Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարի Հայաստանում ներքին պահանջարկի վերականգնում է ակնկալում։
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) անփոփոխ է թողել Հայաստանի տնտեսության աճի այս տարվա կանխատեսումը՝ ցուցանիշը կարող է կազմել 4,3%։ Կառավարությունն ընթացիկ տարում ակնկալում է 5,2% աճ, Համաշխարհային բանկը՝ մինչև 5%։
Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (World Economic Outlook) զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունն այս տարի կաճի 4,3%-ով, 2015-ին՝ 4,5%-ով։ Հարևան Վրաստանում և Ադրբեջանում այս տարի տնտեսական աճը կարող է կազմել 5%, Թուրքիայում՝ 2,3%։ Ռուսաստանի տնտեսություն աճի նախորդ կանխատեսումը հիմնադրամում նվազեցրել են 0,6 տոկոսային կետով՝ մինչև 1,3%։ Համաշխարհային տնտեսությունն այս տարի կարող է արձանագրել 3,6% աճ՝ 2013թ. 3%-ի դիմաց։ 2015թ. համաշխարհային տնտեսությունը կաճի 3,9%-ով։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այս տարվա ընթացքում Հայաստանում և Վրաստանում վերականգնվելու է ներքին պահանջարկը։ Երկու այս երկրները, լինելով բյուջետային կոնսոլիդացիայի կողմնակիցներ, այս տարի նախատեսում են հարկաբյուջետային քաղաքականության մեղմում։ «Տնտեսության հետագա աճի համար անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, գործարար միջավայրի բարելավում, տնտեսության դիվերսիֆիկացում, արտաքին շուկայում մրցունակության բարելավում», արձանագրում է զեկույցը։
Civilnet











