«ԱրմենՏել»-ը ինտերնետային հեռուստատեսության ծառայություն կմատուցի

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline)` SPB TV ընկերության հետ համատեղ, հայտարարում է ինտերնետային հեռուստատեսության` IPTV ծառայության գործարկման մասին։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` ծառայությունը հասանելի է Հայաստանի բոլոր քաղաքներում և 30–ից ավել փոքր բնակավայրերում։
Գործարկման առաջին փուլում բաժանորդներին հասանելի է հեռուստաընկերության ստանդարտ փաթեթը, որը ներառում է ավելի քան 50 տեղական և արտասահմանյան հեռուստաալիք։
«Այս քայլով հերթական անգամ հաստատվում է «ԱրմենՏել» ընկերության առաջատարի դերը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում և այս քայլը նունպես հանդիսանում է կրկնօրինակման արժանի օրինակ։ Այսօր մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ Հայաստանի բնակչության մեծ մասին, որ արդեն հնարավորություն ունեն օգտվել Beeline IPTV ծառայությանից»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հայաստանում հեռուստատեսության ընդհանուր շուկան ամենազարգացածներից է ԱՊՀ երկրների շրջանում։ Մեր հետազոտությունների համաձայն` այստեղ առաջատարն է IPTV–ի հատվածը, որին, 2013թ. գնհատմամբ, պատկանում է այս շուկայի գումարային մասնաբաժնի 91 տոկոսը։ Մեր տեխնոլոգիաները և փորձը թույլ են տալիս հուսալ, որ մենք կարող ենք արդյունավետորեն մրցակցել և առաջարկել Հայաստանի բնակչությանը որակյալ և բազմազան վիդեո բովանդակություն»,- իր հերթին ասել է SPB TV ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆիլիպովը։
Հեռուստատեսային կցորդը կարող է միանալ բաժանորդի ինտերնետ մոդեմին ցանցային մալուխով կամ Wi-FI փոխակերպիչի օգնությամբ։ Կցորդից ազդանշանը կարող է ստանալ հեռուստացույցը, որը ունի անալոգ կամ HDMI մուտք։
IPTV ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline ֆիքսված կապի բաժանորդների գրեթե 80 տոկոսին։
Նշվում է, որ մոտ ապագայում նախատեսվում է IPTV ծառայության սակագնային փաթեթների ընդլայնում և ալիքների քանակի ավելացում։ Հեռուստաալիքների ստանդարտ փաթեթի ամսական վարձը կազմում է 3000 դրամ։ Միանալիս բաժանորդին տրվում է հեռուստատեսային կցորդ։
Ներկայում Հայաստանում IPTV ծառայություն են մատուցում ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող «Ռոստելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունները:
Civilnet










