Ես՝ որպես լրագրող, որն արդեն երկու տասնամյակ գրում է արցախյան հակամարտության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և կովկասյան տարածաշրջանի զարգացումների մասին, կանոնավոր կարդում եմ ադրբեջանական մամուլ (այն, ինչ կա համացանցում ռուսերենով և անգլերենով) և ժամանակ ունենալու դեպքում` դիտում ադրբեջանական հեռուստաընկերություններ (արբանյակով կարելի է որսալ պետական AzTv-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից ֆինանսավորվող CBC-ն, որոնք ունեն ռուսերեն և անգլերեն հաղորդումներ (CBC-ն ունի անգամ հայերեն հաղորդումներ): Ադրբեջանական մամուլ կարդալն ու հեռուստաալիքներ դիտելը հաճելի գործ չէ: Ոչ միայն այն պատճառով, որ դրանք լցված են հակահայ հաղորդումներով ու բթամիտ քարոզչությամբ, այլև որովհետև երբեմն դժվար է տարբերակել անիրականը իրականից:
Ադրբեջանական որևէ լուր, անգամ ամենից անհեթեթը, վաղուց ինձ չէր զարմացնում: Բայց երբ կարդացի, որ ադրբեջանցի ամենից հայտնի լրագրողներից մեկը՝ Ռաուֆ Միրկադիրովը, մեղադրվում է ծանր հանցագործության` լրտեսության մեջ, ոչ միայն զարմացա, այլև մարդկայնորեն ցավ ապրեցի: Անկախ ամեն ինչից՝ մենք լրագրողներ ենք, ուրեմն` լրագրողական համերաշխությունը մեզ չի կարող անտարբեր թողնել:
Միրկադիրովի հոդվածները պարբերաբար կարդացել եմ այն ժամանակվանից, երբ Բաքվի «Զերկալո» ռուսալեզու օրաթերթը հասանելի դարձավ համացանցում: Հատկապես «Ազգ» օրաթերթում աշխատելու տարիներին ես բազմիցս մեջբերումներ եմ արել նրա հոդվածներից: Նա էլ իմ հոդվածներն էր կարդում և իր վերլուծություններում մեջբերումներ անում: Լավ հիշում եմ, մեկ անգամ էլ խիստ քննադատել էր, որովհետև գրել էի, որ Բաքվի կառուցման գործում հայերն ունեցել են անուրանալի դեր:
Մենք ծանոթացանք Երևանում` 2011-ի մայիսին: Նա մասնակցում էր Կովկասի ինստիտուտի կազմակերպած տարեկան համաժողովին: Ծանոթանալ ասվածը հարաբերական է: Սուրճի ընդմիջման ժամանակ ես մոտեցա Ռաուֆին, ասացի, թե ով եմ, ապա նրան նվիրեցի իմ «Արցախյան օրագիր» գրքի ռուսերեն տարբերակը: Այդքանը: Սա մեր առաջին և վերջին շփումն էր: Վերջին երեք տարիներին նա հաճախ էր հարցազրույց տալիս հայաստանյան լրատվամիջոցներին, այցելում Հայաստան: Անկախ այդ հարցազրույցների բովանդակությունից, փաստը, որ ադրբեջանցի նշանավոր լրագրողը այցելում է Երևան, հարցազրույցներ է տալիս հայկական մամուլին, արդեն իսկ բավարար է, որպեսզի նրա հանդեպ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները կասկածամտորեն ու թշնամաբար տրամադրվեն:
Միայն վերջերս իմացա, որ Ռաուֆը տարիներ ի վեր բնակվում է Թուրքիայում և իր հաճախակի այցելությունները Հայաստան կատարում է հենց Թուրքիայից: Այդ մասին ինձ պատմեց «Զերկալո» թերթի գլխավոր խմբագիր Էլչին Շիխլինսկին: 2013-ի նոյեմբերին Օդեսայում կայացավ Հարավային Կովկասի ճանաչված և չճանաչված վեց հանրապետությունների լրագրողների ու փորձագետների հանդիպում, որին մասակցում էին ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ` հայեր (այդ թվում` Արցախից), ադրբեջանցիներ, վրացիներ, օսեր և աբխազներ:
Հենց Օդեսայի հանդիպման ընթացքում տեղեկացա, որ ադրբեջանցի լրագրողները, որոնք ընդդիմադիր մամուլում չեն աշխատում, առանց Բաքվի իշխանությունների, մասնավարապես Իլհամ Ալիևի աշխատակազմի թույլտվության, իրավունք չունեն մասնակցել միջոցառման, որին ներկա են լինում նաև հայեր: Այդ պատճառով Օդեսա չէր եկել մեկ կամ երկու ադրբեջանցի խմբագիր:
Մենք բոլորս մնում էինք միևնույն հյուրանոցում, ճաշում միասին: Բնականաբար, երեք օրը բավական է, որպեսզի օս և վրացի, հայ և ադրբեջանցի, աբխազ և վրացի լրագրողները կարողանան անկաշկանդ շփվել: Վերջին օրը, երբ հրաժեշտ էինք տալիս Օդեսային, հայ լրագրողուհիներից մեկը հիշողության լուսանկար արեց այն հյուրանոցի դիմաց, որտեղ մնում էինք: Էլչին Շիխլինսկին, որ թոռնատեր մարդ է, ակնհայտորեն ոգևորված չէր համատեղ լուսանկարվելու գաղափարից: Երբ ասացի, որ ես էլ լուսանկարվելու սիրահար չեմ, Էլչինը այլ բացատրություն տվեց (հիմա, երբ այս տողերը գրում եմ, մտածում եմ` գուցե էթիկայի տեսակետից ազնիվ չէ գրել այս դրվագի մասին): Նա ասաց, որ եթե իրենց տեսեն հայերի հետ նույն լուսանկարում, անգամ ընդդիմադիր «Մուսավաթ», գուցե նաև «Ազադլըղ» թերթերը կդատապարտեն:
Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության մասին առաջինը գրեց «Ենի Մուսավաթը»: Ապա ձերբակալության փաստը հաստատեց Էլչին Շիխլինսկին: Նրան ձերբակալել էին Անկարայում, ապա կնոջից և դստերից առանձին, նստեցրել Բաքու թռչող ինքնաթիռը: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում նրան վերցրել են ադրբեջանական ուժայինները և տեղափոխել մեկուսարան: Մի քանի ժամ անց արդեն հաղորդագրություն տարածվեց, որ Միրկադիրովը 2008-ից համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ և նրանց տրամադրել պետական գաղտնիքներ:
Մենք՝ լրագրողներս, անկախ ազգությունից, չենք կարող ասել, որ Միրկադիրովի արդար լինել-չլինելու հարցը պետք է պարզի քննությունը և դատարանը: Խոսքը ադրբեջանական դատարանի մասին է: Խոսքը Ադրբեջանի մասին է, որտեղ իշխող ռեժիմը ավտորիտար մեթոդներով խեղդում է խոսքի և լրատվամիջոցների ազատությունը: Ավելին, դեռ 2004-ին Իլհամ Ալիևը Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին հորդորեց չհամագործակցել հայերի հետ, չայցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունը Թուրքիայում, արտաքսումը Ադրբեջան և այնտեղ նրան ծանրագույն մեղադրանք առաջադրելը խոսում է նաև այն մասին, որ այսուհետ ադրբեջանցի լրագրողները, հասարակական գործիչներն ու իրավապաշտպանները կխուսափեն ոչ միայն Հայաստան այցելելուց, այլև երրորդ երկրներում իրենց հայ գործընկերների հետ հանդիպումներից ու համատեղ ծրագրեր իրականացնելուց: Այդպիսի այցերը, հանդիպումներն ու համատեղ ծրագրերը Իլհամ Ալիևի նախագահության երրորդ շրջանում արդեն իսկ հասել էին նվազագույնի:
Թաթուլ Հակոբյան











