Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանի խուճապների վարչապետը

Հովիկ Աբրահամյանը դեմ է: Թեպետ «պարտադիրի» օրինագծին քվեարկել է կողմ: Դեմ է, որովհետև վարչապետ է, կողմ էր, որովհետև ԱԺ նախագահ էր: Այսինքն` հանրապետական: Այսինքն` կոճակ: Ոչ վատ իմաստով, այլ՝ քվեարկություն ապահովելու: Օրինագիծն անցկացնելուց մոտ երեք ամիս է անցել: Օրենքը մի տեսակ որբացել է: Որովհետև իրավիճակ է փոխվել: Իրավիճակը կարող է որբացնել օրենքները, բայց ոչ, ասենք, Հասմիկ Պողոսյանին: Կամ` Գագիկ Բեգլարյանին: Առջևում Հրանուշ Հակոբյանն է:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեմ է պարտադիրի այս օրենքին, որին կողմ են եղել և վերանշանակված նախարարները և նորանշանակ նախարարները: Եվ բոլորը միասին փորձում են ինչ-որ բան փոխել այս երկրում: Ներառյալ` Սահմանադրությունը: Հիմա հասկանո՞ւմ եք՝ մարդը կոնկրետ է, Սահմանադրությունը և «պարտադիր» բաղադրիչը՝ վերացական: Նրանք կարող են մնալ անտեր այն պատերի մեջ, որը գլխավորում է Գագիկ Հարությունյանը, բայց Գագիկ Հարությունյանն անձեռնմխելի է: Ըստ էության, այդպես էլ կա՝ իրավիճակ է փոխվել: Դա առայժմ նկատելի է նրանց, ովքեր դրա մեջ են՝ Հասմիկ Պողոսյանին, Հրանուշ Հակոբյանին, Արմեն Երիցյանին: Կարեն Ճշմարիտյանին դեռ նկատելի չէ: Որովհետև, եթե նկատելի լիներ, չէին համաձայնի աշխատել մի կառավարությունում, որն այլևս քաղաքական հենարան չունի: Այս մարդիկ մարդաջարդոն լինելը գերադասեցին այն վիճակից, որը պայմանականորեն կանվանենք «կարենկարապետյանիզմ»: Այս մարդը գիտի կամ նրան ասել են, որ Սերժ Սարգսյանի հետ ճանապարհ գնալը այսուհետև վտանգավոր է քաղաքական ապագայի համար: Նախկինները նշանակվում են, որպեսզի ՀՀԿ-ում խուճապ չսկսվի այն իրադարձություններին դեմ հանդիման, որոնք սպասվում են և որոնք Հայաստանի քաղաքական քարտեզից մաքրելու են ՀՀԿ-ին:

Այո, կա ՀՀԿ-ն որպես ԱԺ մեծամասնություն, կա նրա կառավարությունը, որն այլևս կոալիցիոն չէ, բայց քաղաքական հիմքը փլվել է: Եվ դա նույնիսկ ՕԵԿ-ին էր պարզ: ՕԵԿ-ը, այո, ձգտելու է լրջորեն դառնալ ընդդիմադիր, քանի դեռ իշխանության ղեկին Սերժ Սարգսյանն է, ընդ որում, նրանք պետք է աղոթեն, որ այս մարդը մի քիչ երկար մնա իշխանության մեջ, որպեսզի հնարավորինս մեծ թափով ռեաբիլիտացվեն: Եթե Սերժ Սարգսյանը հեռանա այս աշուն, ՕԵԿ-ին որպես մարդաջարդոն հետը կտանի: ՕԵԿ-ը քաղաքական պահը գիտակցեց, բայց Սերժ Սարգսյանի վիճակը նրանցից խարխուլ է, կարող է փլվել հենց իրենց վրա, որովհետև ժամանակ չկա նրա հենարանի կարգավիճակից մաքրվելու: Մի փոքրիկ ցնցումն իր հետ տանելու Հանրապետականին: Եվ Սերժ Սարգսյանին, բայց ոչ ՀՀԿ-ին ձեռք կտա, որպեսզի այդ ցնցումը լինի քաղաքական քառյակի ջանքերով և ոչ թե փողոցի:`Եթե Սերժ Սարգսյանը չհեռանա, փողոցն է խառնվելու դեպքերի ընթացքին, իսկ փողոցը սրբելու է բոլորին և դաժանորեն: Փողոցը արյուն է պահանջելու:

Այդ իրավիճակը նման է լինելու 1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը հեռացավ առանց փողոցի: Բայց այն ժամանակ հեռացողը քաղաքական գործիչ էր, որը «հայտնի ուժերին» տանուլ էր տվել իր քաղաքական գաղափարախոսությունը: Սերժ Սարգսյանը չունի այնպիսի գաղափարախոսություն, որը կարող է դեմ տալ Հայաստանին, որպես քաղաքականապես ձախողված: Հարցերի հարցն այն է, թե ինչու է երկարում այս պրոցեսը: Ինչո՞ւ այն կարող է ձգվել մինչև աշուն: Պատճառը նոր վարչապետի անձն է: Նոր վարչապետը, ով էլ որ նա լինի, նշանակման պահից քաղաքական ավելի մեծ ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետությունում, քան նրա անմիջական ղեկավարը: Որովհետև նրա անմիջական ղեկավարը չի առաջնորդվել վերջին հույսի վարչապետով, նա ասպարեզ է բերել իր խուճապների վարչապետին: Եվ այդ պահից Սերժ Սարգսյանը պետք է ձգտի լինել Հովիկ Աբրահամյանի թիմակիցը, և ոչ թե՝ հակառակը: Թեպետ ուշ է, այլևս ուշ է լինելու:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում