Գլխավոր Լրահոս

Էրդողանի ուղերձը՝ «1915թ. իրադարձությունների» վերաբերյալ

Էրդողանի ուղերձը՝ «1915թ. իրադարձությունների» վերաբերյալ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ՝ տեղի ունեցածն անվանելով «1915թ. իրադարձություններ»: Էրդողանը 1915-ի դեպքերը որակելով Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ստեղծված իրավիճակի արդյունք՝ իր ուղերձում երևույթն անվանում է պարզապես «տեղահանություն»: Էրդողանի համոզմամբ՝ «ժողովրդավար Թուրքիան» բավականաչափ հասուն է և կարող է հանդուրժել ապրիլի 24-ին կայանալիք հիշատակման արարողությունները: Էրդողանի ելույթի ամենաուշագրավ հատվածներից է 1915թ. ընդհանրացումն ու կայսրության քաղաքացի թուրք, քուրդ, արաբ և ի վերջո հայ զոհերի «հավաքական ցավի ըմբռնումը»: Ներողությունից կամ Ցեղասպանության ընդունումից հեռու այս ուղերձը հավանաբար փորձ է 100-րդ տարելիցի նախաշեմին աշխարհին ցույց տալ Թուրքիայի քայլերը՝ միտված «բարեկամությանն ու խաղաղությանը»: Ուղերձը թուրքական կառավարության պաշտոնական էջում հրապարակվեց յոթ լեզուներով, այդ թվում՝ արևելահայերեն և արևմտահայերեն, կոպիտ սխալներով: Ստորև թուրքերենից թարգմանաբար ներկայացված է Էրդողանի ուղերձը:

Ապրիլի 24-ը, որը մեր հայ քաղաքացիների և աշխարհում գտնվող բոլոր հայերի համար հատուկ նշանակություն ունի, արժեքավոր հնարավորություն է ստեղծում նաև պատմական խնդրի մասին ազատորեն գաղափարներ կիսելու համար:

Չենք կարող հերքել, որ Օսմանյան կայսրության վերջին տարիները՝ անկախ մարդկանց կրոնական և էթնիկական ծագումից՝ թուրքերի, քրդերի, արաբների, հայերի և Օսմանյան կայսրության միլիոնավոր քաղաքացիների համար, ցավերով լի, դժվար ժամանակահատված էր:

Արդար և մարդկային արժեքները ստիպում են հասկանալ այդ ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր ցավերը՝ անկախ մարդկանց կրոնական և էթնիկական ծագումից:

Հետևաբար, ցավ քաշողի համար ոչ ցավերի հիերարխիայի ստեղծումը, ոչ էլ ցավերի համեմատումը նշանակություն չունի:

Ինչպես ասում են մեր պապերը՝ կրակը վառում է ընկած տեղը:

Ինչպես Օսմանյան կայսրության յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ հայերի ցավերի հիշատակումը, ըմբռնումն ու կիսումը մարդկային պարտականություն է:

1915-ի դեպքերի մասին տարբեր կարծիքների և տեսակետների ազատ արտահայտումն անհրաժեշտ է բազմակարծ դիրքորոշման, ժողովրդավար մշակույթի և ժամանակակից լինելու տեսանկյունից:

Թուրքիայում առկա այս ազատ միջավայրը շատ ժամանակ կարող է առիթ հանդիսանալ մեղադրանքների, վիրավորական և նույնիսկ սադրիչ արտահայտությունների և պնդումների համար:

Սակայն պատմական հարցերը իրավական հարթության մեջ ավելի լավ հասկանալն ու վիրավորվածությունը կրկին ընկերության վերածելը հնարավոր է այն դեպքում, երբ հանդուրժողականորեն ընդունենք այլ կարծիքներ, միևնույն ժամանակ, նույնն ակնկալենք մյուսներից:

Թուրքիայի Հանրապետությունը շարունակելու է հասուն կերպով մոտենալ համաշխարհային իրավական արժեքների հետ համահունչ յուրաքանչյուր գաղափարի:

Սակայն 1915թ. դեպքերը Թուրքիայի դեմ դուրս գալու համար որպես պատրվակ

օգտագործելն ու քաղաքական բախման թեմա դարձնելն անընդունելի է:

Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած դեպքերը մեր բոլորի ընդհանուր ցավն են: Այս ցավոտ պատմությանը արդար հիշողության տեսանկյունից մոտենալը մարդկային և գիտական պատասխանատվություն է:

Տարբեր կրոնների և ազգերի պատկանող միլիոնավոր մարդկանց զոհ դարձրած Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղահանության պես ոչ մարդկային հետևանքներ ունեցած դեպքերը չպետք է արգելք հանդիսանան թուրքերի և հայերի միջև զգացմունքային կամրջի ստեղծման ու փոխադարձաբար մարդկային կեցվածքի ցուցաբերման համար:

Ժամանակակից աշխարհում պատմությունից ելնելով թշնամանք և կռիվներ ստեղծելը անընդունելի է, ավելին՝ նպաստավոր չէ ընդհանուր ապագայի կերտման տեսանկյունից:

Ժամանակի ոգին պահանջում է խոսել՝ տարաձայնություններով հանդերձ, զրուցակցին լսելով՝ փորձել նրան հասկանալ, որոնել փոխհամաձայնության ուղիներ, դատապարտել ատելությունն ու արժևորել հարգանքն ու հանդուրժողականությունը:

Այս ըմբռնումով մենք՝ Թուրքիայի Հանրապետությունը, կոչ արեցինք 1915թ. դեպքերը գիտականորեն ուսումնասիրելու համար կազմել պատմաբանների հանձնաժողով: Այս կոչը դեռ արդիական է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների հետազոտությունները 1915թ. դեպքերի լուսաբանման և պատմության ճիշտ ըմբռնման տեսանկյունից կարևոր դեր են ունենալու:

Այս իմաստով մեր արխիվները բոլոր հետազոտողների համար բաց են: Մենք այսօր տրամադրում ենք մեր արխիվներում գտնվող փաստաթղթերը բոլոր պատմաբաններին:

Թուրքիան՝ որպես ապագային վստահությամբ նայող պետություն, մշտապես աջակցել է աշխատություններին, որոնք ուղղված են պատմության ճիշտ ըմբռնմանը: Անկախ էթնիկական և կրոնական ծագումից՝ հարյուրավոր տարիներ միասին ապրած Անատոլիայի մարդիկ՝ արվեստից մինչև դիվանագիտություն, պետական կառավարումից մինչև առևտուր, այսօր էլ տեր են այն ձիրքերին, որոնց օգնությամբ հնարավոր է նոր ապագա կերտել:

Այն հույսով և հավատով, որ հին և աննման մի տարածաշրջանի նման ավանդույթների տեր ժողովուրդները կարող են անցյալի մասին խոսել հասուն կերպով, կորուստները հիշատակել իրենց վայել կերպով, խաղաղ քուն եմ ցանկանում 20-րդ դարասկզբի իրավիճակի պատճառով իրենց կյանքը կորցրած հայերին և ցավակցություն եմ հղում նրանց թոռներին:

Նույն ժամանակահատվածում նման հանգամանքներում իրենց կյանքը կորցրած Օսմանյան բոլոր քաղաքացիներին՝ անկախ կրոնական և ազգային պատկանելությունից, ողորմածությամբ և հարգանքով ենք հիշատակում:

Թարգմանությունը՝ Ալին Օզինյանի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում