Գլխավոր Լրահոս

365 wines-ը դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին

365 wines-ը դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին

Գինիների արտադրությամբ զբաղվող «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն (ապրանքային նշանը` 365 Wines) հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դատի տալու որոշման մասին: ՏՄՊՊՀ-ից հակադարձում են Էդվագ Գրուպ»-ի որոշմանը` նշելով, որ հանձնաժողովին հնարավոր չէ դատի տալ:

Ընկերության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Արդեն երեք տարուց ավել է, ինչ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն (այսուհետև` Ընկերություն) վիճարկում է հայկական շուկայում իր մտավոր սեփականությունն հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը:

2011-ից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն սկսել է արտադրել նման արտադրանք, այնուհետև ՏՄՊՊՀ-ի պահանջով գրանցել է արտադրական նմուշը, որից հետո դատարանում վիճարկվել և առոչինչ է ճանաչվել այդ գրանցումը, ու նույն ՏՄՊՊՀ-ն ստիպել է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ին հանել այդ արտադրանքը շուկայից: Այդ ընթացքում, երեք այլ արտադրողներ` Իջևանի գինու գործարանը, Պռոշյանի գինու գործարանը և «Մառան» ընկերությունը, օգտվելով շուկայում տիրող խառնաշփոթ իրավիճակից, նույնպես սկսել են արտադրել և իրացնել նման արտադրանք, նույնիսկ այն դեպքում, երբ Մտավոր սեփականության գործակալությունը մերժել է այդ արտադրական նմուշների գրանցումը` շփոթեցնելու աստիճանի նման լինելու հիմքով:

Ընկերությունը նույն պահանջով դիմել է ՏՄՊՊՀ-ին` չգրանցված և շփոթության աստիճանի նման արտադրանքները շուկայից հանելու վերաբերյալ որոշում կայացնել:

Թվում է, թե խնդիրը, որն արդեն դատական նախադեպ ուներ, պետք է արագ լուծում ստանար, սակայն ավելի քան կես տարի տևած վարչական վարույթի արդյունքում ՏՄՊՊՀ-ն 2013թ. ապրիլի 4-ին կայացնում է տրամագծորեն հակառակ որոշում` հիմնավորելով, որ շուկայում առկա նռան տեսք ունեցող որևէ ապակյա շիշ նույնությամբ չի կրկնում գրանցված արդյունաբերական նմուշը, որ դրանց վրայի պիտակների վրա նշված են արտադրողները, որ դրանց մի մասը վաճառվում է տուփով, և որ այդ բոլոր ընկերություններն ունեն կայուն իրացում:

Նման «հիմնավորումը» Ընկերության մոտ զարմանք է առաջացնում, քանի որ ՏՄՊՊՀ-ն իր որոշման մեջ խեղաթյուրում է Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Մասին ՀՀ Օրենքի դրույթները, մասնավորապես, հոդված 12-ի 2-րդ կետի 1 ենթակետը, համաձայն որի` շփոթության առաջացում է համարվում` գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման, (այլ ոչ թե նույնությամբ կրկնող) չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը:

Առավել զարմանալի է այն, որ ՏՄՊՊՀ-ն իր որոշմամբ հակասել է Մտավոր Սեփականության Գործակալության որոշմանը, որը նույն այդ արտադրական նմուշները չի գրանցել շփոթության աստիճանի նման լինելու հիմքով, ընդ որում Մտավոր Սեփականության Գործակալությունն այս դեպքում ունի մասնագիտական շատ ավելի մեծ փորձ: Առավել զարմանալի է նաև այն, որ ՏՄՊՊՀ-ն այս որոշմամբ նաև վնաս է հասցնում պետությանը և պետական բյուջեին, քանի որ արդեն երեք տարի տևող վեճերի և անբարեխիղճ մրցակցության արդյունքում Ընկերությունը ֆինանսական ահռելի վնասներ է կրել, որի բաժնետերերից մեկը փաստացի պետական Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամն է, իսկ հիմնական վարկատուն նույնպես պետական «ՓՄՁ Ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը:

Փաստորեն, ՏՄՊՊՀ-ն, խեղաթյուրելով Տնտեսական պաշտպանության մասին ՀՀ օրենքի դրույթները, կայացրել է որոշում, որը հակասում է նույնատիպ գործով դատական նախադեպին, Մտավոր սեփականության գործակալության ավելի վաղ կայացրած որոշմանը, և վտանգի տակ է դրել պետական ներդրումները մի ընկերությունում, որի ամենամեծ կապիտալը պատշաճ գրանցած արդյունաբերական նմուշներն են:

«Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է ամենամոտ ապագայում վիճարկել այս որոշումը ՀՀ Առաջին ատյանի դատարանում` պաշտպանելով իր և իր բաժնետերերի շահերը»:

ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում, անդրադառնալով ընկերության տարածած հաղորդագրությանը, նշեց, որ իրենց դիմել էր ոչ թե «Էդվագ Գրուպը», այլ քաղաքացի Վահագն Գևորգյանը:

«Նա հանձնաժողովին ներկայացրել էր, որ շուկայում կան նռան շշի տեսքով գինիներ և խնդրել, որ հանձնաժողովը թույլ չտա այդ գինիներն արտադրվեն, քանի որ դա իր սեփականությունն է, և ինքը գրանցել է Մտավոր սեփականության գործակալությունում, հետևապես` որևէ մեկը իրավունք չունի արտադրել այն»,- ասաց Սահակյանը` նշելով, որ հանձնաժողովը հանգամանորեն ուսումնասիրել է խնդիրը և փաստել, որ որևէ կերպ չի ապացուցվում այն հանգամանքը, թե նշված ընկերությունների արտադրանքը նմանակում է քաղաքացուն: Ըստ Սահակյանի` բոլորովին տարբեր շշերի ձևերի և պիտակների մասին է խոսքը:

«Որևէ մեկը այստեղ իրավասու չէ ասելու, որ նուռը իր սեփականությունն է և միայն ինքը իրավունք ունի օգտագործելու դա: Կայացվել է որոշում, որը խիստ իրավաչափ է և օրենքին համապատասխան: Այսինքն` հանձանաժողովը մանրամասնորեն քննարկել է խնդիրը և որոշում է կայացրել, որ նռան տեսքով գինու շշերի հարցը նույնական չեն և որևէ ընկերության արտադրանքը որևէ կերպ չեն կարող շփոթության մատնել»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով «Էդվագ Գրուպի»` հանձնաժողովին դատի տալու որոշմանը` Սահակյանը նշեց, որ իրենց վարույթում հայտնված ցանկացած տնտեսվարող իրավունք ունի դատական ճանապարհով պաշտպանել իր իրավունքները և գրեթե բոլորը օգտվում են այս իրավունքից:

«Դիմողը կարող է հայց ներկայացնել վարչական դատարան և վիճարկել հանձնաժողովի որոշումը, սակայն չի կարող դատի տալ հանձնաժողովին, այլ կարող է վիճարկել հանձնաժողովի որոշումը: Վիճակագրությունը փաստում է, որ վերջին տարիներին հանձնաժողովի որոշումներն անվավեր չեն ճանաչվել և մնացել են անփոփոխ»,- ասաց Սահակյանը` հավելելով, որ հանձնաժողովը չի պատրաստվում ամբողջությամբ պատասխանել հայտարարությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում