» տեղահանեցին ամբողջ հայ բնակչությանը, գերտերությունները խոստացան նրանց պատասխանատվության ենթարկել: Սակայն պատերազմից հետո ստիպված էին համագործակցել քեմալական Թուրքիայի հետ՝ ընդդեմ ուժեղացող բոլշևիկյան Ռուսաստանի, և հայ զոհերը շատ շուտով մոռացության մատնվեցին:

Հայոց պատմությունը վկայում է, թե որքան քաղաքական են «փոքրամասնություն» և «մեծամասնություն» հասկացությունները, որոնք ժամանակի ընթացքում փոխվում են: Հայերը մեծապես գնահատվել են օսմանյան սուլթանների կողմից, և հայ ազնվականության ներկայացուցիչները եղել են սուլթանի բանկիրներ, ճարտարապետներ և ձեռնարկատերեր: Արևելյան Անատոլիայում իրադրությունն այլ էր. տեղի գյուղացի հայերը պայքարում էին գերազանցապես քուրդ՝ զինված, քոչվոր ցեղերի դեմ: 1878թ. Բեռլինի պայմանագրից հետո, երբ գերտերությունները օսմանյան սուլթանից պահանջեցին հայկական շրջաններում բարեփոխումներ իրականացնել, սուլթան Աբդուլ Համիդը որոշեց վերացնել «հայկական հարցը» ջարդերի միջոցով՝ այս նպատակի համար օգտագործելով քրդերին:

Երիտթուրքերն այս քաղաքականությունը նոր մակարդակի բարձրացրին՝ տեղահանելով և կոտորելով հայկական ամբողջ բնակչությանը: 1914թ. Օսմանյան կայսրության 2,2 մլն հայերից 1923թ. Թուրքիայում մնաց 250 հազարը, իսկ այսօր՝ ընդամենը 60 հազարը: Ֆիզիկապես ոչնչացված հայ «փոքրամասնության» փոխարեն կոնֆլիկտում, որը դեռ պետք է լուծվի, նոր «փոքրամասնություն» և հետապնդումների զոհ դարձան քրդերը:

Պատմություն և արդարություն

Կարելի է երկու եզրակացություն անել: Առաջինը՝ խնդիրը «մեծամասնություն» և «փոքրամասնություն» հասկացությունների գոյությունը չէ. դրանք փոփոխական և քաղաքական սահմանումներ են: Խնդիրը բռնությունը՝ որպես քաղաքականության իրականացման գործիք, վերացնելն է: Երկրորդ՝ դաշնությունը, որպես «անջատողականության» դրսևորում մերժելը և կենտրոնացած պետության ձգտելը, ինչպես Ֆաուազ Թալլոն է անում, լավագույն լուծումը չէ:

Սակայն կարելի է անել երրորդ, ավելի մեծ եզրակացությունը. պայքարը արդարության և հիշողության համար շարունակվում է ցանկացած պատերազմի ավարտից հետո: Հանցավոր վարչակարգերի կողմնակիցները շարունակելու են մեղադրել զոհերին և արդարացնել ոճրագործներին: Մյուսներն էլ քեզ կանվանեն «վրիժառու», իսկ քո պայքարը՝ «խոր արմատներ ունեցող թշնամանք»: Հետևաբար այսօր կարևոր է փաստագրել Սիրիայում կատարվող հանցագործությունները: Հայերի դեպքում արդարության համար պայքարը շարունակվում է արդեն 99 տարի:

Ոչ մի դեպքում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը չի կարող ծառայեցվել մի վարչակարգի, որը սպանում է իր ժողովրդին և մի բռնապետի, որը ոչնչացնում է իր երկիրը քաղաքական մենաշնորհը պահպանելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում