Գլխավոր Լրահոս

Թիրախավորել զգայուն կետը. Շահան Գանտահարյան

Թիրախավորել զգայուն կետը. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Թիրախավորել զգայուն կետը» վերնագրով հոդված է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Քեսապահայության զորակցության և միաժամանակ կատարվածի մեջ Անկարայի դերակատարության բացահայտման և բողոքի քարոզչաքաղաքական գործողությունները ստացել են համահայկական թափ և տարողություն:

Միջազգային հանրության և պաշտոնական կառույցների մոտ այս հարցի արծարծումը վառ պահելու միտող հատկապես ռուսական քաղաքականությունը ևս սուր կերպով զգալի է: Մինչ ուշանում է սիրիական բանակի հակահարվածը` տեղի տալով այն մեկնաբանությանը, որ Քեսապի գրավման և Քեսապահայության տարհանման (հաճախ օգտագործված տեղահանման) երևույթը ռուսական կողմը դեռևս պիտի օգտագործի իբրև Ղրիմի դիմաց հակակշիռ գործողություն:

Աննկատ չէ նաև այն տեսակետը, որ զինյալ խմբավորումների մեկտեղմանը և դեպի սիրիական տարածքներ ներքաշմանը պիտի հետևի նրանց մաքրագործման մի մեծ գործողություն:

Այս բոլորը քաղաքական մեկնաբանություններ են, որոնք կարող են չիրականանալ կամ որոնք քարոզչական պատերազմի պարունակում իբրև փորձի փուչիկներ կարձակվեն այս կամ այն վերլուծական կայքի հետևում կանգնած քաղաքական ուժի կողմից:

Անկարան այս բոլորի մեջ պիտի փորձի շրջել այն դիմագիծը, որը միջազգային հանրությունը ընկալում է իր նկատմամբ: Առավելագույն լուսարձակներ կբացվեն Թուրքիայի կողմից թուրքական տարածք տարված Քեսապցիների նկատմամբ գերհյուրընկալություն ցուցադրելով:

Քեսապը իբրև մարդկային աղետ ներկայացնելու ռուսական քաղաքականությունն ու թուրքական գերհյուրընկալության ցուցադրությունները թվում է, որ որոշ ժամանակի համար պիտի շարունակվեն:

Մինչ այդ, մենք հեռու չենք ապրիլյան ոգեկոչական ձեռնարկներից: Այստեղ քարոզչաքաղաքական նյութերի սահմանազատումը անհրաժեշտ է: Ցուցական գործողությունների ընթացքում հասկանալի է, որ զգացականությունը իր մեծ տեղն է գրավում: Ամբոխային տրամաբանությունը իր հաստատած օրինաչափությունները ունի և նման զեղումնային պոռթկումներ չակնկալելը իրատեսական չէ:

Ժողովրդային դրսևորումների և պաշտոնական հայտարարությունների միջև տարբերությունները զգալի են իհարկե: Երկրորդի դեպքում բովանդակային և մանավանդ քաղաքական նուրբ անկյունների հաշվարկ կատարող միտումները գերակշիռ են: Դրանք են, որ հետևանքների հաշվարկն են անում և ըստ այնմ քաղաքական բառապաշար և ուղերձների փոխանցման եղանակներ ճշտում:

Հիմա պահն է թիրախավորված քարոզչական աշխատանքի ճշտման: Քեսապի հարցը, որ ստացել է միջազգային հնչեղություն, որևէ ձևով պետք չէ զուգահեռել ցեղասպանության հետ: Սա ոչ միայն օգտակար չէ, այլև ընդհանուր ռազմավարական մոտեցմանը վնասակար: Հայ հրապարակագրության հետևողները գիտեն, որ Սումգայիթի և Բաքվի դեպքերը նույնիսկ չեն բնութագրվում «ցեղասպանություն» բառեզրով. որոշ ժամանակ հետո էր, որ այդ դեպքերը բնութագրվեցին «եղեռնագործություն» բառակապակցությամբ: Բառերը, հասկացողություններն ու զուգահեռները ավելի քան կարևոր են այս դեպքում:

Քեսապի հարցի արծարծման մեջ հայկական կողմը քարոզչաքաղաքական գործողությունների կազմակերպման իր աշխատանքների ընթացքում հստակ թիրախներ ընտրելու հարկադրանքի առջև է: Հայտնապես այստեղ հայկական թեմայի վրա կենտրոնացումը այնքան արդյունքներ չի ապահովում: Աշխարհաքաղաքական այլ կենտրոնները շարունակում են հայկական թեման, բնօրրանից դուրս գտնվող հայ գաղթականության իրավիճակը  բարձրագոյւն տարողություններով օգտագործելու միտումներ դրսևորել: Բացառված չէ, որ Թուրքիա տարված հայ գաղթականության փոքրաթիվ երևույթը թուրքական մեծ լուսարձակներ խլի Անկարայի կողմից հայտարարված «հայրենադարձության» մարտավարական խաղերի պարունակում:

Հայտնապես, զգայուն կետը ոչ հայկական թեման է. Անկարայի կողմից միջազգային ահաբեկչության ֆինանսավորման, զինման և տարանցիկ ճանապարհ հարթելու իրականությունը: Սրանով էլ բացատրվում է Թուրքիայի արտգործնախարարության բանբերի հայտարարությունը, թե ամոթալի զրպարտանք է և անհիմն մեղադրանք ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ասածը, թե Ալ Կաիդայի զինյալները օգտագործել են Թուրքիայի տարածքը Քեսապի վրա հարձակումը կազմակերպելու համար:

Սա է զգայուն կետը, թիրախը, որը իբրև նշանակետ պետք է նկատի ունենա հայկական կողմը:

 

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում