Գլխավոր Լրահոս

Թուրքիան տանուլ է տալիս սիրիահայերի շուրջ քարոզչական պատերազմը

Թուրքիան տանուլ է տալիս սիրիահայերի շուրջ քարոզչական պատերազմը

Al-Monitor կայքում լույս է տեսել թուրք սյունակագիր և լրագրող Ամբերին Զամանի՝ «Թուրքիան տանուլ է տալիս սիրիահայերի շուրջ քարոզչական պատերազմը» վերնագրով հոդվածը, որը որոշ կրճատումներով և թարգմանաբար ներկայացված է ստորև:

«Մորուքավոր մարդիկ եկան մեր տուն: Նրանք թուրքերեն էին խոսում: Նրանք փորփրեցին մեր ունեցվածքը և հարցրին՝ արդյոք զենք ունենք»,- Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականին իր փորձության մասին պատմել է Սրբուհի Թիթիզյանը՝ Սիրիայի հյուսիսում գտնվող, հայերով բնակեցված և մարտի 21-ին ջիհադականների կողմից հարձակման ենթարկված Քեսապ քաղաքի փախստականը:

80-ամյա տկար կինը Քեսապի նվաճման համար մեղադրեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Եթե Էրդողանը չհարթեր դեպի Քեսապ ճանապարհը, այս բազմաթիվ չար մարդիկ չէին գա»,- ասել է Թիթիզյանը: «Թող Ալլահը կուրացնի Էրդողանին»,- ասել է նա թուրքահայ բլոգեր Արիս Նալջըի հետ զրույցում:

Մինչդեռ մեծ տպաքանակ ունեցող Hurriyet թերթի ընթերցողներին, որն անբարեխղճորեն պնդել էր, որ առաջինն է զրուցել քույրերի հետ, առաջարկվեց դեպքերի միանգամայն այլ վարկած: Պարբերականը մեջբերել է Սրբուհու խոսքերը, որը պատասխանելով մեղադրանքներին, թե Թուրքիան օգնել է կազմակերպել Քեսապի վրա հարձակումը, իբր ասել է. «Եթե այդպես լիներ, այդ դեպքում՝ ինչո՞ւ է կառավարությունը [թուրքական] մեզ օգնել»:

Սրբուհին և նրա քույր Սաթենիկը դարձան քարոզչական մի պատերազմի զոհեր, որում ներքաշված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմն ու հայկական սփյուռքն ընդդեմ Թուրքիայի և նրա կողմից սատարվող ընդդիմադիրների:

Իսլամիստ մարտիկները խոստացել են կանանց, որոնք սակավաթիվ մյուս տարեցների շարքում մնացել էին Քեսապում, որ կօգնեն նրանց միանալ համագյուղացիներին վարչակարգի վերահսկողության տակ գտնվող Լաթաքիայում և Տարտուսում: Սակայն նրանց փոխանցել են հարևան Հաթայ շրջանի թուրքական իշխանություններին:

Այդ պահից ի վեր քույրերը հաստատվել են Վաքըֆլըում՝ Թուրքիայում 1915-ից ի վեր մնացած՝ հայերով բնակեցված միակ գյուղում: Այդ ժամանակ էր, որ ավելի քան մեկ միլիոն հայեր օսմանցիների կողմից ենթարկվել էին զանգվածային կոտորածի, որը բազմաթիվ պատմաբանների համոզմամբ՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:

Հարյուր հազարավոր հայեր բռնի կերպով տեղահանվել են իրենց բնակավայրերից և «մահվան քարավաններով» քշվել սիրիական Դեր Զոր անապատ:

Ապրիլի 24-ին ցեղասպանության 99-րդ տարելիցից մի քանի շաբաթ առաջ Քեսապի արշավը միտված էր Թուրքիայի վարկաբեկմանը: Հենց այդ պատճառով, գրել է «Ակօսի» գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, Թուրքիան անցյալում կանխել է ընդդիմության մարտիկների հարձակումը Քեսապի վրա:

«Այսպիսով՝ ի՞նչն արագացրեց փոփոխությունը»,- հարցադրում է արել նա: Բազմաթիվ հայերի համար, ըստ Քոփթաշի, պատասխանը հեշտ ու կարճ է՝ «վնասել հայերին»: Նա նաև նշում է, որ քեսապահայերի կրած վնասից տուժում է նաև Թուրքիան: Ամենահավանական պատճառը, որ Թուրքիան այս անգամ չի կանգնեցրել ընդդիմադիրներին, այն էր, որ հակամարտության ընթացքը փոխվում էր հօգուտ ռեժիմի: Քեսապն ընդդիմադիրներին կտար հենակետ Լաթաքիայում և աննախադեպ մուտք Միջերկրական ծով: Սակայն ի՞նչ գնով:

Պարզվեց, որ ջիհադականների կողմից Քեսապում եկեղեցիների պղծման ու քրիստոնյաների գլխատման մասին պնդումները սուտ էին, և մինչև այս պահը քաղաքացիական մեկ անձի մահ է գրանցվել: Մինչդեռ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային «անհապաղ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ Քեսապում քաղաքացիական անձանց վրա հարձակումները դադարեցնելու և Թուրքիայի կողմից, ըստ հաղորդագրությունների, օտարերկրյա մարտիկներին ցուցաբերվող օժանդակությունը հետաքննելու նպատակով»:

ANCA-ն առաջամարտիկ է երկարատև այն արշավում, որի նպատակն է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հապճեպ կերպով զուգահեռներ անցկացրեց 1915-ի հետ: Հաագայում Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակում Սարգսյանն ասաց. «Բոլորս շատ լավ հիշում ենք Քեսապի պատմությունը: Դժբախտաբար, անցյալ դարերի ընթացքում այն լի է եղել հայերի տեղահանման դժոխային դեպքերով»:

Ամերիկահայ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանն ու Շերը միացան արշավին՝ «Փկիր Քեսապը» թվիթներով:

Թուրքիան հերքում է, որ որևէ առնչություն ունի Քեսապի վրա հարձակման հետ: Թուրքիայի արտգործնախարարության՝ ապրիլի 6-ի հայտարարության մեջ ասված է, որ այն «անհապաղ միջոցներ է ձեռնարկել ապահովելու համար Քեսապի ժողովրդի անվտանգությունը»: Թուրքիայի իշխանությունները համագործակցել են Հայոց պատրիարքարանի հետ՝ Թուրքիա տեղափոխվել ցանկացող հայերի անցումը հեշտացնելու համար:

Մոտ 18 քեսապցի հայ տեղափոխվել է Թուրքիա և միացել Թիթիզյան քույրերին Վաքըֆլը գյուղում, որտեղ նրանց հարցերով զբաղվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թուրքական պատվիրակությունը: Սակայն «Ակօսի» գլխավոր խմբագիր Քոփթաշը վստահ է, որ դա ավելի շատ քարոզչություն է, քան մարդասիրական առաքելություն:

«Մեզ համար ակնհայտ է, որ ընդդիմադիրների հարձակումը Քեսապի վրա կազմակերպվել է թուրքական տարածքից»,- ասաց Քոփթաշը Al-Monitor-ին՝ երկրորդելով թուրք-սիրիական սահմանից ականատեսների խոսքերին: - Թուրքիան այժմ չափազանց դժվար դրության մեջ է և փորձում է վերականգնել իր հեղինակությունը»:

Հեշտ է նկատել, թե ինչու են Թուրքիայի գործողություններն այդպիսի բանավեճի առարկա դարձել: 1915-ի սարսափները երբեք չեն վերանում հայերի հավաքական հիշողությունից: Թուրքիային մոտ գտնվող Քեսապում «Թուրքիայի հանդեպ զգացմունքները կարելի է բնութագրել որպես ոչ թե ձգտում կամ մղում, այլ հակակրանք»,- հիշում է հայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանը, որը մանուկ ժամանակ ամառային արձակուրդներն անց էր կացնում Քեսապում:

«Իմ հիշողություններում մնացել են խոսակցությունները ցեղասպանության և անմարդկային բռնությունների մասին, սակայն կար նաև հպարտության զգացում, որ Քեսապը հայկական մի շարք այլ գյուղերի՝ Արամոյի, Ղնեմիեի և Յակուբիեի հետ միասին ցեղասպանությունից հետո շարունակել է բնակեցված լինել հայերով»,- ասաց Բեզջյանը Al-Monitor-ին:

Թուրքիան հերքում է, որ ցեղասպանություն է եղել և ներդրել է միլիոնավոր դոլարներ մեծապես անհաջող մի արշավում առաջ տանելու համար իր վարկածը, ըստ որի՝ կործանվող Օսմանյան կայսրության քաոսում հայերը բնաջնջվել են գերազանցապես սովից և հիվանդություններից:

Անկարայի և հայերի միջև վստահությունն այնուհետև խաթարվեց արձանագրություններով, որոնք առաջ քաշեց և Հայաստանի հետ Անկարան ստորագրեց 2009-ի հոկտեմբերին. դրանցով նախատեսվում էր դիվանագիտական կապեր հաստատել և վերաբացել երկար փակված սահմանը նախկին խորհրդային հանրապետության հետ:

Փաստաթղթերի վրա թանաքը հազիվ էր չորացել, երբ Թուրքիան հայտարարեց, որ չի կարող կյանքի կոչել դրանք այնքան ժամանակ, մինչև Հայաստանը դուրս չգա առնվազն մի քանի տարածքից, որոնք նվաճել էր Ադրբեջանից 1994թ. ավարտված՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի անկլավի շուրջ վեց տարվա պատերազմի ընթացքում:

Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Մևլութ Չավուշօղլուն վերջերս հարցազրույցներից մեկում պնդել է, որ Հայաստանն արձանագրությունների ստորագրումից առաջ «բանավոր հանձնառություն էր ստանձնել իր նվաճման տակ գտնվող տարածքներից հեռանալու վերաբերյալ»: «Սակայն նրանք չկատարեցին խոստումը. դա Հայաստանի մեղքն է»,- նշել է Չավուշօղլուն:

Չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև պաշտոնապես սառեցված կապերին՝ ծաղկում են քաղաքացիական հասարակությունների նախաձեռնությունները՝ ուղղված անցյալի վերքերի սպիացմանը: Ավելի մեծ թվով թուրք գիտնականներ և մտավորականներ հերքում են 1915թ. տեղի ունեցածի պաշտոնական վարկածը: Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կոգեկոչվի ողբերգության զոհերի հիշատակը:

Այժմ շատերը մտավախություն ունեն, որ Թուրքիայի միջամտությունը Քեսապում կվերացնի այս առաջընթացը: Որոշ հայ մտավորականներ իրենց հերթին մտահոգված են, որ Քեսապի մասին ապատեղեկատվությունը կարող է վնաս հասցնել հայկական հարցին:

«Քեսապը սիրիահայ համայնքի սիրտն ու հոգին է, մինչև ցեղասպանությունն ունեցած կյանքի պահպանված նմուշ: Դրա կորուստը նշանակում է վերջնական բնաջնջում»,- Al-Monitor-ի հետ զրույցում պարզաբանեց Էլիզ Սեմերջյանը, որը Ուիթմանի քոլեջում դասավանդում է մերձավորարևելյան և իսլամական պատմություն: Սակայն Սեմերջյանը նախազգուշացնում է, որ պետք չէ Քեսապի դեպքերը կապել 1915-ի հետ՝ «սիրիական հակամարտությունում Թուրքիայի դերակատարության դեմն առնելու և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ տանելու նպատակով»:

Բեզջյանը համաձայն է, որ հայ համայնքը չպետք է թույլ տա, որ պատերազմող կողմերն իրեն մանիպուլյացիաների ենթարկեն: «Երբ ամեն ինչ լավ էր, և Ասադն իր հանգիստն էր անցկացնում Էրդողանի հետ, Հայոց ցեղասպանության մասին բոլոր գրքերն արգրավվեցին գրախանութներից սիրիական գաղտնի ծառայությունների գործակալների կողմից,- հիշում է Բեզջյանը: - Այժմ, երբ դեպքերն այլ կերպ են զարգանում, Ասադը խոսում է ցեղասպանության մասին՝ սեփական քաղաքականությունն արդարացնելու համար:

Ամբերին Զամանի հետ այս թեմայի շուրջ ՍիվիլՆեթի հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում