Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիրը կստորագրի մայիսի վերջին կամ հունիսին, ապրիլի 29-ին չի նախատեսվում դրա ստորագրումը. այս մասին ապրիլի 18-ին էկոնոմիկայի նախարարությունում լրագրողներին հայտարարեց նախարար Վահրամ Ավանեսյանը՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Հայաստանը Մաքսային միությանը կանդամակցի ապրիլի 29-ին:
«Ուզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 25-ին տեղի կունենա մեր աշխատանքային խմբի և երեք հանրապետությունների [Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի – խմբ.] ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում՝ ամփոփելու ճանապարհային քարտեզով կատարված աշխատանքները»,- ասաց նախարարը` նշելով, որ կախված այդ հանդիպումից` աշխատանքային խումբն իր դիրքորոշումը ապրիլի 29-ին կներկայացնի Մաքսային միության բարձրագույն խորհրդի՝ նախագահների մասնակցությամբ կայանալիք նիստին: «Այդ նիստի ժամանակ նախատեսվում է որոշում կայացնել Հայաստանի անդամակցության շուրջ, որը կարող է լինել կապված ինչպես պայմանագրի նախապատրաստման, այնպես էլ ժամկետների հետ»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով` վարվող բանակցությունների ավարտին կորոշվեն այն ապրանքատեսակները, որոնց մասով Հայաստանը ցանկանում է մաքսային արտոնություններ ստանալ: «Բառացությունների համար ներկայացված են շուրջ 900 ապրանքախմբեր, դրանց մեջ են ինչպես սպառման ապրանքներ, այնպես էլ միջանկյալ ապրանքներ»,- ասաց Ավանեսյանը: Նա ընդգծեց, որ ապրանքախմբերում ընդգկված են, օրինակ, ավտոմեքենաները, մսամթերքը, դեղորայքը, շինարարական նյութերը և այլն:
Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ մայիսի վերջին նախատեսվում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև Եվրասիական միության վերաբերյալ պայմանագրի ստորագրումը:
2013թ. հուլիսի վերջին Եվրոպական Միությունը պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հետ շուրջ 3.5 տարի տևած բանակցությունների ավարտի մասին, և նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում ակնկալվում էր Ասոցացման համաձայնագրի և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի նախաստորագրումը: Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3-ին անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միություն մտնելու ցանկության մասին, ինչը նշանակում էր, որ հրաժարվում է Եվրոպական Միության հետ վերոնշյալ փաստաթղթերի նախաստորագրումից:
Հայաստանի` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «ճանապարհային քարտեզը» հաստատվել էր դեկտեմբերի 24-ին։
Civilnet











