Տասնմեկերորդ պատվիրան՝ չափդ ճանաչի՛ր

Տավուշի թեմի առաջնորդը այս տարվա հունվարի 1-ից սահմանել է Մկրտության և Պսակի արարողության գները: Հնարավոր է՝ դրանք վերանայված գներ են, ոչ թե առաջին անգամ է թեմն այդպիսի բան անում: Հարցն այն է, թե այս ամենում որտե՞ղ է Աստված: Բարդ հարց է: Հատկապես, երբ սուրբ Պսակի կտրոնը գնահատվել է 40 հազար դրամ: Խոսքը թղթի կտորի մասին է, ներառյալ պսակ կատարող հոգևորականի ծառայությունները: Ընդ որում, հարկային որևէ պարտավորություն չունեցող եկեղեցու հոգևորականի և եկեղեցու մասին է խոսքը: Ըստ իս, եկեղեցուն գումար տալու մեջ սարսափելի բան չկա: Առավել հասկանալի է, որ եկեղեցին կարող է գումարի կարիք զգալ: Դա հասկանալի է, որովհետև եկեղեցու «արտադրությունը» երբեք բիզնես-պլանի իրացում չի ենթադրում: Մարդը մտնում է եկեղեցի, մաքրում իր հավատը կողմնակի ավելորդություններից ու դուրս գալիս:
Ի՞նչ է Պսակը՝ մարդու գործ: Մարդիկ ամուսնանում են քահանայի ձեռամբ և ստանում տեղի ունեցած փաստի հավաստագիր: Նախկինում պսակադրության արարողության վերջում մարդիկ գումար էին թողնում եկեղեցուն, որովհետև դա գումար էր սպասարկման դիմաց: Այսինքն, օրինական գումար էր, եթե Աստված դառնում է Պսակի մասնակից, այսինքն, եթե սուրբ Հոգին իսկապես միավորում է զույգին և այդտեղ փոքր չէ քահանայի դերը: Մարդը քահանային գումար է թողնում՝ ցուցաբերելով ողորմածություն:
Մի կողմից, սա մոտավորապես նույնն է, ինչ աշխարհիկ սպասարկման մյուս ծառայությունների աշխատանքը, մյուս կողմից, մեզ ասված է, որ առօրեական կենցաղային հարաբերությունների մեջ Աստված առանձնապես ակտիվ չէ: Ամեն առիթով չէ, որ մարդիկ խնդրում են Աստծո ներկայությունը, մասնավորապես խաբեությունների, ստելու, սպանելու, շնանալու և քաղաքականություն իրականացնելու ժամանակ: Այսինքն, երկու մարդու, սոսկ մարդկանց ուղղակի հարաբերություններում, որտեղ փող է «ֆռռում» կամ փողի «տեսիլք», Աստված ընդհանրապես «դեր ու նշանակություն» չունի:
Խնդիրն էլ հենց այն է, որ Աստված ամենուր է, որտեղ մարդը ծայրաստիճան ազնիվ է: Դա կլինի հավաքարարության մեջ, ատամնաբուժարանում, հակակարկտային կայաններ կամ (մեղա, մեղա) զենք լիցքավորելիս: Ոչ մի իրի և դրամի մեջ Աստված չկա, նա կա դրանց հարաբերություններում, որոնք մարդ են ապրեցնում:
Վարձքը հինկտակարանային հասկացություն է: Ամեն ինչի համար և ամեն ինչի դիմաց էլ մարդը վճարում է: Բայց Հին Կտակարանը դավաճանության, Աստծուն ուրանալու համար սպանություններ էլ է նախատեսում: Ավելին, ուղղորդում է, թե ում ինչպես սպանել: Եվ այդ հանձնարարականն Աստծուց է, հրեաների Աստծուց:
Ինչո՞ւ է արարողությունների վճարը դարձել թեմա: Որովհետև մարդիկ կարծում էին, թե մուրացիկներն են գնում եկեղեցու դուռը: Ոչ ոք չի նախատեսել, որ եկեղեցին ինքը կդառնա մուրացիկ: Ընդ որում, մուրացիկ, որը նաև գին է կրակում: Տավուշի թեմի առաջնորդը մատնել է, որ ողորմածության ինստիտուտը մեր եկեղեցում չի աշխատում: Այսինքն, ի գիտություն է ընդունել, որ ողորմածության շրջանակներում տրված գումարը եկեղեցի ապրեցնող չէ, հարկավոր է սահմանել այն թիվը, որը եկեղեցի կապրեցնի:
Ահա թե որտեղ է վտանգը՝ եկեղեցին հետողորմյա է արել «ոչ միայն հացիվ» պատգամը: Եկեղեցու ներկայացուցիչը գրոհել է ողորմածության վրա: Կրակոցների բերանին գտնվող թեմի ներսում հոգևորականի նման արարքն ավելի շուտ դիակապտության է նման: Սակայն ամենասարսափելին այն է, որ նա ողորմածության ծեսը փոխարինել է պարտականության իմպերատիվով: Եկեղեցին Աստծուց է գալիս, ոչ թե «կայսրից»: Պատմությունը և քաղաքակրթությունն իհարկե այս մասին լռում են, բայց համարենք, որ առանց Աստծո եկեղեցի չի լինում, Աստված եկեղեցու «հացն» է:
Եվ աթեիստների հռչակած «չափդ ճանաչի՛ր» հրահանգը ողորմածության տրիումֆի շրջանակներում է, ոչ թե` ծառայության գին սահմանելու: «Չափդ ճանաչի՛ր», այսինքն, թող քո չափը սահմանի քո հավատացյալը, թող նա լինի քո ախորժակի չափը և ոչ թե դու: Որովհետև դու քո ախորժակին տեր չես, Աստծո ծառա: Եվ եթե դու մատնում ես քո ախորժակը, որի վրա հավատացյալն այլևս իշխանություն չունի, խոստովանում ես, որ մահամերձ նախկին ախորժակի շրջանակներում և «արհեստական սնուցման» կարիք ունես: Իսկ արհեստական սնուցումը հարկադիր հավատի էջերից է գալիս, ոչ թե ճշմարիտ հավատի: Աստված ձեզ հետ:
Թեմա
Մհեր Արշակյան










