Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 16-ին նիստին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) նորմատիվ մի քանի իրավական ակտերի խախտման և ֆինանսական անկարգապահության համար տուգանեց 5 մլն դրամի չափով։ Ընկերության նկատմամբ ֆինանսական տույժը կիրառվեց նույնիսկ այն բանից հետո, երբ ՀԷՑ-ի էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազոնովը նշեց, որ դա ավելի կծանրացնի ընկերության ֆինանսական վիճակը։
Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հատուկ հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվության 2013 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսների արդյունքներով լրացված ցուցանիշները, արձանագրել էր, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել հատուկ հաշիվներում (հավիվներում հավաքագրվող գումարը նախատեսված է միայն արտադրող կայանների առջև ստանձնած պարտավորությունների ֆինանսավորման համար)։ Ընկերության հատուկ հաշիվներում առկա է եղել միջոցների անբավարարություն, արդյունքում ընկերությունն էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրաէներգիայի և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները կատարել է պարբերական ուշացումներով։
Թեև ընկերությունը ՀԾԿՀ-ի կողմից սահմանված կարգերի պահանջների խախտումը պայմանավորել է այդ ժամանակահատվածում ծանր ֆինանսական վիճակով, հանձնաժողովը այնուհանդերձ ընկերությանը տուգանեց 5 մլն դրամով։ Մինչ տուգանելը նիստին Սազոնովը նշեց, որ ընկերությունն ընդունում է, որ ֆորմալ առումով խախտել է կանոնակարգեր, սակայն մյուս կողմից պետք է հաշվի առնել ընկերությունում ստեղծված վիճակը և ավելի մեղմ վերաբերվել։ Ըստ նրա՝ ընկերությունը արդեն ամբողջովին կատարել է իր ֆինանսական պարտավորությունները արտադրող կայանների առջև։ Նրա խոսքով, կանոնների խախտումը պայմանավորված է եղել նրանով, որ էլեկտրաէներգիա արտադրող կայանների օգտին վճարման ծավալները շեշտակիորեն ավելին են եղել, քան դրվել էր սակագնի հաշվարկի հիմքում: Բացի այդ, ընկերությունը հսկայական վարկային պարտավորություններ ունի կուտակած։
Սազոնովը նշեց, որ անցած երկու տարիներին ընկերության մարժային (իրացման գնի և ինքնարժեքի տարբերություն) վնասը կազմել է 25 մլրդ դրամ։
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ Հանձնաժողովը հասկանում է, որ ընկերության համար եղել է ֆորսմաժորային վիճակ՝ Հայկական ատոմակայանի պլանային վերանորոգման աշխատանքները նախատեսվածից երկար իրականացնելու արդյունքում, ՀԷՑ-ը գնել է ավելի թանկ էլեկտրաէներգիա ջէկերից, բայց ընկերությունը տուգանվում է ոչ թե վճարումները ուշացնելու, այլ ֆինանսական կարգապահության համար։ «Հատուկ հաշիվներում պետք է երաշխիքային գումարներ, որոնք ընկերությունը չի համալրել»,- ասաց Նազարյանը։
Նրա խոսքով, ՀԷՑ-ը շատ լավի գիտի էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդոլոգիան, և ՀԾԿՀ-ն չի աշխատում երկակի ստանդարտներով։ Սակագնային ռիսկերը դրված են ընկերության վրա, և կարող է՝ մեկ տարում սակագնի հիմքում դրված պայմանները լինեն հօգուտ ընկերություն, իսկ մեկ այլ տարում՝ ի վնաս ընկերության։
Civilnet











