Գլխավոր Լրահոս

Պարտադիր վճար չկատարելը ձեռնտու է

Պարտադիր վճար չկատարելը ձեռնտու է

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծված ներկա անորոշությունների պայմաններում պարտադիր վճարներ չկատարելը ֆինանսական ավելի փոքր վնասների կարող է հանգեցնել, քան փոխանցելը։

Գործատուները՝ որպես հարկային գործակալ, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ մինչև ապրիլի 20-ը աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը պետք է փոխանցեն «կամուրջ» հաշվին։ Մյուս կողմից, Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը հստակ չէ և տարընթերցումների տեղիք է տալիս, և գործատուները կանգնել են անորոշությունների առջև։

Թեև ՍԴ-ի որոշումով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչին վերաբերող մի շարք հոդվածներ ճանաչվել են հակասահմանադրական, սակայն հակասահմանադրական դրույթների գործողության վերջնաժամկետ սահմանվել է սեպտեմբերի 30-ը։

Պետական մարմինները, մասնավորապես՝ ֆինանսների նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, չեն շտապում պարզաբանել՝ արդյո՞ք պետք է գործատուները աշխատակիցների աշխատավարձից 5% պահումներ անեն և վճարեն պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարները։ Պետական գերատեսչությունների լռությունը հասկանալի է, քանի որ մի կողմից կա ՍԴ-ի որոշման տարընթերցում, մյուս կողմից՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի ապրիլի 3-ի հրաժարականը ստեղծել է անորոշություններ։

Առկա անորոշությունների պայմաններում, երբ նույնիսկ պետական գերատեսչությունները հստակ չգիտեն՝ գործում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, թե ոչ, գործատուին մնում է շարժվել նվազագույն ֆինանսական ռիսկեր պարունակող ճանապարհով՝ չշտապել և գոնե մարտ ամսվա համար չկատարել պարտադիր վճարները։ Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ չվճարելու դեպքում գործատուների և աշխատակիցների ֆինանսական կորուստներն ավելի փոքր են, քան պարտադիր վճարումները կատարելու դեպքում։

Թեև գործատուների չվճարած գումարների վրա հաշվարկվում են օրական տույժեր՝ 0,15%, այդ գումարը գնում է ոչ թե պետբյուջե, այլ աշխատակցի կուտակային հաշվին։ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածով ամրագրված է, որ պարտադիր կուտակային վճարներ չկատարելու համար գանձված տույժերի հաշվին ձեռք են բերվում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի այն փայերը, որին այդ պահին պարտադիր կուտակային վճարներ է կատարում մասնակիցը։

Պարզ ասած՝ եթե 200 000 դրամ անվանական աշխատավարձ ստացող աշխատակցի աշխատավարձից գործատուն՝ որպես հարկային գործակալ, պահում է կատարում 10 000 դրամ (աշխատավարձի 5%-ը) և փոխանցում, ապա մեկ ամիս չվճարելու դեպքում տույժը կազմում է 450 դրամ։ Հասկանալի է, որ եթե մինչև սեպտեմբերի 30-ը իշխանությունները կայացնեն քաղաքական որոշում և չեղյալ հայտարարեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, և առաջանա քաղաքացիների հաշվին կուտակված միջոցների վերադարձման կամ չվերադարձման խնդիր, ապա տույժերի դեպքում քաղաքացիների ֆինանսական կորուստները կլինեն մինիմալ։

Հաշվի առնելով մտավախությունը, որ նույնիսկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չեղյալ հայտարարելու դեպքում աշխատակիցներին չեն վերադարձվելու մինչ այդ հավաքագրված գումարները, ներկա անորոշությունների պայմաններում նախընտրելի է, որ գործատուները չշտապեն կատարել վճարումներ՝ ֆինանսական հետագա ավելի մեծ կորուստներից խուսափելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում