Գլխավոր Լրահոս

Խոշոր բիզնեսը աուդիտ հարկայինում կանցնի

Խոշոր բիզնեսը աուդիտ հարկայինում կանցնի

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կառավարության շենքից հեռանում է հետնամուտքով՝ լրագրողների հետ հանդիպումը կանխելու համար։

Կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հավանություն է տվել Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փաթեթին, որը հարկային մարմիններին թույլ է տալու «հարկային ստուգումների ծառայություններ մատուցել»։ Ի դեպ, ՊԵԿ-ին փոփոխությունների այս փաթեթը հաջողվեց «անցկացնել» վարչապետի փոխվելուց հետո միայն. Տիգրան Սարգսյանի կառավարությունը նախընտրում էր զարգացնել աուդիտորական շուկան։

Կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հավանություն տվեց հարկային օրենսդրության մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու և «Այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի փաթեթին։ Ազգային Ժողովում այս փաթեթի ընդունումից հետո Հայաստանում կգործի այլընտրանքային հարկային ստուգումների և հորիզոնական մոնիտորինգի համակարգ։

Կառավարության նիստին ներկայացնելով փոփոխությունների փաթեթը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այլընտրանքային հարկային ստուգումը կամավորության սկզբունքով հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային պարտավորությունների կատարման ճշտության ստուգումն է։ ՊԵԿ նախագահի խոսքով, եթե անգամ այլընտրանքային ստուգումների ժամանակ տնտեսվարողի մոտ խախտումներ հայտնաբերվեն, ապա նա ազատված կլինի օրենքով նախատեսված պատասխանատվությունից՝ պարտավոր լինելով միայն պետբյուջե վճարել չվճարված գումարները։

Հարկային մարմնի հավելյալ այս ծառայության դիմաց առաջարկվում է սահմանել վճար։ Այն տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարվելու է հարկային մարմնի զարգացման ֆոնդ, որի մասով վարվելու է առանձնացված հաշվառում։ Վճարի չափերը սահմանելու է կառավարությունը, այն չի կարող պակաս լինել 10 մլն դրամից և չի կարող գերազանցել 500 մլն-ը։

Այլընտրանքային ստուգման համար տնտեսվարողները պետք է հարկային մարմին հայտ ներկայացնեն։ Այս ծառայությունից չեն կարողանա օգտվել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում (էներգետիկա, ջրային համակարգ, հեռահաղորդակցություն, փոստային կապ, երկաթուղային տրանսպորտ) գործունեություն իրականացնող, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և/կամ մետաղի խտանյութ արտադրող հանդիսացող սուբյեկտները։ Այլընտրանքային ստուգումից կարող են օգտվել այն տնտեսավարողները, որոնք ներառված չեն լինի ՊԵԿ-ի ստուգումների տարեկան ծրագրում։

Ստուգման այս տեսակի առանձնահատկությունն այն է, որ «այլընտրանքային ստուգմամբ ստուգված ժամանակաշրջանների վերստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքում պատասխանատվությունը կրում է ոչ թե տնտեսվարողը, այլ հարկային ներկայացուցիչը, որը իրականացրել է այլընտրանքային ստուգումը», նշվում է փաթեթում։

Բացի այդ, հարկային փոփոխություններով վերացվում է խոշոր տնտեսվարողների կողմից պարտադիր աուդիտի անցկացումը։ Պարզ ասած՝ այլընտրանքային ստուգման ինստիտուտի ներդրումից հետո խոշոր տնտեսվարողները, որոնց ակտիվները կամ տարեկան հասույթը գերազանցում է 1 մլրդ դրամը, էլ պարտավոր չեն լինի անցնել պարտադիր աուդիտ և հրապարակել աուդիտորի եզրակացությունը։

Կոռուպցիոն ռիսկերով փաթեթ

Ի դեպ, ֆինանսների, էկոնոմիկայի և արդարադատության նախարարությունները դեմ են եղել այլընտրանքային ստուգումների ինստիտուտին և պարտադիր աուդիտի վերացմանը։

Նույնը չի կարելի ասել տնտեսվարողների մասին, քանի որ պարտադիր աուդիտի և եզրակացության դեպքում, եթե հարկային մարմինը հետագայում խախտումներ էր հայտնաբերում աուդիտի ենթարկված ժամանակահատվածի համար, աուդիտորական ընկերությունը որևէ պատասխանատվություն չէր կրում։ Օրենսդրական նոր փաթեթում պատասխանատվությունը կրելու է արդեն հարկային ներկայացուցիչը։

Հարկային փոփոխությունների փաթեթի եզրակացության մասում էկոնոմիկայի նախարարությունը, օրինակ, նշում է, որ այլընտրանքային հարկային ստուգումների վճարը այն գումարն է, որը հարկ վճարողը վճարում է հարկային մարմինների հետ չառնչվելու և իր հարկային պարտականությունները ապահովագրելու համար: «Սահմանված վճարն ավելի նման է տույժերից և տուգանքներից խուսափելու դիմաց տրվող գումարի, որը դուրս է արդյունավետ հարկային վարչարարության տրամաբանությունից»,-գտնում են էկոնոմիկայի նախարարություն, ընդգծելով, որ այլընտրանքային հարկային ստուգումների իրականացումը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում՝ դրանք կարող են ազատել հարկ վճարողին օրենքով սահմանված տույժերից և տուգանքներից:

Ֆինանսների նախարարությունում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ «տնտեսավարող սուբյեկտը, օգտվելով այլընտրանքային հարկային ստուգումից, կատարում է որոշակի ծախսեր և փոխարենը ազատվում է հարկային օրենսդրությամբ նախատեսված որոշակի տուգանքներից ու իրավունք է ստանում շահութահարկով (եկամտային հարկով) հարկման բազան կրճատել իր կողմից կատարված ամբողջ ծախսի չափով»։

ՊԵԿ-ի այս նախաձեռնությունը և այլընտրանքային ստուգումների ինստիտուտի ներդրումը մերժվել է Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից, քանի որ այն չի բխել աուդիտորական շուկայի զարգացման շահերից։

Ուշագրավ է, որ կառավարության նիստից հետ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կառավարության շենքից հեռացավ հետնամուտքով՝ տեսնելով փոքր խմբով կանգնած լրագրողներին։ ՊԵԿ նախագահի անվտանգությունն ապահովող աշխատակիցները (թիկնապահները) անգամ նրա ծառայողական մեքենան մտցրեցին կառավարության շենքի բակ՝ լրագրողների հետ հանդիպումն ամեն կերպ կանխելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում