Այս տարվա առաջին եռամսյակում վնասաբերությունը ԱՊՊԱ ոլորտում կազմել է 62%, սակագնի հաշվարկների հիմքում դրված է 78%-ի դիմաց։
Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգը դուրս է եկել վնասաբերության շրջափուլից։ Այս տարվա առաջին եռամսյակում վնասաբերությունը ոլորտում կազմել է 62%։ Այլ կերպ ասած՝ ապահովագրական ընկերությունները հավաքագրված յուրաքանչյուր 100 դրամից հատուցման են ուղղել 62 դրամը. սակագնի հաշվարկների հիմքում դրված է 78 դրամը։
ԱՊՊԱ ոլորտում այս տարվա հունվարի 1-ից ներդրված համակարգային փոփոխությունները՝ Բոնուս-Մալուս (զեղչերի և հավելավճարների) համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր ունենալու փաստի ստուգումը էլեկտրոնային տարբերակով, նպաստել են, որ ոլորտը դուրս գա վնասաբերությունից։
Ավտոապահովագրողների բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում ձևավորված առանձին տվյալների վերաբերյալ» վիճակագրական հրապարակման համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում ոլորտի վնասաբերությունը կազմել է 62% (2013թ. առաջին եռամսյակում 79,6% էր)։ Սակագնի հաշվարկման հիմքում դրված է վնասաբերության 78% մակարդակը, ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ կրիտիկական ցուցանիշը 70%-ն է։ 2013թ. ոլորտում վնասաբերությունը կազմել է 76,6%, 2012-ին՝ 74%։
Փաստացի՝ համակարգային փոփոխությունները նպաստել են, որ ապահովագրական ընկերությունները դուրս գան երկու տարի տևած վնասաբերության շրջափուլից։
Մյուս կողմից՝ ապահովագրական ընկերությունները ևս քայլեր են կատարել վնասաբերության նվազեցման ուղղությամբ, մասնավորապես՝ կրճատել հատուցման գումարները։ Այսպես, եթե 2013թ. մարտին հատուցման միջին գումարը կազմում էր 202,3 հազ. դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 190,5 հազ. կամ 6%-ով պակաս։ Հատուցման միջին գումարի նվազումը դժվար թե օբյեկտիվ գործոններով պայմանավորված լինի, եթե հաշվի առնենք, որ մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 3,8%։
Որ հավելավճարների ինստիտուտը և էլեկտրոնային համակարգի միջոցով պայմանագրերի առկայության ստուգումը նպաստել է վնասաբերության նվազմանը, վկայում է նաև այն, որ 2013թ. առաջին եռամսյակում հատուցում ստանալու դիմումների քանակը կազմել է ընդհանուր պայմանագրերի 3,7%-ը, այս տարի՝ 3%-ը։ Այս տարվա առաջին եռամսյակում հատուցման համար ներկայացված դիմումների քանակը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 4,3%-ով՝ կազմելով 13,2 հազ.։
Civilnet











