Գլխավոր Լրահոս

Սիրիայում քիմիական գրոհի հետևում Թուրքիան է կանգնած. Սեյմուր Հերշ

Սիրիայում քիմիական գրոհի հետևում Թուրքիան է կանգնած. Սեյմուր Հերշ

Այսօր, երբ լայնածավալ քննարկումներ են ընթանում սիրիական հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության շուրջ, հայտնի հետազոտող, լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը London Review of Books ամսագրում հրապարակված իր The «Կարմիր գիծն ու առնետի գիծը»  վերնագրով վերլուծություն մեջ (Red Line and the Rat Line) պնդում է, որ 2013թ. օգոստոսի 21-ին Սիրիայում իրականացված քիմիական գրոհի հետևում Թուրքիան է կանգնած: Հերշը գրում է, որ ի տարբերություն ընդունված տեսակետի՝ հարձակումը տեղի չի ունեցել Բաշար Ասադի կառավարության կողմից, այլ իրականացվել է իսլամիստական «Ալ Նուսրա» ճակատի կողմից՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիտությամբ և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ու ժանդարմերիայի օժանդակությամբ:

«Նպատակն է՝ ստիպել ԱՄՆ-ին Սիրիայի դեմ ռազմական գործողություններ կազմակերպել: Ամերիկացիներն, իմանալով «իրականությունը», հրաժարվել են Սիրիայի դեմ ռազմական գործողություններ կազմակերպել, ավելին՝ «աղետալի հետևանքների» դեմն առնելու համար թաքցրել են իրենց ունեցած հետախուզական տվյալները»,- գրել է Հերշը:

Դամասկոսի Ղուտա արվարձանում կազմակերպված հարձակման հետևանքով հարյուրավոր քաղաքացիական անձինք մահացել են. հարձակման պատկերները ոտքի են հանել ամբողջ աշխարհը: Բոլորը որպես հարձակումը կազմակերպած «թիվ մեկ կասկածյալ» մատնանշում էին Բաշար Ասադի կառավարությունը: Բարաք Օբամայի գլխավորած ԱՄՆ ղեկավարությունը, որը քիմիական զենքի կիրառումը «կարմիր գիծ» էր հայտարարել, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հնարավոր մասնակցությամբ ընդարձակ ռազմական գործողություններ իրականացնելու նախապատրաստություն էր տեսնում, սակայն դաշնակիցները վերջին պահին այդ մտքից հրաժարվեցին:

Հերշը պնդում է, որ ամերիկացի բարձրաստիճան զինվորականներն ու հետախուզությունը սկզբից լրջորեն անհանգստացած էին Թուրքիայի՝ սիրիական պատերազմում խաղացած դերից: Հերշը գրում է, որ «Էրդողանն աջակցում է ջիհադական «Ալ Նուսրա» ճակատին և իսլամիստական այլ խմբավորումներին»՝ մեջբերելով հետախուզության նախկին բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքերը. «Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը ապստամբների հետ քաղաքական կապեր է հաստատել: Ժանդարմերիան ռազմական տեխնիկա է տրամադրում և նյութական ու բարոյական օգնություն ցուցաբերում, ինչպես նաև քիմիական պատերազմի նախապատրաստության ծրագրեր իրականացնում»:

Ամերիկացի նշանավոր լրագրող Սեյմուր Հերշը թուրքական Diken լրատվամիջոցի հետ զրույցում խոսել է իր վերլուծականի մասին: Թուրքերեն հարցազրույցը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև: 

Հերշը, պատասխանելով թուրք լրագրող Իլհան Թանըրի հարցերին, պատմում է, որ Թուրքիային ներկայացվող նման ծանր մեղադրանքները հիմնված են ոչ թե սոսկ իր ականջին հասած լուրերի, այլ արդեն 30 տարի քաջածանոթ աղբյուրների վրա: Հերշը հիմնվում է ամերիկյան հետախուզության պատրաստած մի զեկույցի վրա, ըստ որի՝ հարձակումը կազմակերպել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը. զարին գազի մեջ օգտագործվող որոշ քիմիական տարրեր հենց թուրքական ժանդարմերիան է տեղափոխել Հալեպ:

Լրագրողը, խոսելով այն մասին, թե զեկույցը Սպիտակ տան կողմից հերքվել է, ծիծաղելով՝ ասում է. «Այս պահին իմ ձեռքին, նույնիսկ իմ առջև եղած զեկույցի մասին են ասում, թե գոյություն չունի»՝ հայտնելով նոր տեղեկություն, որը տեղ չի գտել Հերշի վերլուծության մեջ:

«Սպիտակ տունը հերքում է, որ Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների ձեռքին զարին գազ կա, սակայն Ֆլորիդայում ԱՄՆ Գլխավոր շտաբի նախագահությամբ գործող խումբը գլուխ է կոտրում այն հարցի շուրջ, թե ինչ է անելու այն դեպքում, եթե զարին գազն ընկնի սխալ մարդկանց ձեռքը: Այս անցուդարձից և ամերիկյան հետախուզությունը, և թուրքական կողմը տեղյակ են. անտեղյակ մարդ չկա»,- ասել է Հերշը:

Լրագրողն ասում է. «Իմ կառավարությունը դեռ պնդում է, որ Սիրիայում ընդդիմադիրների ձեռքին զարին գազ չկա: Լինի աշխարհիկ կամ ոչ, ընդդիմադիր խմբավորումներից ոչ մեկի ձեռքին նման զենք չկա: Սակայն Ֆլորիդայում կենտրոնական հրամանատարությունում, որը զբաղվում է Մերձավոր Արևելքի խնդիրներով, հրամանատարների գլխավորությամբ իրականացվում է մտավոր վարժանք, որը վերաբերում էր հակաահաբեկչական պայքարին: Խնդիրն այն էր, թե ինչ կանեք, եթե «Ալ Նուսրայի» կամ Իրաքի և Շամի իսլամական պետության (կամ ավելի արմատական և նույնիսկ Սիրիայում օտար երկրներից եկած ջիհադականներից կազմված բոլոր խմբավորումների) ներկայացուցիչները երկրից դուրս քշվեն զարին գազի պաշարով, մասնագետներով և գազն օգտագործելու մեթոդների իմացությամբ, և այդ ամենը հայտնվի Մերձավոր Արևելքում կամ Հյուսիսային Աֆրիկայում գործունեություն ծավալող այլ սուննիական, ջիհադական, սալաֆիական և վահաբական խմբավորումների ձեռքին: Այո, դա էր վարժանքների նպատակը»:

«Այժմ, երբ ամերիկյան բանակը գլուխ է կոտրում զարին գազի կիրառմամբ հարձակումները կանխելու ուղղությամբ, Վաշինգտոնում գտնվող մեր կառավարությունը հայտարարում է. «Մենք չունենք որևէ տեղեկություն այն մասին, թե որևէ խմբավորման տիրապետության տակ զարին գազ կա»: Լավ, ինչո՞ւ են այդպես անում: Ինչպես գրել եմ նախկին իմ գրած վերլուծության մեջ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը որևէ բան ասի, ոչ ոք չի կարող ասել, թե դա սխալ է:

Ամերիկյան հետախուզությունը հանգել էր մի արդյունքի: Դա հետևյալն էր. Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը անձամբ չի իրականացնում. այսինքն ոչ թե տեխնիկապես, այլ ռազմավարական առումով: Թուրքական ժանդարմերիան քիմիական նյութերը բեռնատարներով տեղափոխել է Սիրիա: Այդ նյութերը Թուրքիայից են Սիրիա  տեղափոխվել և պահեստավորվել Հալեպում: Բոլոր քիմիական նյութերն, այդ թվում և՝ նյարդային գազին, հետո է արդեն այնտեղ միացում կատարվել: Այս ամենի մասին պատմում է ամերիկյան հետախուզության պատրաստած զեկույցը: Ես էլ այդ զեկույցի հիման վրա եմ գրել: Սա է ամենը», - նշել է Հերշը:

Սեյմուր Հերշի անունն առաջին անգամ լսվեց 1969թ. նա բարձրաձայնեց Վիետնամում ԱՄՆ-ի կողմից 500 գյուղացիների սպանության հարցն ու այն թաքցնելու ամերիկյան ղեկավարության փորձերը: Հերշը վերոնշյալ ուսումնասիրության համար արժանացել է ամերիկյան լրագրության ամենահեղինակավոր՝ Պուլիտցերյան մրցանակին: Նույն Հերշն էր, որ մանրակրկիտ կերպով անդրադարձել էր իրաքյան պատերազմի ժամանակ «Աբու Ղրեյբ» բանտում ամերիկացի զինվորների կողմից իրաքցի դատապարտյալների նկատմամբ դաժան կտտանքներին: Հերշն իր հրապարակումներում հատկապես ամերիկյան ղեկավարության և կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերը գաղտնազերծելու նպատակ է հետապնդում: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում