Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպը արագանում է արդյունաբերության ոլորտում անկման շարունակության պայմաններում։ Ակտիվությունն աճել է վիճակագիրների ճշգրտումների շնորհիվ։
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալներով («ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2014թ. մարտ»)՝ այս տարվա հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմել է 3,3%։ Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ առաջին եռամսյակում տեղի է ունեցել տնտեսական ակտիվության արագացում։ Երկու ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել էր 2,4%, իսկ հունվարին ճշգրտումներից հետո կազմել է 2,3%։
Ուշագրավ է, որ ԱՎԾ-ն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է, ինչ ճշգրտում է հունվարի ցուցանիշները։ Վերջին ճշգրտումով հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը ավելացվել է 0,8 տոկոսային կետով։ Վիճակագիրները 2014թ. հունվար-փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշները վերանայել են 2013թ. ՀՆԱ-ի` ըստ տնտեսական գործունեության տեսակների կշիռներով: Հասկանալի է, որ վերանայումը նպաստել է հունվար-մարտին տնտեսական ակտիվության արագացման։
Թեև տնտեսական ակտիվության տեմպի արագացում է արձանագրվել, այնուհանդերձ վիճակագիրներին չի հաջողվել քողարկել տնտեսությունում առկա խնդիրները։ Մասնավորապես, արդյունաբերության ոլորտում պահպանվել է անկումը. հունվար-մարտին ոլորտի անկումը կազմել է 2,8%։ Իհարկե, հունվար-փետրվարին արդյունաբերությունում անկումը ավելի խորն էր՝ 4,1%, սակայն պետք է հաշվի առնել, որ 2013թ. առաջին եռամսյակում արդյունաբերությունն աճել էր 15,8%-ով։
Այս տարվա առաջին եռամսյակում մյուս ոլորտը, որտեղ արձանագրվել է անկում, եղել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, որտեղ արձանագրվել է 5,5% կրճատում։
Տնտեսության մյուս ոլորտներում արձանագրվել է աճ. եռամսյակի կտրվածքով գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է 5,2%, ծառայությունների ոլորտում՝ 3,5%, շինոլորտում՝ 0,7%, իսկ առևտրաշրջանառությունն ավելացել է 4,5%-ով։
Մարտին ամսական կտրվածով արտաքին առևտրաշրջանառության ոլորտում արձանագրված երկնիշ աճը նպաստել է եռամսյակային ցուցանիշների աճին։ Առաջին եռամսյակում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 0,6%-ով՝ կազմելով 1,32 մլրդ դոլար։ Արտահանումը եռամսյակային կտրվածքով ավելացել է 1,8%-ով՝ կազմելով 348 մլն դոլար, իսկ ներկրումն ավելացել է 0,2%-ով՝ կազմելով 974 մլն դոլար։
ԱՎԾ-ի տվյալներով առաջին եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպը գերազանցել է գնաճին։ Մարտին 12 ամսյա գնաճը կազմել է 3,8%, իսկ միջին աշխատավարձը հունվար-մարտին աճել է 6,6%-ով՝ կազմելով 157,4 հազ դրամ։ Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 5,2%-ով՝ կազմելով 132 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում աճել է 8,1%-ով՝ կազմելով 187,7 հազ. դրամ։ Աշխատավարձերի աճի մի մասը պայմանավորված է այս տարվա հունվարի 1-ին ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով։ Խնդիրն այն է, որ գործատուների մի մասը հունվարի 1-ից աշխատակիցների անվանական աշխատավարձը բարձրացրել է 5%-ով (պարտադիր վճարի չափով)՝ աշխատակիցների եկամուտների նվազումը կանխելու նպատակով։
Civilnet











