Գլխավոր Լրահոս

Վերարտադրության ճգնաժամ

Վերարտադրության ճգնաժամ

Ապրիլի 10-ին Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը: Առաջարկված հայեցակարգի ընդհանուր դրույթներին դեռ կանդրադառնանք:

Քաղաքական նկատառումներից ելնելով՝ ամենակարևոր կետը վերաբերում է պետության կառավարման ձևի փոփոխությանը: Ըստ հայեցակարգի նախնական տարբերակի՝ նախատեսվում է անցում կատարել բացարձակ խորհրդարանական կառավարման: Այդ պարագայում Սերժ Սարգսյանը սահմանադրական իրավունք է ստանում հավակնելու վարչապետի պաշտոնին և երորրդ անգամ ստանձնելու երկրի ղեկավարի պաշտոնը, ընդ որում՝ առանց ժամկետային սահմանափակման:

Այս հանգամանքը հիմք է տալիս պնդելու, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իր իշխանության վերարտադրությունը այլ ձևի մեջ ապահովելու համար։

Փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդպմանը Սերժ Սարգսյանը, փորձելով փարատել մտահոգությունները, հայտարարել է, որ այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահ և չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին:

«Ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,- մասնավորապես նշել է Սերժ Սարգսյանը:

Հարկ է ուշադրություն դարձնել վերջին նախադասությանը՝ «եթե [...], ապա [...]»: Հարց է առաջանում, եթե ընտրվում է միջանկյալ որևէ տարբերակ, այդ դեպքում Սերժ Սարգսյանը առաջադրվելո՞ւ է վարչապետի պաշտոնում, թե՞ ոչ: Դատելով «եթե»-ից, կարելի է ասել, որ նա առնվազն այդ տարբերակը չի բացառում: Իսկ խորհրդարանական և նախագահական կառավարման ձևերի միջև  միջանկյալ տարբերակ կարելի է գտնել, օրինակ՝ կիսանախագահական կառավարման համակարգը՝ խորհրդարանի և վարչապետի առավել ուժեղացված դերակատարմամբ, որտեղ վարչապետը դիրքով առնվազն չի զիջի նախագահին: Այս դեպքում Սերժ Սարգսյանը որևէ խոստումով իրեն չի կաշկանդում վարչապետի աթոռը զբաղեցնելու համար:

Իսկ եթե ամեն դեպքում անցում է կատարվում խորհրդարանական կառավարման համակարգի, ապա նա փաստորեն խոստանում է չառաջադրվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում