Գլխավոր Լրահոս

Նախագահականի գիժ խաղացողը

Իմ կինը հղի է: Արդեն 5 ամիս: Անզեն աչքով՝ նույնիսկ 9 ամիս: Այսինքն` հեսա-հեսա: Նրա հղիությունն այնքան նկատելի է, որ կին, երեխա, մայր ունեցող ցանկացած մեկը նրա հետ կվարվի որպես բացառիկ իրավիճակում գտնվող մեկի: Կինս նաև լրագրող է: Ապրիլի 10-ին նրան հրավիրել են նախագահի նստավայր, որպեսզի մասնակցի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ասուլիսին: Բնականաբար, նախագահական մտնելու համար պետք է անցնի անվտանգության ազդանշանային համակարգի միջով:

Կինս անցակետի անվտանգության պատասխանատու սպային ասում է. «Ես հղի եմ, չեմ կարող ռիսկի ենթարկել երեխային ձեր համակարգի ճառագայթներով»: Հիշյալ պատասխանատուի արձագանքը. «Ի՞նչ անեմ` հղի ես, անցի´»: Կինս պնդել է, որ հիշյալ սարքը վտանգավոր է պտուղի համար: Ընդ որում, իրենք՝ անցակետի պատասխանատուները, նույնպես տեղեկացված են հղիների համար հիշյալ սարքի վտանգավորության մասին: Անցակետի տղամարդ շարքային ոստիկանն առաջարկել է կնոջս ստուգել ձեռքի մետաղորսիչով (ի դեպ, մետաղորսիչով ստուգելու իրավունք էլ չկա, նման դեպքերի համար անվտանգության ծառայություններն ունենում են կին աշխատակից, որն էլ դառնում է հղի կանանց «մետաղորսիչը»): Անցակետի պատասխանատու սպան իրենն է պնդել. «Ոչ, ինքը պետք է անցնի հենց սրա տակով»: Կինս վիրավորվել է, միջադեպին ներկա անցակետի աշխատակից կանայք նույնպես չեն միջամտել տեղի ունեցածին: Ոչ ոք այդ սպային կարգի չի հրավիրել: «Դուք ստեղ առաջին անգամ եք, ես ձեզ չեմ ճանաչում»,- իր «հետևողականությունը» պնդել է սպան: Այսինքն, եթե մարդուն չես ճանաչում, հղիությունը կարգավիճակ չէ: Եթե մարդուն չես ճանաչում, մետաղորսիչն ավելին է, քան պտուղը: Եթե մարդուն չես ճանաչում, դու տղամարդ ես, իսկ դիմացինդ կին չէ:

Անկեղծ ասած` երբևէ չեմ կասկածել, որ այս երկրում կարող է պաշտոնավարել նաև խոտը: Կամ՝ բակտերիան: Ես գիտեի, որ պետական ապարատը խոտի և բակտերիաների ավելցուկ է տվել: Երկրի իրավիճակը հենց այդ մասին է: Պարզ է նաև, որ բազմաթիվ ուրիշ հղիներ են նման վերաբերմունքի ենթարկվել: Թեմա է դառնում իմ կինը, որովհետև այս մեկին եմ տեղյակ: Ավելին` ինձ հենց նախագահի նստավայրի անցակետի ոստիկաններն են ասել, որ այս սարքի տակով չեն կարող անցնել հղիները, սարքն ուղղակի հակացուցված է նրանց: ԱԺ մտնելիս անցակետում կա այդպիսի մի հսկիչ անվտանգության սարք: ԱԺ անվտանգության աշխատակիցները առանց երկարացնելու հղի կնոջը թույլ են տալիս շրջանցել սարքը: Նրան ստուգում են ձեռքի մետաղորսիչով: Այլ խոսքով, խնդիր չի առաջանում:

Ուրեմն, ինչո՞ւ է նախագահի նստավայրի անցակետի անվտանգության պատասխանատուն այդքան ամբարտավան վարվել հղի կնոջ հետ: Կարող եմ ենթադրել, որ նույն օրը կամ մի քանի օր առաջ նրան վիրավորել է որևէ հղի կին: Կամ՝ ունի սիրելի մեկը, որը չի հղիանում: Կամ՝ ընդհակառակը, սիրել է մեկին, որը հղի է ուրիշից: Կարճ ասած` պաթոլոգիկ ատելություն ունի հղիների հանդեպ: Հետևաբար վտանգավոր մարդ է, որը ոչ թե պետք է ոստիկան աշխատի, այլ գտնվի ոստիկանների և հոգեբույժների հսկողության տակ: Ո՞վ է տեսել, որ ուսադիրներով տղամարդն ինքնահաստատվի հղի կնոջը նվաստացնելով: Եղբայր, եթե դու գինեկոլոգ չես, դա քեզ չի ազատում քո պարտականության դաշտում գտնվող հղիի և նրա առողջության հանդեպ պատասխանատվությունից: Եթե քո տղամարդկությունը բռնում է միայն հղի կնոջ տեսնելուց հետո, արդեն ուշ է տղամարդ լինելը, բայց էդ անտեր անցակետը, միևնույնն է, հարաբերություններ պարզելու տեղ չէ: Եթե հղի կինն իսկապես ատելի է քեզ, դա քո խնդիրն է, ուրեմն, մտիր որևէ պոլիկլինիկա, թող հոգիդ «էխո» անեն: Թե չէ` Սերժ Սարգսյանին կամ Միքայել Մինասյանին էդ համակարգի տակով չանցկացնելով չես ապացուցի, որ հոգեպես առողջ ես և կարող ես գիժ խաղալ հղի կանանց վրա:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում