Գլխավոր Լրահոս

Տիգրան Սարգսյանի կառավարության չորս սխալները՝ ըստ Օսկանյանի

Տիգրան Սարգսյանի կառավարության չորս սխալները՝ ըստ Օսկանյանի

Վարդան Օսկանյանը նշել է, որ ճգնաժամի ժամանակ դրսից բերված փողերից կառավարության գաղտնի որոշումներով բարձր տոկոսներով վարկեր են տրվել դրսի հայ գործարարներին:

Ապրիլի 12-ին ոչ իշխանական չորս ուժերի՝ Ծաղկաձորում կազմակերպված «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագիրը կրող համաժողովին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ելույթում նշել է, որ ներկայում Հայաստանում տնտեսական բոլոր խնդիրները պայմանավորված են քաղաքականով:

«Մինչև բոլոր քաղաքական խնդիրները չլուծվեն, դժվար կլինի տնտեսական խնդիրները լուծել»,- ասել է Օսկանյանը՝ առանձնացնելով Տիգրան Սարգսյանի կառավարության թույլ տված չորս հիմնական սխալներ:

Առաջին սխալը, ըստ Օսկանյանի, այն է, որ Հայաստանի կառավարությունը չկարողացավ կանխատեսել համաշխարհային տնտեսական ճգնաժամը. «Ակնհայտ էր, բայց չտեսան կամ չուզեցին տեսնել: Հիշու՞մ եք հայտարարությունները, որ ճգնաժամը մեր կողքով է անցնելու, Հայաստանը դրանից ավելի ուժեղ է դուրս գալու և այլն»:

Երկրորդ սխալը, ըստ նրա, այն է, որ երբ տեսան, որ ճգնաժամն անխուսափելի է, չկարողացան կարճ ժամանակում ճիշտ ճգնաժամային տնտեսական ծրագիր մշակել. «2008թ. 9% աճով ներկայացված բյուջեն 2009թ. կեսերին չուզեցին փոխել: Այսինքն՝ պնդեցին իրենց տեսակետները: Երբ 9% աճով բյուջեն վերջում ավարտվեց 15% տնտեսական անկումով, կառավարությունը բացահայտեց, որ ամբողջ մի տարի 25% բացով բյուջե է իրականացրել, ինչն աներևակայելի է»:

Երրորդ սխալն այն էր, որ երբ ճգնաժամը արդեն հարվածել էր Հայաստանին, դրսից մեծ քանակությամբ՝ ավելի քան 1 մլրդ դոլար փողեր բերեցին, սակայն չկարողացան դրանք ճիշտ օգտագործել: Օսկանյանի խոսքով՝ այսօր այդ փողերի բեռը մենք զգում ենք, հաջորդ կառավարությունն էլ է զգալու, և բյուջեն դրանով այնքան է ծանրաբեռնված, որ շատ այլ ծրագրեր են տուժելու:

Նախկին արտգործնախարարը նշել է, որ խոսակցություն կա, որ այդ փողերից բարձր տոկոսներով վարկեր են տրվել այլ երկրներում հայ գործարարներին: Օսկանյանն ասել է, որ իր տեղեկություններով՝ այդ գումարները տրամադրվել են կառավարության գաղտնի որոշումներով:

«Դրսից ստացված վարկերը բարձր տոկոսներով տրվել են ինչ-որ գործարարների, որպեսզի օգտագործեն, քանի որ կառավարությունն ինքը տեղ չի ունեցել այդ փողերը ծախսելու համար»,- ասել է Օսկանյանը:

Չորրորդ սխալը, ըստ նախկին արտգործնախարարի, այն է, որ այս տարիների ընթացքում կառավարությունը համարձակություն չի ունեցել բարեփոխումներ իրականացնել, որոնք շատ անհրաժեշտ էին ճգնաժամային պայմաններում: «Եթե որևէ բարեփոխում արեցին, դա ոչ թե նպաստում էր տնտեսական զարգացմանը, այլ խաթարում էր այն»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ բոլոր սխալները միասին հանգեցրել են նրան, ինչ ունենք այսօր:

Օսկանյանի խոսքով՝  նախորդ վեց տարիների ընթացքում կառավարությունը գնաճի դեմ պայքարի և բյուջեի իրականացման գերին էր դարձել:

«Ես կարծում եմ, որ հաջորդ կառավարությունը պետք է էապես փոխի այդ թիրախները և թիրախ նշանակի տնտեսական աճը, տնտեսական զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը և ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը: Թվում է՝ այս երկուսը մոտավորապես նույնն են, և իրար փոխլրացնում են, բայց մտածողության, գաղափարախոսության խնդիր կա: Օրինակ՝ եթե քո թիրախը գնաճի զսպումն է, դա ենթադրում է բարձր տոկոսադրույք, զսպողական ֆինանսավարկային և բյուջետային քաղաքականություն, դա ենթադրում է, որ պետք է աշխատավարձերը չավելացնես, դա ենթադրում է, որ դրամի փոխարժեքը, այսինքն՝ դրամի ուժը, բարձր պահես, դա ենթադրում է այլ քայլեր, որպեսզի դու սղաճը հսկողության տակ պահես: Այս բոլորը հակադրվում է այն ամենին, ինչը տնտեսական աճ կապահովի:

Ես չեմ ասում, որ պետք է արհամարհել գնաճը, բայց գնաճի զսպումը պետք է դիտարկել տնտեսական աճի կոնտեքստում: Այստեղ շեշտադրումների խնդիր է: Եթե քո շեշտադրումը ոչ թե գնաճի զսպումն է, այլ տնտեսական աճը, արդեն քո մտածողությունը փոխվում է, արդեն դու մտածում ես աշխատավարձերի, թոշակների բարձրացման, բանկային տոկոսադրույքներ իջեցման, դրսից ներդրումների ապահովման մասին»,- նշել է նա:

Միջազգային տնտեսագիտության մեջ բանավեճ կա, թե արդյոք ճգնաժամի պայմաններում պետք է զսպողական և խնայողական քաղաքականությո՞ւն վարել, թե՞ աճի քաղաքականություն: Օսկանյանը համոզմունք է հայտնել, որ շեշտը պետք է դրվի աճի վրա: «Մեզ մոտ վեց տարի ճիշտ հակառակն է արվել»,- ասել է նա:

«Հաշվի առնելով Հայաստանի պայմանները՝ արտագաղթը, ժողովրդի ծանր վիճակը, պետք է շեշտադրումների փոփոխություն անենք, չվախենանք ասել ընդլայնված ֆինանսավարկային, հարկաբյուջետային քաղաքականություն: Երբ սա լինի մեր առանցքը, կունենանք նաև տնտեսական առաջընթաց: Բայց չմոռանանք երկու հանգամանք՝ բարեփոխումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին, և քաղաքական խնդիրների լուծում, առանց որ տնտեսական քաղաքականության չենք կարող իրականացնել»,- նշել է Վարդան Օսկանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում